Ովքեր և ինչպես են սպառում մեդիան Հայաստանում. սոցհարցման արդյունքներով |civilnet.am|

civilnet.am։ Հայաստանցիները տեղեկատվության առավել շատ վստահելի աղբյուր են համարում ընտանիքը, ապա ռադիոն (նվազման կարգով), հեռուստատեսությունը և պաշտոնյաների ուղիղ եթերները (լայվերը):

Ամենաանվստահելի տեղեկատվության աղբյուր են համարվում հարևանները, որոնց հաջորդում են սոցիալական ցանցերը: Նման եզրակացության են եկել «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ»-ի (APR Group) հետազոտողները՝ Հայաստանում այս տարվա հունիսի 23-ից հուլիսի 9-ը անցկացված սոցիոլագիական հետազոտության արդյունքում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատվիրած, բոլոր մազերում 1200 մարդկանց շրջանում անցկացված «Հայաստանում մեդիայի սպառման և մեդիագրագիտության մասին» սոցհարցման նպատակն է եղել ուսումնասիրել են բնակչության հիմնական տեղեկատվության աղբյուրները, դրանց հանդեպ մարդկանց վստահությունը:

Առանձին դիտարկվել են, թե մարդիկ որքան են վստահում և ինչպես են օգտվում հեռուստատեսությունից, ռադիոյից, թերթերից, համացանցից (այդ թվում՝ սոցիալական ցանցերից և առցանց ԶԼՄ-ներից) ստացած տեղեկատվությունից և ինչպես են տարածում ու ստուգում ստացած տվյալները:

Այս բոլոր տվյալները դիտարկվել են ոչ միայն ըստ սոցիալական, սեռատարիքային և այլ խմբերի, այլև ըստ մարդկանց քաղաքական կողմնորոշումների՝ հասկանալու, թե արդյոք մեդիագրագիտությունն ունի փոխկախվածություն քաղաքական հայացքներից:

Հետազոտության համաձայն՝ տարիքի հետ հայաստանցիները ավելի շատ են հետաքրքրված լինում ներքին և արտաքին քաղաքականությամբ, տղամարդիկ ստացած տեղեկություններն ավելի շատ քննարկում են գործընկերների հետ, իսկ կանայք՝ ավելի շատ տարածում են սոցիալական ցանցերում:

Հարցվածները տեղեկատվության առավել շատ վստահելի աղբյուր են համարում (նվազման կարգով) ընտանիքը, ռադիոն, հեռուստատեսությունը և պաշտոնյաների լայվերը: Ամենաանվստահելի տեղեկատվության աղբյուր են համարվում հարևանները, որոնց հաջորդում են սոցիալական ցանցերը:

Ամենավստահելի հեռուստաընկերությունը հայաստանցիները համարում են Շանթը (26,6%), որին հաջորդում են Արմենիա TV-ն (21,5%) և Հանրային հեռուստաընկերությունը (13,7%), իսկ անվստահելիների ցանկը գլխավորում է 5-րդ ալիքը: Ընդ որում, հատկանշական է, որ ռուսաստանյան պետական հեռուստաալիքներին վստահողների թիվը (2,7-2,8%) էապես քիչ է դրանց դիտողների թվից (5,1-6,1%):

Ռադիոկայաններից ամենապոպուլյարը և ամենավստահելին Հանրային ռադիոն է, ապա Ազատություն ռադիոկայանը: Հայաստանցիները հիմնականում աշխատանքային օրերին են լսում ռադիո:

Տպագիր մամուլից ամենապոպուլյարը և ամենավստահելին «Հայկական ժամանակն» է, որին հետևում են «Առավոտն» ու «Հրապարակը»: «Հայկական ժամանակը» գլխավորում է վստահելի թերթերի ցանկը, իսկ «Իրավունքը»՝ անվստահելիների ցանկը:

Հետազոտությունը պարզել է, որ հայաստանցիների 74 տոկոսը օգտվում է համացանցից: Ընդ որում, բնակչության մոտ մեկ քառորդը համացանցում անցկացնում է օրական 3 ժամից ավելի: Համացանցից չօգտվողներն էլ, որպես այդ հանգամանքի պատճառ, հիմնականում նշում են հմտությունների կամ ցանկության բացակայությունը, իսկ օգտվողները հիմնականում (59%) համացանց են մտնում բջջային հեռախոսներով:

Սոցիալական ցանցերից տարածվածությամբ առաջինը Facebook-ն է, որին հետևում են Instagram-ը, ապա Odnoklassniki-ն: Սոցցանցերում տարածված նյութերը բացելու համար հայաստանցիների 56,3 տոկոսի համար կարևոր է դրա վերնագիրը, իսկ 12,9 տոկոսի համար՝ նկարը: Հարցվածների միմիայն 11,9 տոկոսն է նյութը բացելիս առաջնորդվում դրա տարածողին ճանաչել-չճանաչելով և 9,5 տոկոսը՝ տեղեկատվության աղբյուրին վստահել-չվստահելով:

«Սա պարարտ հող է ստեղծում տեղեկատվական դիվերսիաների համար»,- ընդունում է APR Group-ի ղեկավար Ռուբեն Սարգսյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերրի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Ամբողջական նյութը՝ civilnet.am-ում

x