Ամուլսարի հարցը լուծված է. դրա վերաբացումը կլուծի իշխանության հարցը․ Սասնա Ծռեր

Սասնա Ծռեր համահայկական շարժումը հայտարարություն է տարածել՝

Ամուլսարի հարցը լուծված է. դրա վերաբացումը կլուծի իշխանության հարցը։ 

Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի վերսկսման նպատակով գործող իշխանության քայլերը լայն հանրության համար բացահայտեցին հետևյալը.
1)ծրագրի իրագործումը անդառնալի բնույթի աղետալի հետևանքներ է ունենալու ոչ միայն Ամուլսարին հարակից բնակավայրերի, այլև Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքի ջրային համակարգի և բնակչության համար՝ առաջացնելով հայրենաբնակ հայության և Հայրենիքի լինելության սպառնալիք,
2)ոչ միայն Ամուլսարին հարակից Ջերմուկ քաղաքի և մյուս բնակավայրերի բնակիչները, այլև Հայաստանում և արտերկրում ապրող ակտիվ հայությունը դեմ է այդ ծրագրին:
Թվում էր, թե գործող իշխանությունը նույնպես հասկացել է այս ակնհայտ իրողությունները:
Մինչդեռ գործող իշխանությունը, Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի կոռուպցիոն շղթան բացահայտելու ու ծրագիրը փակելու և այն իրագործող ընկերությանը պատասխանատվության կանչելու փոխարեն համառորեն փորձում է տարատեսակ հնարքներով ջլատել Ջերմուկի և հարակից բնակավայրերի բնակիչների դիմադրությունը:
Իշխանությունը կարծում է, որ տեղի բնակիչներին պառակտելուց և նրանց դիմադրությունը կոտրելուց հետո կարող է բացել դեպի Ամուլսար տանող ճանապարհները, ինչից հետո արդեն կարող է սովորության համաձայն վկայակոչել նախորդ ապազգային և հանցավոր ռեժիմի օրոք ընդունված ապօրինի «օրենսդրությունը» և ապահովել հանքի բացումն ու շահագործումը:
Ստիպված ենք հերթական սթափության կոչը հղել նման պարզունակ մարտավարությամբ առաջնորդվող իշխանությանը և հիշեցնել, որ Ամուլսարի ծրագրի դեմ դիմադրությունը վաղուց այլևս համազգային է, ուստի նույնիսկ տեղի բնակիչների ակտիվ դիմադրությունը չեզոքացնելու պարագայում հնարավոր չի լինելու մեկնարկել այն:
Ամուլսարի հարցը համազգային ընկալման մեջ լուծված և փակված է: Դրա վերաբացման փորձը կառաջացնի համահայկական մասշտաբի դիմադրություն, որն ի վերջո կհանգեցնի իշխանության ճգնաժամի:

x