ԲՀԿ-ն կքննարկի ԿԳՄՍ նախարարի հրաժարականին միանալու հնարավորության հարցը |pastinfo.am|

pastinfo.am: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նախարարության շենքի առջեւ երիտասարդների անժամկետ նստացույցը շարունակվում է։

Քիչ առաջ նստացույցի մասնակիցներին են այցելել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանն ու Գեւորգ Պետրոսյանը։ Երիտասարդները նրանց հանձնեցին խորհրդարանական խմբակցություններին ուղղված իրենց նամակը։

«Մենք պատասխանատու քաղաքական ուժ ենք եւ անպայման հարկ համարեցինք տեսնել, թե ինչ է կատարվում այստեղ»,-հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Նա ընդգծեց, որ իրենց կուսակցության ու անձամբ Գագիկ Ծառուկյանի համար հայկական ավանդույթները, Հայոց եկեղեցին, հավատը ընտանիքը, պատմությունը, ամեն ինչ, ինչը Աբովյանի ձեւակերպմամբ, Հայոց է, եղել է, կա եւ մնում է անբեկանելի սրբություն։

Արման Աբովյանն ասաց, որ իրենց ուղղված որեւէ դիմում անարձագանք չի մնում։

Նա ասաց, որ ակնկալում են ԿԳՄՍ նախարարի հանդիպումը երիտասարդների ու դասախոսների հետ, ինչը պետք է լինի բաց, հրապարակային։

Հարցին, արդյո՞ք սա նշանակում է, որ ԲՀԿ-ն չի բացառում Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ ներկայացնելու հնարավորությունը՝ Արմեն Աբովյանը պատասխանեց. «Առայժմ առանց մեկնաբանության կթողնեմ հարցը, քանի որ լինելով ԲՀԿ խմբակցության քարտուղար, իրավունք չունեմ պատասխանել առանց հարցի քննարկման»։

Նա ասաց, որ ԲՀԿ-ի դիրքորոշումն այս հարցում կախված կլինի նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ուսանողների եւ դասախոսների ակնկալվող հանդիպման արդյունքներից։

Վերցնելով խմբակցությանն ուղղված երիտասարդների նամակը՝ նա հայտարարեց. «Յուրաքանչյուր նորմալ հայ մարդու համար կան կարմիր գծեր»։

Հիշեցնենք, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը դիմել է ՀՀ ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսելու առաջարկով։

x