«Թրամփն անձամբ է կարգադրել սառեցնել Ուկրաինային օգնության տրամադրումը». Դևիդ Հեյլ |tert.am|

tert.am: Ուկրաինային տրամադրվող ֆինանսական և ռազմական աջակցության սառեցումն անձամբ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունն է եղել։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում փակ լսումների ժամանակ հայտարարել է պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Դևիդ Հեյլը, գրում է ТАСС գործակալությունը։

Նշվում է, որ լսումների սղագրությունը հրապարակվել է նոյեմբերի 18-ին, իսկ նիստը տեղի է ունեցել ամսվա սկզբին։ Լսումների ընթացքում դիվանագետը ցուցմունք է տվել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք հանձնաժողովի անդամներին ԱՄՆ նախագահի պաշտոնանկության գործընթացի շրջանակում։

Հեյլի խոսքով՝ Թրամփը Սպիտակ տան վարչաբյուջետային վարչությանը ցուցումներ է տվել Ուկրաինային աջակցության տրամադրման գործընթացի սառեցման մասին։

Հեյլը նշել է, որ հուլիսի 23-ին արտաքին քաղաքականությամբ զբաղվող ԱՄՆ առանցքային գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով քննարկում է տեղի ունեցել։ Այդ քննարկման ժամանակ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Չարլզ Կապպերմանը յուրաքանչյուր գերատեսչության ներկայացուցչին հարցրել է նշված հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշման մասին։

«Ես վճռականորեն հանդես եմ եկել հօգուտ աջակցության վերականգնման․ այսպիսի դիրքորոշում ունեին նաև մյուս գերատեսչությունների ներկայացուցիչները, բացի վարչաբյուջետային վարչությունից։ Վարչության ղեկավարը պարզաբանել է, որ իրենց դիրքորոշումը պայմանավորված է Թրամփի ցուցումներով»,- պատմել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։

 

x