Նախարարությունը պատրաստ է ստանձնել «Թռչունյան տուն» գիշերօթիկում խնամվող երեխաների խնամքը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտահոգ է «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխաների ճակատագրով և պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ստանձնել նրանց խնամքի հարցը:

Նախարարությունը մշակել է Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համալիր միջոցառումների ծրագիր, որի շրջանակներում նախատեսված է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական շուրջօրյա և գիշերօթիկ խնամքի հաստատությունների լուծարում՝ աջակցությունն ուղղելով, առաջին հերթին, այդ երեխաների ընտանիքներին և կանխարգելելով երեխաների մուտքը հաստատություններ, իսկ բոլոր այն դեպքերում, երբ դա հնարավոր չէ, ապահովել երեխայի հետագա խնամքը փոխարինող ընտանիքում՝ որդեգրման, խնամակալության կամ խնամատարության միջոցով։

Այս տեսանկյունից, «Թռչունյան տուն» երեխաների խնամքի ոչ պետական գիշերօթիկ հաստատության շուրջ ստեղծված իրավիճակը թեև խնդրահարույց է՝ գործընթացի չնախատեսված, անսպասելի և հախուռն բնույթից ելնելով, սակայն դրանում խնամվող երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման տեսանկյունից նոր հնարավորություն է ստեղծում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկել է խնդիրը ՀՀ Շիրակի մարզպետի հետ, ինչի արդյունքում արդեն մեկնարկել է հաստատությունում խնամվող երեխաների կարիքների գնահատման գործընթացը:

Կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը և ՀՀ կառավարության կողմից վարվող ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստակամ է ձեռնարկել քայլեր՝ «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունում գտնվող երեխաների հետագա խնամքը կենսաբանական ընտանիքներում կազմակերպելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ապահովել ժամանակավոր շուրջօրյա խնամք «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում և երեխաների խնամքի ցերեկային կենտրոններում:

x