Ուկրաինայի գերագույն դատարանը օրինական է համարել Սաակաշվիլիի արտաքսումը |news.am|

news.am: Ուկրաինայի Գլխավոր դատարանը օրինական է համարել «Նոր ուժերի շարժում» ուկրաինական կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիի արտաքսումը ուկրաինական տարածքից Լեհաստան 2018 թվականի փետրվարին։ Այս մասին տեղեկացնում է դատարանի մամուլի ծառայությունը Ֆեյսբուքի իր էջում։

Գլխավոր դատարանը չի բավարարել Սաակաշվիլու վճռաբեկ բողոքը արտաքսման մասին որոշումն անօրինական ճանաչելու եւ չեղարկելու մասին։ Տեղեկացվում է, որ դատավորները ուժի մեջ են թողել նախորդ ատյանների դատարանների վճիռները, որոնք նույնպես մերժել են Վրաստանի նախկին նախագահի պահանջները։

Հոկտեմբերին Ուկրաինայի Գլխավոր ռազմական դատախազությունը քրեական վարույթ է սկսել Սաակաշվիլու դիմումի վերաբերյալ՝ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից 2018-ի փետրվարին իրեն առեւանգելու մասին։

Քաղաքական գործչի կարծիքով՝ Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները, իրեն արտաքսելով երկրի սահմաններից դուրս, գործել են այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոյի անձնական ցուցումով։ Լեհաստանի տարածք Վրաստանի նախկին նախագահին թույլ են տվել ռեադմիսիայի մասին գերատեսչության ներկայացրած դիմումի համաձայն։

2015-ի մայիսին Պորոշենկոն վրացի քաղաքական գործչին ուկրաինական քաղաքացիություն տվեց եւ նշանակեց Օդեսայի նահանգապետ։ Այդ պաշտոնը Սաակաշվիլին զբաղեցրեց մեկուկես տարի, ինչից հետո անցավ գործող նախագահի ընդդիմության շարքեր։ 2017-ի ամռանը Պորոշենկոն Սաակաշվիլուն զրկեց քաղաքացիությունից, իսկ 2018-ի փետրվարին ուկրաինական հատուկ ծառայությունները կալանավորեցին նրան, արտաքսեցին երկրից եւ արգելեցին մտնել երկիր մինչեւ 2021 թվականը։ Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնեց Սաակաշվիլու քաղաքացիությունը։ Քաղաքական գործիչը Ուկրաինա է վերադարձել մայիսի 29-ին։

x