Մենք պետք է քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու ուղղությամբ լուրջ միջոցներ ձեռնարկենք․ Արմեն Խաչատրյան |lragir.am|

lragir.am։ Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ։

Պարոն Խաչատրյան, քրեական ենթամշակույթի և քրեական հեղինակությունների դեմ պայքարի օրինագիծն արդեն ԱԺ լիագումար նիստի օրակարգում է և կարծես դիմադրության է հանդիպում։ Օրերս տեղեկություն եղավ, որ նախագծի հարակից զեկուցող պատգամավորին են սպառնացել, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը կոշտ արտահայտվեց նախագծի մասին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբոինից կոշտ նախազգուշացրեց քրեական ենթամշակույթը պաշտպանողներին։ Այսինքն՝ կան շրջանակներ, որոնք կարող են դիմադրությո՞ւն ցուցաբերել այս օրենքի ընդունման հարցում։

Հուսով եմ, որ նման շրջանակներ չեն լինի, որովհետև որևէ տրամաբանության մեջ չի մտնում, որ քաղաքական շրջանակները, պատգամավորները, պաշտոնատար անձինք և օրինապահ քաղաքացիները կարող են դեմ լինել այս նախագծին։ Մենք պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում և հարևան Վրաստանում արդեն ընդունվում են նմանատիպ օրենքներ, և եթե մենք չընդունենք այսօր, Հայաստանի Հանրապետությունը կդառնա բերանպաստ միջավայր քրեական ենթամշակույթի զարգացման ավելի բարձր մակարդակի վրա գտնվելու համար։ Լավագույն դեպքում ՀՀ-ն կարող է դառնալ տրանզիտ գոտի։

Հետևաբար, մենք նաև պարտադրված ենք այսպիսի նորմ ընդունելու։ Բացի այդ, մենք պետք է այս ենթամշակույթն արմատախիլ անելու ուղղությամբ լուրջ միջոցներ ձեռնարկենք։ Ես կասեմ մի հետաքրքիր բան՝ հենց այդ ենթամշակույթը կրող անձինք աշխատում են, որ իրենց երեխաները, սերունդները երբևէ չթաթախվեն այդ քրեածին միջավայրում։

Մենք բոլորս էլ ծանոթ ենք շատ մարդկանց կյանքին, կրկնում եմ, այդ ենթամշակույթը կրող շատ անձինք ջանում են, որպեսզի իրենց սերունդները երբևէ չառնչվեն այդ մշակույթի հետ։ Էլ ուր մնաց, որ ինչ-որ շրջանակներ և մարդիկ կարող են դեմ արտահայտվել, սա ուղղակի աբսուրդ կարող է լինել։

Գուցեև լինեն նման անձինք, ովքեր կընդդիմանան, բայց ես դա աբսուրդ կհամարեմ։ Ինչպե՞ս կարելի է ստեղծել պետական կառույցներ, հսկայական միջոցներ ծախսել այդ կառույցները պահելու համար, որպեսզի դրանք պայքարեն հանցավորության դեմ, մենք հետևենք, որպեսզի նրանք լավ աշխատեն, բայց մյուս կողմից էլ խրախուսենք, ասենք՝ թող քրեական ենթամշակույթը լինի։

Հենց ենթամշակույթը եղավ, արդեն կլինեն որոշակի հիերարխիկ կառույցներ, որոնք կխրախուսեն ու կքաջալերեն հանցագործությունները։ Ուղղակի անհասկանալի է ու որևէ քննադատության չի կարող դիմանալ նման դիրքորոշումը։

Վարչապետի նախազգուշացումը ո՞ր շրջանակներին էր ուղղված։

Վարչապետի այդ դիրքորոշումը ես գնահատում եմ որպես պրոֆիլակտիկ զգուշացում, որպեսզի այն մարդիկ, ովքեր նման մտադրություններ ունեն, երբևէ քայլ չանեն, որովհետև իրավական դաշտում գնահատական է տրվելու նրանց արարքներին։ Այո, պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հասցեին եղել են նման անուղղակի դրսևորումներ, սպառնալիքներ, ինչին մենք շատ ուշադիր հետևում ենք։

Նման դեպքերի կրկնվելու դեպքում անպայման շատ կոշտ արձագանք կտրվի։ Մենք ուղղակի չենք կարող որևէ կերպ հանդուրժել քրեական, քրեածին հանցավոր միջավայրը, առավել ևս չենք կարող քաջալերել ու հանդուրժել, որպեսզի այդ միջավայրը գոյություն ունենա և ավելի զարգանա։ Դա որևէ պետության տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել։

Ես հույս ունեմ, որ այս ուղերձներն այդ շրջանակների կողմից կընդունվեն։ Եթե հանկարծ ինչ-որ մարդկանց կողմից էլ չընդունվեն, դա արդեն իրենց խնդիրն է, ուրեմն իրենք հարում են այդ քրեական ենթամշակույթին, իրենք էլ պատրաստ են ինչ-որ հակաօրինական քայլերի դիմել։ Արձագանքը լինելու է միայն իրավական դաշտում և շատ կոշտ։

Շարունակությունը՝ lragir.am-ում

x