Գյումրու նոր մաքսատանը մեկնարկեց ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը |armenpress.am|

armenpress.am: Գյումրու նոր մաքսատունը նոյեմբերի 18-ից սկսած շահագործման կհանձնվի փուլ առ փուլ: Մինչ կառույցի ամբողջական շահագործումը, նոյեմբերի 18-ից, մաքսատանը մեկնարկեց ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը:


Գործընթացի առաջին օրը, մի քանի ժամերի ընթացքում, նոր մաքսատանը մաքսազերծվել է ավելի քան 100 ավտոմեքենա: Նոյեմբերի 18-ից սկսած սահմանը հատած ավտոքարշակներով մեքենաները ևս կմաքսազերծվեն Գյումրիում:Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց մաքսային ծառայության գնդապետ, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, մաքսատունն ամբողջովին պատրաստ է նաև ավտոքարշակների սպասարկումն իրականացնել, իսկ նոյեմբերի 25-ից նաև բեռնարկղերով ներմուծվող: «Նոր մաքսատունը պատրաստ է նաև ավտոքարշակներով մեքենաներին սպասարկել, իսկ նոյեմբերի 25-ից, ինչպես հայտարարել էինք, ամեն ինչ անելու ենք, որ սպասարկենք սահմանը բեռնարկղերով հատած մեքենաները: Դրանք միակն են, որ մնացել են սպասարկվելու Երևանում: Այն պահից, երբ դրանք էլ կտեղափոխենք այստեղ, կարող ենք հայտարարել, որ մեքենաների մաքսազերծման ամբողջ գործընթացը տեղափոխեցինք Գյումրինշեց Շուշանիկ Ներսիսյանը՝ տեղեկացնելով, որ Նորագավիթի մաքսատունը կգործի մինչև տարեվերջ: «Մինչ այս սահմանը հատած ավտոմեքենաները, որոնց նշանակման վայրը եղել է Երևանը, կմաքսազերծվեն Նորագավիթում: Կարծում եմ, դրա համար Նորագավիթը կշարունակի գործել մինչև տարեվերջ»,- հավելեց նա:

Թեև կառույցի շինարարությունը դեռ ամբողջովին ավարտված չէ, արդեն իսկ գործող շենքային պայմաններն ու աշխատակիցների մեծ թիվը բավարար է արագ գործընթացն իրականացնելու համար: Նոր մաքսատանը միայն ավտոքարշակների սպասարկման համար կա 12 ձևակերպող տեսուչ: «Այստեղ, հավելյալ գործառույթ տեղափոխելու դեպքում խնդիր չենք ունենա, տարածքը մեծ է, կադրային ռեսուրսների առումով ամբողջ ծավալով ևս կարող ենք աշխատել»,-նշեց Շուշանիկ Ներսիսյանը: Անդրադառնալով մաքսազերծման ծավալներին՝ պատասխանատուն տեղեկացրեց, որ ամբողջ գործընթացը Գյումրի տեղափոխվելու դեպքում օրական հազար մեքենա կարող է մաքսազերծվել. ներկայումս հենց այդքան մեքենա հատում է սահմանը: «Սա նաև մեր Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի մեկնարկն է, իսկ արտաքին տնտեսական գործունեության կենտրոն նախատեսում ենք ունենալ 2-ը՝ հյուսիսում և հարավում»,- հավելեց նա:

x