«Մեր գնացքը շարժվում է ճիշտ ուղղությամբ».Արարատ Միրզոյանը՝ 2020թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի մասին |armenpress.am|

armenpress.am:    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը չի պնդում, որ 2020թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը երազանքների նախագիծ է, բայց այն համարում է վառ ապացույց, որ գնացքը շարժվում է ճիշտ ուղղությամբ:Այս մասին Միրզոյանն ասաց նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

«Եթե ես բնութագրեի կառավարության կարգախոսը, որով առաջնորդվում է կառավարությունն իր տնտեսական քաղաքականությունն իրականացնելիս, ես պետք է մեջբերեի երկու բառ՝ մասնակցայինություն և ներառականություն: Իմ ընկալմամբ, հենց այս երկու բառերով է առաջնորդվում կառավարությունը: Սա չի նշանակում, որ մենք տեղ ենք հասել և ունենք մեր երազանքների բյուջեն, և այդպիսի բան երբեք չի կարող լինել, բայց այս բյուջեն շատ վառ ապացույց է, որ մեր գնացքը ճիշտ երկաթգծերի վրա ենք դրել, և ընթանում ենք ճիշտ ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ այս բյուջեն հեղափոխական չէ, և իրենք դեմ են քվեարկելու 2020թ. պետական բյուջեի նախագծին:

ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստերում բյուջեի քննարկումը մեկնարկել է նոյեմբերի 13-ին:

Նոյեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս բյուջեն այլ կերպ չի կարող համարվել, քան հեղափոխական:

x