ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 8] Կարգախոսը՝ ոստիկանական բաժնի վրա

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

[օր 7] Գիշերն առաջին գրաֆիտիներն ենք անում

< ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ

 

[Սոնա Մնացականյան] Առավոտյան զարթնում եմ, հեռախոսս միացնում ու սրտիկ-փուչիկ-ծաղիկ-արջուկ բացիկների տեղատարափից հիշում, որ էսօր տոն ա՝ «հոգվույս կիրակի» ։ Համապետական կամ ինքնաստեղծ տոները ես սիրում եմ նշել լողավազան գնալով, բայց թարսի պես մինչև ապրիլի 15-ը լողավազանը փակ ա։ Առավոտյան սուրճս եմ խմում, զուգահեռ զանգում եմ մայրենիիս՝ տոնը շնորհավորելու։ Գյուղ ա կանչում՝ գայթակղելով համով ուտելիքներով։ Տրվում եմ գայթակղությանը։

Ժամը 10-ի կողմերը հասնում եմ Շիրակի կանգառ, առնում մի փունջ ծաղիկ ու սպասում Օշական-Ոսկեվազ գազելին։ Բախտս բերում ա․ դատարկոտ ա գալիս։ Մի կանգառ հետո գազել են բարձրանում մի խումբ կանայք՝ միջին տարիքի, կոկիկ հանգնված։ Մի քանիսը արևմտահայերեն են խոսում, երևի սիրիահայ են։ Խոսակցություններից նաև հասկանում եմ, որ Օշական պատարագի են գնում։ Ճամփի կեսից սկսում են երգել՝ հանգը փոխանցելով մեկմեկու։ Վարորդն ու մի քանի՝ իրենց խմբից դուրս ուղևորներս դեմ չենք։ Մաշված ու դխկդխկան գազելի մամշահոտ առօրյայում զվարթություն ա մտել։ Օշականում իջնում են, բայց մեջս մնում ա պիկնիկային տրամադրությունը։

[Վահան Կոստանյան] Դեռ մի քանի օր առաջ էի տեսել, որ ապրիլի 7-ին պիտի «Լավ էլիի» համերգը լիներ Դասում ու զգուշացրել էի, որ մի քիչ հանգստանալու ժամանակի կարիք ունեմ, որպեսզի երեկոյան գնամ Լավ էլիի համերգին։ Քայլարշավը քայլարշավով, բայց Ջահել ազատության երգը չլսել չէի կարող։

Բայց ազատ օրը մնաց պլանների մակարդակում։ Ցերեկն իմացանք, որ Լալայանի քաջագործության հետքերով ոստիկանության ներկայացուցիչներն իրեն են փնտրում, ու Անուշն իրենց հրավիրել էր Էդեն։

[Միքայել Նահապետյան] Ոստիկանության օպերատիվ խումբը Լալայանին տանը չէր գտել, իջնում էր աշխատավայր` Կասկադ։ Խումբն էր ավելի օպերատիվ, թե՞ մենք` պարզ դարձավ տեղում։

[Վահան Կոստանյան] Երևի կես ժամում մի քիփլիկ ցույցի չափ ժողովուրդ հավաքվեց Կասկադում՝ տեր կանգնելու Լալայանի՝ պատահաբար արձանագրած կորստին։

[Միքայել Նահապետյան] Մերժիրի ամբողջ կազմը, ես ու էլի մարդիկ արդեն տեղում էինք։ Օպերները կորել-մոլորվել էին։ Անուշին չտարան, արշավողները պատասխան հարված տվեցին առաջին արագաչափին, ու ոստիկանությունը իրեն զգաց այնպես, ինչպես Քոչարյանը կալանավորման որոշումը տեսնելու պահին. He was appalled.))))

[Արմեն Գալջյան] Ցերեկը միացա ընկերներիս` արդեն հասել էին Դիլիջանի ոլորանների մոտ։ Քանի որ օրը շաբաթ էր, բավականին մարդաշատ էր քայլարշավը՝ մոտ 30 հոգով էինք, և որոշեցինք մի խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիայի փորձ իրականացնել, որը հետագայում ավելի հաջող կերպով իրականացրեցինք Երևանում։
Ձեռքերով շղթա կազմեցինք և մի քանի րոպե փակ պահեցինք մայրուղին․ մոտ 10 ավտոմեքենա, այդ թվում՝ մեկ կամ երկու բեռնատար չէին կարողանում շարժվել։ Դա առաջացրեց վարորդների դժգոհությունը, մենք ներողություն հայցեցինք իրենցից, հետո ևս երկու րոպե փակ պահեցինք, հետո նորից ներողություն խնդրեցինք և բացեցինք մայրուղին։

[Վահան Կոստանյան] Ահագին զրուցեցինք, նոր պլաններ կազմեցինք հետագա օրերի համար, բայց աչքներս մնաց ճանապարհին սպասելով։ Օգտվելով առիթից՝ երևի պիտի շնորհակալություն հայտնենք Անուշին ճանաչող ու չճանաչող ահագին մարդկանց օպերատիվ կերպով մեկ տեղում հավաքելու համար։

[Սոնա Մնացականյան] Տանը մաման արդեն ինձ ա սպասում, մի հատ էլ իրա հետ եմ կոֆե խմում ու պապայի հետ գնում եմ խաղողի այգի՝ մի քիչ պտտվելու։ Մի խոսքով՝ ես իմ փայ պիկնիկը անում եմ։

[Անի Վարդանյան] Ֆեյսբուքը հիշեցնում է, որ «Ռեստարտով» հավաքվել ենք։ Ինչ-որ բան պետք է քննարկեինք։ Էդ ժամանակաշրջանում «Ռեստարտի» գործունեությունն ուղղված էր «Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծին։ Բայց քանի որ երկրում քաղաքական լուրջ իրադարձություններ էին սպասվում, որոշվեց, որ հարցի քննարկումը տեղափոխվում է մինչև քաղաքական իրավիճակը որոշակիություն ձեռք բերի։ Էլի քննարկվեց՝ միանալ, թե չէ։ Ու նորից կանգ առանք այն կետին, որ պաշտոնապես չենք միանալու։ Ես դեռ միտքս չէի փոխել։ Դուրս գալու, քայլելու մտադրություն չունեի։ Մի տեսակ ապաքաղաքականացված վիճակում էի։

[Թագուհի Ղազարյան] Երեկո է: Երեկվա տրաֆարետն ու ներկերը վերցրել եմ ու մնացել մենակ: Հերթով գրում եմ բոլոր հավանական ու անհավանական մարդկանց, որոնք, իմ պատկերացմամբ, կարող են գալ հետս գրաֆիտի անելու: Բոլորը մերժում են: Ամենքը ինչ-որ անհետաձգելի գործով է զբաղված: Մտքումս ասում եմ՝ դե լավ, էդ ի՞նչ անհետաձգելի գործ է, որ չեք կարող թողնել ամսի 16-ից հետո: Գրում եմ Վահանին, Գարիկին, Վահեին, Գարուշին, Դավիթին, մյուս Դավիթին, Արմենին: Միայն Գարիկն է համաձայնում գալ… հետս սուրճ խմելու:

Ասում եմ՝ Գար, ուսանողությանը պետք է տեղից շարժել, Գարիկն ասում է՝ «Ռեստարտն» էս գործընթացին չի խառնվելու, սա քաղաքական պայքար ա, մենք չենք ուզում կրթական գծից դուրս գալ, քաղաքականացվել: Երկար ենք խոսում: Համոզել չի ստացվում:

[Արմեն Գալջյան] Ճամբար խփեցինք Դիլիջանի ոլորաններում։ Երեկոյան ավելի շատ մարդիկ միացան մեզ․ Իոաննիսյանն էր՝ իր դրոնով, Մանուկյան Արթուրն՝ իր գիտարով, ով մի քանի լավ երգ երգեց մեզ համար, Սիփանն էլ լավ խորոված էր անում՝ մի անկյունում, սուս-փուս։ Երեկոյի ամենազվարճալի հատվածը Արարատի կորած մուշտուկն էր․ մի տաս հոգով ընկած փնտրում էինք, բայց վերջում պարզվեց գրպանում դրած է։

[Սոնա Մնացականյան] Իրիկունը հետ եմ դառնում Երևան։ Երգող կանայք չկան, մութ ա, լուսամուտից դուրս նայել էլ չի լինում։ Մտնում եմ մեսինջեր․ Կարենը մեր գրուփ-չաթում համընդհանուր գաղջը ցրելու հերթական առաջարկն ա անում՝ թող Սաքոն պիես կամ մոդեռն բալետ գրի, բոլորով խաղանք։ Ալինան համաձայն ա, պրոդյուսերի օգնականի դերն ա վերցրել, Կարենին էլ առաջարկում ա ռեժիսոր դառնալ։ Տեսականորեն բոլորս էլ համաձայն ենք, մնում ա՝ Սաքոն գրի :)

[Թագուհի Ղազարյան] Եղբորս կանչում եմ կենտրոն. քաղաքի ծայրամասերում` Երրորդ մաս, Բանգլադեշ, Դավթաշեն, Բարեկամություն: Նկարը փչելու ընթացքում ծիծաղելով ասում եմ` Բաբկեն, տես, վաղը-մյուս օրը գլուխ ես գովալու, որ հեղափոխության ակունքներում ես կանգնած եղել: Ինքն էլ չի հավատում, ես էլ: Չենք խոսում էդ մասին, նստում ենք մեքենա, տեղափոխվում հաջորդ կանգառ ու նորից փչում գրաֆիտին: Ինքն ինձ սիրում է երևի, դրա համար ամենաանհավանական հիմարություններս իր համար տանելի են: Իսկ ես չեմ ուզում իրեն հուսախաբ անել, անկեղծորեն հավատում եմ, որ էս անհավանական արկածախնդրությունից մի բան դուրս կգա:

[Վահան Կոստանյան] Երեկոյան Դասում ասեղ գցելու տեղ չկար։ Տարբեր մարդիկ տարբեր մոտիվացիայով էին եկել համերգի։ Մի մասն ուղղակի, մյուսները՝ ՍՍ-ի վարչապետացման ցավը Մհերենց երգերի ու գարեջրի մեջ թաղելու, մյուսները՝ սպասվող պայքարի համար նոր լիցքեր ստանալու համար։

Մենակ էի գնացել։ Ծովինարն ու Արեգը մոտեցան ու ծանոթացանք։ Զրույցի մասին չեմ պատմի, բայց կասեմ, որ մինչ օրս պարտավորեցնող է։ Սոնային տեսա, ով էդ օրերին ինքնախարազանման ռեժիմի վրա էր իրեն դրել՝ չիմանալով ինչպես վարվել ստեղված իրավիճակում։ Օրեր անց Սոնան միացավ ավտոերթին ու առաջին անգամ այցելեց ճամբար։

[Թագուհի Ղազարյան] Տղաների` Գարուշի, Կարի, Միքոյի հետ պայմանավորվել եմ` կենտրոնում իրենց հանդիպեմ, շարունակենք գրաֆիտի անելը: Գիշերվա երկուսն է: Բաբկենին խնդրում եմ` ինձ իջեցնի Կենտրոնում, իսկ ինքը գնա տուն: Իջնում եմ պայմանավորված տեղը` Տերյանի այգու դիմաց` ձեռքերի արձանի մոտ: Զանգում եմ Կարին` ո՞ւր եք: Օպերա ենք, էնտեղ պոչ կար, թռել ենք: Մոտդ ներկ չպահես, կբռնեն: Զանգում եմ Բաբկենին` պլանները փոխվել են` հետ արի: Գալիս է: Նետվում եմ մեքենան` թռանք: Ո՞ւր: Չգիտեմ, գնանք Օպերա: Օպերայի շուրջը բոլոր մուտքերը փակ են ոստիկաններով: Ասում եմ` քշի մի չեզոք տեղ: Զանգում եմ Գարուշին, Գարուշը` Միքոյին բռնեցին: Դե մենք ՀԳՄ-ի հետևի բակում ենք մեքենայով, եկեք: Գալիս են:

[Վահան Կոստանյան] «Մենք ժպտում ենք»-ը բոլորին տապալել էր արդեն, ծխի ու գարեջրի մեջից Պապիկյանի զանգը ստացա։ Մերոնցից երկուսին բռնել ու տարել էին Արաբկիրի բաժին։ Արմենի ու Էլմոնի հետ, ում համարյա չէի էլ ճանաչում, գնացինք Արաբկիր։ Մինչև տեղ հասանք՝ մերոնց արդեն թողնում էին։

Էնտեղ էին Պապիկյանը, Լենան։ Բայց դեռ համերգի ազդեցության տակ չէի հանգստանում ու համոզում էի, որ ցանկացած նման գործողություն պիտի մեր կողմից պատասխան ստանա, ու պիտի «Իմ քայլի» կարգախոսը հայտնվի ոստիկանական բաժանմունքների վրա։ Մի կերպ համոզեցի Պապիկյանին, որ տռաֆարետ ու սփրեյ տա։ Արդեն կռացել էի, որ փչեմ, բայց Լենան, իրեն հատուկ հոգատարությամբ՝ բա, «Վահ, ես անձեռնմխելի եմ, թող ես կանեմ» ։ Արեց ու գնում էր արդեն։ Բայց չէի հանգստանում։ Սփրեյը վերցրի ու կռացա ինքս էլ հավերժանալու։ Ինձնից գոհ փչեցի, ու էդ պահին մի մեծ ոստիկանական խումբ հայտնվեց գլխիս վերևում, որ բերման ենթարկեն հանրային գույք փչացնելու համար։

Խնդրեցի ոստիկաններին ներկայանալ ու վկայական ցույց տալ, պարզվեց՝ ոչ մեկի մոտ չկար։ Մտածելով, որ շատ կյանքները կուտեմ, կապիտանի հրամանով հրաժարվեցին ինձ բերման ենթարկելու մտքից ու գնացին։ Ես էլ մեծ հոգատարությամբ վերցրի տրաֆարետս, որ դեռ շատ էր պետք գալու մոտակա օրերին, ու գնացի Արմենի հետ։ Բայց չէի կարողացել փչել․ մթության մեջ չէի նկատել, որ սփռեյը դատարկվել էր, ու տարբերանշանը չէր տպվել։ Հաջորդ օրերին տեղը հանեցի։

[Թագուհի Ղազարյան] Էլի մի որոշ ժամանակ Բաբկենը մեքենայով մեզ այս ու այն կողմ է տանում, դիմանում մեր տարատեսակ զանգերին, հետո իմանում ենք, որ Միքոն արդեն ազատ է, ես խնդրում եմ ինձ Պրոսպեկտ իջեցնի, ինքը գնա տուն. առանց այդ էլ շատ չարչարեցի էսօր: Հետո գնում եմ Սարյան՝ Անիենց տուն՝ գիշերելու կամ ավելի ճիշտ՝ սպասելու, որ լուսանա:

ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>
[օր 9] Լյովը ավտոերթ է կազմակերպել

x