ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 9] Լյովը ավտոերթ է կազմակերպել

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

[օր 8] Կարգախոսը՝ ոստիկանական բաժնի վրա

< ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ

 

[Արմեն Գալջյան] Ապրիլի 8-ի առավոտյան տնկեցինք «Ազատության» ծառը և շարունակեցինք մեր քայլարշավը․ անցանք Դիլիջանի թունելը: Մեկ օր առաջ ակտիվիստ Անուշ Լալայանը փակել էր արագաչափերից մեկի տեսախցիկը, որից հետո ոստիկանները ներխուժել էին նրա տուն և աշխատանքի վայր։ Դրան ի պատասխան մենք որոշեցինք մեր ճանապարհին հանդիպող առաջին արագաչափը փակել, իսկ այդ գործողությունն անվանեցինք «անտիսաշիկ»:

Դադար վերցրինք Ծովագյուղի մոտ, հաց կերանք և սպասում էինք Երևանից ավտոերթով մեզ միացող ակտիվիստների խմբին:

[Թագուհի Ղազարյան] Նորից օրակարգում գրաֆիտիներն են: Երեկվա պատմությունը կրկնվում է: Այժմ արդեն Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը միակն է, ով համաձայնում է հետս գալ գրաֆիտի անելու: Կոմիտասում: Ես ու Վահեն մտնում ենք շենքի բակեր, գրաֆիտի անում, արագ փոխում մեր տեղը: Պատմում ենք իրար նախկինում արած գրաֆիտիների պատմությունները: Վահեն աշխատանքային ընդմիջման է դուրս եկել: Քիչ ժամանակ ունի:

[Սոնա Մնացականյան] Պիտի գնամ Էլիզին տեսնելու․ հոնքերս կարոտել են Էլիզի մատներին։ Նախորդ օրը պայմանավորվել ենք կեսօրին հանդիպել։

Իջնում եմ մետրո: Ճամփին հա մտքիս ա գալիս Սաքոյի «Երրորդ ․․․մաս» պատմվածքը, էդ հաստատ նրանից ա, որ Երրորդ մաս եմ գնում ու որ Սաքոյենց տուն եմ գնում։ Սաքոն արանքում մի երկու անգամ զանգում ա, թե՝ ուր մնացիր, սպասում եմ, որ իրար հետ կոֆե խմենք։ Արդեն մի շաբաթից ավել կլինի՝ Սաքոյին չենք տեսել․ ոտքը ցավում ա, բժիշկն ասել ա՝ շատ չքայլես։

[Միքայել Նահապետյան] Լյովը ավտոերթ է կազմակերպել։ Հզոր ավտոերթ։ Հզոր էներգիայով, հզոր էմոցիաներով։ Առաջին անգամ միացան «Քա՛յլ արա» և «Մերժիր Սերժին» կարգախոսները։ Մեզ ուղեկցող ՃՈ մեքենայի հետևի նստատեղին ԱԱԾ օպերատիվ հետախուզությունից բարձրաստիճան սպա է նստած, դեմքին՝ ռոբոտային արտահայտություն։ Մարդիկ մեզ ժպտում են, ձեռքով անում, սպան «գույքագրում» է ժպիտները։

[Թագուհի Ղազարյան] Պոչ ենք նկատում: Անհետանում ենք: Հայտնվում ենք անցումներից մեկի տակ: Էնտեղ ենք գրաֆիտի փչում: Նորից անհետանում ենք: Ոստիկանը նորից է մեզ նկատել: Կամ իր գործընկերներից մեկ ուրիշին է հայտնել: Որոշում ենք, որ վերջ: Տարբեր ուղղություններով ենք գնում: 15 րոպե անց իմանում ենք, որ Կոմիտասում բերման են ենթարկել «Իմ քայլը» գրառմամբ գրաֆիտի անող երկու ակտիվիստի: Լավ նշան է: Նյարդերը տեղի են տալիս: Սա շարժման ընթացքում առաջին դեպքն էր բերման ենթարկելու և առաջին նշանը, որ իրենք տանուլ են տալու:

[Միքայել Նահապետյան] Մի տեսակ զգացողություն կա, թե այդ ավտոերթը մարդասիրական օգնություն է բերում կքած երկրին։ Քաղաքն առաջին անգամ լցվեց հեղափոխության շնչով։ Ես ու Նելլին «Մինի կուպեր»-ով ենք` Նելլին ղեկին, ես` կողքին։ Իրար հույս ենք տալիս, որ մի բան կստացվի, որ Նելլիի շուրջերկրյա ճանապարհորդության Հայաստանյան կանգառը երկար կտևի։

[Արմեն Գալջյան] Որոշեցինք փակել մայրուղին և այդպես դիմավորել նրանց։ Երբ ավտոերթը տեղ հասավ, և սկսվեցին «քայլ արա, մերժիր Սերժին» վանկարկումները, տեղի բնակիչները, ավելի ճիշտ՝ այդտեղ գնտվող խանութներից մեկի տերը, ով, ինչպես հետո պարզվեց, հհկականոտ դեմք էր, սկսեց բորբոքվել՝ թե բա «եկել եք մեր գեղը, ճամփա ե՞ք փակում»։ Սկսվեցին գոռգոռոցներ, հրմշտոց, պարզվեց՝ այդ պահին բոլոր անցնող մեքենաների մեջ կա՛մ մարդ էր վատացել, կա՛մ հղի կին կար: Հրմշտոցը, վիճաբանություները մի փոքր էլ շարունակվեցին, բայց վերջում կարողացանք իրավիճակը հանդարտեցնել և,այսպես ասած, «լավով» ավարտել վիճաբանությունը:

[Սոնա Մնացականյան] Հասնում եմ իրանց տուն ու բառիս բուն իմաստով ընկնում հեղափոխության ակնկալիքի ոգևորության մեջ։ Սաքոն կպած հետևում ա Գյումրուց Երևան եկող քայլարշավի լայվին, ֆեյսբուքում ծավալվող ձեռառնոցիին, որից ներվայնանում ա ու հակադարձում։ Ասում ա՝ հենց հասան քաղաք, ես էլ իմ քայլն եմ անելու։ Էլիզը կա՛մ անտարբեր ա, կա՛մ մի սառը ցնցուղ բան ա ասում, բայց էդ Սաքոյի վրա չի ազդում․ մի փոքր պաուզա ա տալիս, ժպտալով ասում՝ «լա՜վ էլի, Լիզ» ու շարունակում։

Ես չեմ հավատում, որ հնարավոր ա՝ մի բան փոխվի, համոզված եմ, որ ինչ-որ աղետ պիտի լինի կամ մի օր պիտի զարթնենք, իմանանք՝ Սերժը մեռել ա, որ պրծնենք էս անվերջ գաղջից։ Չէ՛, ավելի լավ ա՝ ես իմ կղզին կահավորեմ, քան թե հերթական անգամ հիասթափվեմ։ Բայց Սաքոն ասում ա՝ ախր սա պրոցես ա, որի հանգուցալուծումը նաև մեզնից ա կախված։ Ու եթե էս անգամ էլ չհաջողի, մեկ ա, գոնե պատից մի աղյուս կպոկենք։

[Անի Վարդանյան] Հանգստանալու կիրակի էի հայտարարել։ Օրվա հիմնական մասը քնած անցկացրի։ Արթնացա դռան թակոցից։ Հորեղբորս աղջիկն էր։ Իրար հետ էինք ապրում։ Հիշում եմ՝ գիշերը վատ քնելու պատճառով ամբողջ օրը թույլ էի զգում։ Քննական շաբաթն ավարտվել էր։ Նողկալի քննություններն արդեն անցյալում էին։ Մնում էր արդյունքներին սպասել։ Իսկ կուրսայինը ոչ մի կերպ առաջ չէր գնում։

Քաղաքական իրադարձություններին ընդհանրապես չէի հետևում այդ օրը։ Երեկոյան «Ռեստարտի» գրադարանի գրքերն էի դասավորում, որ հաջորդ օրը հանձնեմ ընթերցողներին, իսկ արդեն ավարտած գրքերը վերցնեմ։ Մի խոսքով՝ օրը լրիվ կիրակի էր։

[Սոնա Մնացականյան] Երկար խոսում ենք, Սաքոն պատմաքաղաքական էքսկուրս ա անում, հազարումի օրինակ բերում, բայց իրա նպատակը երևի ոչ էդքան ինձ համոզելն ա, որքան ներսի բլթբլթան սպասումները խոսքի վերածելը։ Զգում եմ, որ Սաքոն արդեն չի դիմանում նստած տեղը, որ ուզում ա օր առաջ մտնի ակտիվ պրոցեսի մեջ։

[Արմեն Գալջյան] Այսօր ճամբար «ռեկորդային» թվով մարդիկ էին եկել։ Ինչպես միշտ՝ ֆանտաստիկ ուրախ մթնոլորտ էր:

[Սոնա Մնացականյան] Տուն եմ գալիս՝ տարօրինակ զգացողությամբ։ Ուզում եմ, որ Սաքոյի ամենաանհավանական պատկերացումներն իրականություն դառնան, բայց համ էլ վախենում եմ դրա մասին երկար մտածելուց ու վախենում եմ անգամ էդ ուզելս իմ ձայնով արտաբերելուց։ Պառկում եմ քնելու՝ ականջիս արագաչափերը փակող Փաշինյանի ձայնն ա, էդ լայվի աղմուկը ու դրան գումարվող Սաքոյի ինքնամոռաց արձագանքները․․․

ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>
[օր 10] Սերժը դարձավ գործազուրկ

x