Չպետք է կամային որոշել՝ շահագործել Ամուլսարի հանքը, թե չշահագործել. Միքայել Զոլյան |lragir.am|

lragir.am: Ազգային ժողովի պատգամավորներն ու կառավարության անդամները Ջերմուկ և Գնդեվազ համայնքներում հանդիպել են բնակիչների հետ՝ քննարկելով Ամուլսարի հանքավայրի հետ կապված հարցերը։ Հանդիպման մասնակիցներից ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը մանրամասներ ներկայացրեց քննարկումից։

«Քննարկման նպատակն այն էր, որ երկխոսություն լինի կառավարության անդամների, Ազգային ժողովի պատգամավորների և բնակիչների միջև, որպեսզի բնակիչները կարողանան իրենց հուզող հարցերը բարձրացնել, կառավարությանն իրենց տեսակետները ներկայացնեն»,- ասաց նա։

Զոլյանը նշեց, որ հիմա անհրաժեշտ է, որ Ամուլսարի հանքավայրի հարցով պետությունն իր գործառույթը կատարի և մտահոգությունների վերաբերյալ եզրակացություններ անի՝ կամ դրանք անհիմն են, կամ հիմնավոր։

«Սա գործընթացն է, որը պետությունն իրականացնում է։ Մենք՝ որպես Ազգային ժողով, պետք է մի կողմից օգնենք պետությանը՝ իրականացնելու իր գործառույթը, մյուս կողմից ՝ քաղաքացիներին, որպեսզի նրանց ձայնը լսելի լինի, միաժամանակ վերահսկենք, թե ինչպես է պետությունն այդ վերահսկողական գործառույթն իրականացնում»,- ասաց Զոլյանը։

Նրա խոսքով՝ քննարկման ժամանակ Ջերմուկի բնակիչների մեծ մասը դեմ են արտահայտվել հանքավայրի շահագործմանը։ «Ես հիմա չեմ ուզում իրենց փոխարեն խոսել, բայց նրանց մեծ մասը դեմ էին արտահայտվում։ Իրենք ունեին իրենց մտահոգությունները, մարդիկ այնտեղ են ապրում և այս հարցն իրենց համար սուր է։ Մենք էլ մեր կողմից ասում էինք, որ մեզ էլ է մտահոգում այս խնդիրը։ Եվ մենք իրոք ուզում ենք, որ ճշմարտությունը բացահայտվի»,- ասաց նա։

Միքայել Զոլյանն ասաց, որ եթե մտահոգությունները հաստատվեն, հանքավայրի շահագործումը բացառվում է։ «Այն խնդիրները, որոնց մասին խոսվում էր, մտահոգություններ էին հայտնվում, այդ թվում՝ իմ կողմից, եթե այդ ամեն ինչը ապացուցվի, մենք իմանանք, որ իրոք այդ մտահոգությունները կան, ես բացառում եմ հանքավայրի շահագործումը։ Հասարակության կողմից տարբեր մտահոգություններ են բարձրաձայնվել, պետությունը պետք է դրանց վերաբերյալ իր եզրակացությունը տա։ Այդ բոլոր մտահոգությունների շուրջ պետությունը պետք է իր խոսքն ասի, դրա հիման վրա որոշումներ կայացնի»,- ասաց նա։

Շարունակությունը՝ lragir.am-ում

x