Կարեն Զադոյանը դադարեցրել է Հանրային խորհրդին անդամակցությունը

Սույն թվականի նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել երեք հարց.


1) ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության ոլորտերի հստակեցման, ենթահանձնաժողովների կազմավորման համար պատասխանատուների ընտրության և հանձնաժողովի առաջիկա աշխատանքներին առնչվող հարցերի քննարկում:

2) 2019 թվականի նոյեմբերի 7-ին ՀԽ նիստում պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի կողմից արված հայտարարության քննարկում:

3) ՀԽ-ում ստեղծված իրավիճակի քննարկում և ՀԽ հետագա գործունեության արդյունավետության բարձրացման ուղղված հարցերի քննարկում:

1) Օրակարգային համարվող առաջին հարցի քննարկման արդյունքում հանձնաժողովի անդամները, հաշվի առնելով ՀԽ կանոնադրությամբ սահմանված պետաիրավական հարցերի հանձնաժողովի գործունեության ոլորտները, նպատակահարմար են համարել առանձնացնել ներքոնշյալ ենթահանձնաժողովների գործունեության տիրույթները և նշանակել են այդ ենթահանձնաժողովների կազմավորման պատասխանատուներին:

Դրանք են.

· Իրավական մշակույթի ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Խաչատուր Մարոզյան)

· Իրավական իրազեկության ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Արզուման Հարությունյան)

· Անցումային արդարադատության ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Դավիթ Ալեքսանյան)

· Ընտրական ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Գերասիմ Բարսեղյան)

· Կոռուպցիայի դեմ պայքարի ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Տիգրան Մաթևոսյան)


2) Օրակարգային համարվող երկրորդ հարցով քննարկվել է սույն թվականի նոյեմբերի 7-ին ՀԽ-ի նիստում ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հրաժարական տալու հայտարարությունը: Չնայած հանձնաժողովի անդամների կողմից պրն Զադոյանի աշխատանքն արդյունավետ գնահատելուն և կոչերին չպնդել իր հրաժարականը, այնուամենայնիվ, պրն Զադոյանը hավատարիմ մնալով նոյեմբերի 7-ին ՀԽ-ում իր կողմից ստանձնած հանձնառությանը, դիմում ներկայացրեց ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի (ՀԽ անդամի) լիազորությունների դադարման մասին,

3) Օրակարգային համարվող երրորդ հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը կարևորել են ՀԽ-ի դերի վերարժևորումը, կառույցը մոդեռնիզացիայի ենթարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ներգրավմամբ ՀԽ-ի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքային քննարկումների անցկացումը. ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դիմել է ՀՀ վարչապետին, հանրային խորհրդին և բոլոր շահագրգիռ կողմերին` հանրային խորհրդի վերաարժեորմանը, խնդիրներին, մոդեռնիզացիայի իրականացման անհրաժեշտությանն ու աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված աշխատանքային քննարկում կազմակերպելու առաջարկով:

 

x