Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործընթացը շարունակվում է ուղիղ եթերով |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցով Ներկայացուցիչների պալատում սկսված գործի շրջանակներում ուրբաթ օրը հանդես եկավ Ուկրաինայում դեսպանի պաշտոնից մայիս ամսին ազատված Մարիե Յովանովիչը: Վերջինս հետ էր կանչվել Վաշինգտոն այն բանից հետո, երբ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին սկսել էր Յովանովիչի խոսքերով, «կեղտոտ պայքար» իր դեմ:

Ուղիղ եթերով հեռարձակվող լսումների բացման իր խոսքում հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը հայտարարեց, թե Յովանովիչի դեմ «կեղտոտ արշավի» հեղինակը ինքը` Թրամփն է:

Հանրապետական կոնգրեսականները, ի դեմս Դեյվին Նյունեսի, այս լսումները նորից դատապարտելով, հայտարարում են, թե դեմոկրատների նպատակը Թրամփին պաշտոնից ամեն գնով հեռացնելն է:

Իսկ երբ Յովանովիչը հանդես էր գալիս վկայություններով, Ադամ Շիֆը մի պահ ընդհատեց նրան ու ընթերցեց հենց լսումների ժամանակ Թրամփի կողմից կատարված թվիթերյան գրառումն այն մասին, որ «Ուր որ Մարիե Յովանովիչը գնացել է, գործերը տապալել է»:

Այլ հաղորդագրությունների համաձայն, ԱՄՆ-ի դատախազները հետաքննություն են սկսել ընդդեմ Ռուդի Ջուլիանիի կապված ֆինանսական խախտումների հետ:

Դեմոկրատները հույս ունեն, որ լսումները հեռուստատեսությամբ հեռարձակելու հանգամանքը կարող է մեծացնել իրենց կողմից հարուցված գործի նկատմամբ հասարակական աջակցությունը: Այս մասին է ասում քաղաքական վերլուծաբան Սյուզըն Լո Բլոչը: Իսկ վերջին հասարակական հարցումները ցույց են տալիս, որ երկիրը մեծապես բաժանված է այս հարցում:

Վերլուծաբան Ռամեշ Փոնուրուի խոսքերով, այդ գործընթացը դեռեւս հստակեցնում է կուսակցությունների նկատմամբ առկա աջակցությունը, իսկ իմփիչմենթի ամբողջ արդյունքը կերեւա եկող նախագահական ընտրտություններում:

«Եթե դեմոկրատներն ուզում են այս գործընթացը տանել մինչեւ վերջ, պիտի կարողանան ապահովել երկկուսակցական աջակցություն», - ասում է վերլուծաբաններից Ջոն Ֆորթիերը: Որեւէ նախագահի պաշտոնից ազատելու համար, հարկավոր է, որ երկու կուսակցություններում էլ ճնշող մեծամասնությունն աջակցի իմփիչմենթին: Այդ պատճառով է, որ դեմոկրատներն այսօր ուզում են ստանալ հասարակության ավելի մեծ մասի աջակցությունը, որպեսզի այն փոխանցվի իրենց ընտրած կոնգրեսականներին:

Ռիչարդ Նիքսոնը հրաժարվեց պաշտոնից 1974 թվականին, մինչեւ իմփիչմենթի ենթարկվելը, քանի որ ակնհայտ էր հասարակական կարծիքի մեծ տեղաշարժ դեպի իրեն պաշտոնանկ անողների կողմը: Բիլ Քլինթոնին Սենատը չկարողացավ ենթարկել իմփիչմենթի, քանի որ հասարակության մեծ մասը մերժում էր պաշտոնից նրան ազատելու հանրապետականների ջանքերը:

x