Սա այն օրենքն է, որը մեկ քայլ առաջ պետք է տանի հեղափոխության արժեքները. Արման Բաբաջանյան |lragir.am|

lragir.am: Սա այն օրենքն է, որը մեկ քայլ առաջ պետք է տանի հեղափոխության արժեքները, Ազգային ժողովում քրեական ենթամշակույթի և քրեական հեղինակությունների դեմ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Մենք շատ լավ հիշում ենք, որ անկախության առաջին տարիներին փորձեր արվեցին արմատախիլ անել քրեական այս շրջանակները, դա մասամբ հաջողվեց։ Բայց 1997-98 թվականներին Ռոբերտ Քոչարյանը, ով իշխանության եկավ պալատական հեղաշրջմամբ, չուներ անհրաժեշտ քաղաքական և ազգայնական բազա։ Նա ազգայնական կուսակցություններից մեկին ընտրեց որպես իր համար քաղաքական հենարան, իսկ քրեական աշխարհը ռուսաստաններից բերեց Հայաստան և իր համար դարձրեց սոցիալական բազա և ամբողջությամբ նրանց ընդգրկեց ընտրական գործընթացների մեջ։ Այդ տարիներից ի վեր ազգայինն ու կրիմինալն ըստ էության միախառնվեցին և մի օր դարձան քոչարյանական և սերժսարգսյանական վարչակարգերի հիմնական հենասյունը»,- ասաց Բաբաջանյանը։ Նրա խոսքով՝ քրեական աշխարհը սերտաճած է եղել ու հիմա էլ շարունակում է սերտաճած մնալ տնտեսական կյանքին, առաջին հերթին՝ խոշոր կապիտալին։

«Շատ կարևոր է նաև խոսել քրեական աշխարհի ներգործության մասին մեր ինքնիշխանության վրա։ Նախկին իշխանությունների օրոք քրեական աշխարհի դերակատարությունը դարձել է նաև արտաքին ազդեցության գործոն։ Խոսքն առաջին հերթին Ռուսաստանի և գուցե նաև այլ երկրների ազդեցության մասին է, բոլոր հետխորհրդային երկրներում քրեական ենթամշակույթը այդ երկրների իշխանությունների ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ՝ դառնալով տարբեր խնդիրների լուծման գործիք։ Եվ այս իմաստով սա այդ ազդեցությունը սահմանափեկելու մի միջոց ու հնարավորություն կարող է դառնալ»,- նշեց Բաբաջանյանը։

Արման Բաբաջանյանը նաև ասաց, որ անազատության մեջ գտնվելով՝ օրենքով գողի հետ նույն խցում մի քանի ամիս անցկացրել է։ «Քրեական հեղինակություն մտերիմներ ունեմ, պետք է ասեմ, որ չեմ հանդիպել գեթ մեկ քրեական հեղինակության կամ օրենքով գողի, ով ցանկացել է, որ իր երեխան այդ կյանքով շարունակի ապրել և այդ նույն հետագիծն իր համար որդեգրել։ Սա ամենախոսուն վկայությունն է և այս խորհրդարանի պատգամը՝ հիմնովին արմատախիլ անել մեզանում այդ շրջանակներն ու տրամադրությունները»,- հավելեց նա։

 

x