Հեղափոխությունից հետո վիզաների դիմումների բացասական պատասխանների քանակը խիստ կրճատվել է. ԱԳ փոխնախարար |tert.am|

tert.am: Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառավարության և Դանիայի թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացրեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հետաքրքրվեց, թե արդյոք ունեն վիճակագրություն, թե երբ են նման համաձայնագրեր ընդունվել, վիզա դիմողների և ստացածների թվում ինչ փոփոխություն է լինում: Փոխնախարարը նշեց, որ թեև այս պահին չի կարող վիճակագրությունը ներկայացնել, սակայն ասաց.

«Ես կարող եմ միանշանակ ասել, որ հեղափոխությունից հետո վիզաների համար դիմումների բացասական պատասխանների քանակը խիստ կրճատվել է»: Նա նշեց, որ դա առաջին հերթին այն հանգամանքով է պայմանավորված, որ վիզաների տրամադրման նախապայմաններից մեկն է նաև երկրում տիրող ներքին իրավիճակը, ժողովրդավարության վիճակը:

«Կան առանձին երկրներ, որտեղ, այնուամենայնիվ, կան խնդիրներ, բայց լիահույս ենք, որ մինչև տարվա վերջ դրանք կլուծվեն: Հիմնականում Եվրոպական միության ինստիտուտները այսօրվա դրությամբ շատ գոհ են, և այդ գոհունակությունը բարձրաձայնվել է եվրոպական հանձնաժողովի նախագահի կողմից»,-ասաց նա:

Հարակից զեկուցող արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը հայտնեց, որ նախագծով նաև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզայի պահանջը հանվում է:

x