ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 7] Գիշերն առաջին գրաֆիտիներն ենք անում

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

[օր 6] Օգնիր Սերժին գնալ թոշակի

< ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ

 

[Արմեն Գալջյան] Անկեղծ ասած սա այն օրերից է, որ չեմ կարողանում հստակ հիշել թե ինչ եմ արել և ինչ է տեղի ունեցել, երևի թե պատճառը այն է, որ գիշերել եմ տանը։ Երբ աչքերս բացեցի, արդեն մի տեսակ տարօրինակ էր, որ վրանի մեջ չէի։

[Անի Վարդանյան] Քննության չէինք։ Հետաձգվել էր երկուշաբթի։ Օրս փորձում էի տրամադրել կուրսային գրելու վրա, բայց չէր ստացվում։

[Սոնա Մնացականյան] Հոդվածիս վերջնական տարբերակը համարենք, թե կա․ Վահրամն ասում ա՝ կարելի ա էլի հղկել, բայց հավանում ա, որ բաժանել եմ հատվածների ու սեքսի վերնագրեր դրել, իսկ Թագուհին ասում ա, որ առաջին տարբերակն ավելի օրգանական էր։ Բայց ինձ լրիվ մեկ ա, որովհետև արդեն զզվել եմ նյութից էլ, գրելիքից էլ։ Ուղարկում եմ Արմենին, որ թարգմանի։

[Անի Վարդանյան] Քայլարշավին շատ քիչ էի հետևում։ Հիմնականում քիչ թվով քոմենթներ էի կարդում՝ մարդկանց տրամադրվածությունը հասկանալու համար։ Լավ արձագանքներ կային, վատերն էլ, հուսահատություն էլ կար, թերհավատություն։ Երևի մարդիկ իրոք չէին պատկերացնում, որ դա նոր ուղու սկիզբ էր։ Ես էլ չէի պատկերացնում։ Անգամ մտքիս ծայրով չէր անցնում։

[Թագուհի Ղազարյան] Արդեն բոլոր փաստարկները, թե ինչու պիտի ներգրավվել շարժմանը, հավաքած, կազմ-պատրաստ ունեմ: Առավոտից երեկո ինչ-որ նամակագրությունների ու հեռախոսազրույցների մեջ եմ, որտեղ նույն բանն եմ փորձում համոզել: Հետո գրում եմ ընկերուհուս՝ Անիին. «Ան, գիտես, չէ՞, ուշ ա, ոչինչ չի ստացվելու: Շատ ենք ուշացրել: 12 օրից վարչապետ ա դառնալու»: «Բա ինչի՞ ես քեզ անիմաստ կոտորում»: «Խղճիս հանգստության համար, չեմ ուզում չստացվելուց հետո ինքս ինձ ասեմ՝ բայց այ, տես, կարող էիր փորձել, կարող էիր մի բան անել, բայց չուզեցիր, չարեցիր, ալարեցիր, ծուլացար: Ուզում եմ չստացվելուց հետո ինքս ինձ ասել՝ դու դրանից ավելին ոչինչ անել չէիր կարող, դու արել ես ամենը, ինչ քեզնից էր կախված»: «Հասկանում եմ»,-ասում ա Անին: Չգիտեմ՝ հասկանո՞ւմ է, թե՞ չէ:

[Միքայել Նահապետյան] Նիկոլը եթերում հայտարարում է պատգամավորներին իրենց տներում բլոկադայի ենթարկելու մասին` միևնույն ժամանակ ընդգծում, որ դա պիտի զուգորդվի ընտանիքի անդամների հանդեպ ընդգծված բարյացակամ վերաբերմունքով, փոքրիկներին կոնֆետներ տալով, խաղաղ, ոչ բռնի, թավշյա։ Օրվա երկրորդ կեսին պատգամավորներից մի քանիսը էս հայտարարությանը զենք ու զոռով են սպառնում... թե բա միայն թուրքը՜... հարայ, հուրայ։ Բայց արդեն պարզ էր, որ «կլիենտ գատով»` այսինքն «ազգընտիրները» սկսել են զգալ «որոշողը ես եմ» բեռի ծանրությունը։

[Սոնա Մնացականյան] Գրադարանից վերցրած գրքերը տանում եմ հանձնելու, հետո իջնում եմ Ազգագրության ինստիտուտ, հոդվածի քննարկում ունենք։ Երկար չեմ մնում․ Քրիսի հետ պայմանավորված եմ։ Հասնում եմ տուն, 8։30 զանգում ա, խոսում ենք իմ ճամփորդության, իրեն այցելելու մանրամասների մասին։ Վաշինգտոնում մնալուս տեղը ճարել ա, ասում ա՝ Նյու-Յորք էլ կգնանք, ոգևորվում եմ ոչ միայն նոր քաղաքներում լինելու հեռանկարից, այլև նրանից, որ ճամփորդության հոգսերը սահմանափակվելու են թռիչքներով։ Լավ բան ա հոգատար ընկերներ ունենալը։

[Թագուհի Ղազարյան] Երեկոյան ես ու Անին կենտրոնում ընկնում ենք իրազեկման ակցիայի մեջ ու միանգամից ներգրավվում: Անին անտարբեր է, միշտ է անտարբեր եղել քաղաքականության հետ կապված հարցերում: Իրազեկող էրեխեքից «Իմ քայլի» բուկլետները վերցնում է ու բաժանում ճանապարհին իրեն հանդիպած ոստիկաններին:

Ուշ երեկոյան Ազատության հրապարակում դեռևս դրված են նախորդ օրվա դրամահավաքի տարաները: Մարդիկ գնում-գալիս, կոպեկներ են գցում: Մոտենում եմ, տեսնում, որ միայն 10 ու 20 չէ, մեծ կոպեկներ էլ կան, նույնիսկ՝ թղթադրամ: Քանի որ գրելու այլ հարմարանք չկա ձեռքիս տակ, վերցնում եմ կարմիր շրթներկս ու Սերժի նկարով տրաֆարետի վրա, որն ըստ էության դեռ երկար պիտի մնար էդտեղ, իրազեկում առաջիկա ակցիայի մասին, հիմա լավ չեմ հիշում՝ ամսի 9-ի՞, թե՞ 13-ի հանրահավաքի մասին գրառում եմ անում:

[Արմեն Գալջյան] Արդեն սկսվել էին իրազեկման ակցիաները՝ Երևանում գտնվող մեր ընկերները քաղաքի կենտրոնի տրամադրությունները պատրաստում էին մեր գալստյանը համահունչ։ Կարծում եմ ապրիլի 13-ի մարդաշատությունը պայմանավորված էր նաև քայլարշավի ընթացքում Երևանում տեղի ունեցող գործընթացներով։

Քայլարշավի ընթացքում գրեթե ինտերնետ չէի մտնում և տեղյակ չէի թե ինչ են գրում մամուլում այս մեկ օրը հիմնականում օգտագործեցի այդ նպատակով և տպավորությունս այն էր, որ մարդիկ հավատում են մեր անկեղծությանը, բայց ոչ մեր հաջողությանը։ Երևի հենց դա զգալով որոշեցինք ճանապարհին և Երևան մտնելուն պես իրականացնել որոշ գործողություններ որպեսզի մարդիկ սկսեն հավատալ նաև մեր վճռականությանը և հաջողության հասնելու իրական հնրարավորությանը։

[Թագուհի Ղազարյան] Գիշերն առաջին գրաֆիտիներն ենք անում: Հովհաննեսը մեզ համար Սերժի դեմքով տրաֆարետ է սարքել, ներքևում գրած՝ «ՄերժիրՍերժին» և «Գնա տուն»: Ես եմ, Արմենը, Դավիթը, Սոսը, Արենը: Արենը դժվարությամբ է քայլում, ոտքն է վնասել: Արենին էդ օրերին ինչքան հիշում եմ, միշտ վնասվածքով է: Հետո ամսի 12-ին մեքենայի հարվածից ուղեղի ցնցում է ստանալու: Հետո ամսի 16-ին Բաղրամյան պողոտայում երկրորդ ցնցումն է ստանալու ձայնային պայթուցիկից: Բայց համառորեն «արձակուրդ» չի վերցնում: Ասում է՝ հեղափոխությունից «արձակուրդ» վերցնել չկա: Հետո կհանգստանամ: Իսկ եթե անկեղծ լինենք, Արենը մինչև հիմա էլ էդպես էլ չի հանգստացել: 

Միշտ ինչ-որ բան խանգարում է, միշտ ինչ-որ բան հրատապ է: Գրաֆիտիները կենտրոնում ենք անում, սկզբում ինչ-որ մութ անկյուններում: Փչում ենք, արագ հեռանում, Արմենը սպասում, նկարում է, մենք հորդորում ենք, որ շտապի. վտանգավոր է: Արենը անընդհատ հետ է ընկնում ոտքի վնաստվածքի պատճառով: Առաջին մի քանի գրաֆիտիից հետո, երբ արդեն ճանապարհել ենք զգուշավոր Հովհաննեսին, ով որպես դեռևս սովետի ժամանակ գրաֆիտի արած մեկը բավականին երկար գրաֆիտիական կենսագրություն ունի, հետևաբար՝ երկար փորձառություն և երկար փորձանքների մեջ ընկնելու պատմություն, ուրեմն՝ Հովհաննեսին ճանապարհելուց հետո սկսում ենք ավելի համարձակ դառնալ, Երևանի կենտրոնական փողոցներում ու ընդհուպ մինչև Հյուսիսային պողոտայում ենք փչում #ՄերժիրՍերժին:

Մի խումբ տղաներ, որ էդ ժամին անցնում են էդտեղով, մեր հեռանալուց հետո մոտենում են գրաֆիտիին, ոտքները դնում պատկերին ու լուսանկարվում: Առաքելությունը բարեհաջող ավարտելուց հետո «Կարասի»-ից (գիշերվա էդ ժամին միակ աշխատող սննդի կետն է, որ մտքովս անցնում է) ուտելու բան եմ վերցնում ու շտապում ընկերներիցս մեկի՝ Քրիստիանի մոտ, որի Պռոշյանի փողոցի վրա մեկուկես-երկու ամսով վարձած տունը դառնալու է իմ հեղափոխական ապաստանը:

[Միքայել Նահապետյան] Գիշերը Լալայանը բառի բուն իմաստով հագցրեց արագաչափերից մեկը ու ֆեյսբուքը պայթեց)))

ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>
[օր 8] Կարգախոսը՝ ոստիկանական բաժնի վրա

x