Առանձին պաշտոնյաներ կարող են ունենալ մասնավոր հետաքրքվածություն «ԱրմՕյլ»-ի հարցում․Արթուր Գրիգորյան #FreeZone

Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում կառուցված «ԱրմՕյլ» նավթամթերքի վերամշակման գործարանի ծավալած գործունեության վերաբերյալ զրուցել ենք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ։

- Պարո՛ն Գրիգորյան, երբ նշանակվեցիք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար, արդյո՞ք տեղյակ էիք «ԱրմՕյլ»-ի խնդրից, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ամփոփ ներկայացրեք իրավիճակը։

Իմ ղեկավարման առաջին իսկ օրից մինչ վերջին օրը «ԱրմՕյլ» ընկերության հարցը եղել է օրակարգում, ու հենց օրակարգում եղել է այն պատճառով , որովհետև վերջնական որոշում, վերջնական լուծում տալու համար անընդհատ կային խանգարող հանգամանքներ։

Նշանակվելուց մի քանի օր հետո ստացանք բնակիչներից դիմում՝ խնդրանքով, որ իրականացվի տեսչական ստուգում։ Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ այն ենթակա է ՇՄԱԳ-ի (Շրջակա միջավայրի ազդեցության գնահատում), սակայն չի անցել ՇՄԱԳ փորձաքննություն, ու մենք որոշեցինք պարտավորցնել «ԱրմՕյլ» ընկերությանը՝ տնօրեն Ալֆրեդ Աբեդիին, որպեսզի դադարեցնի ցանկացած գործողություն, որը վերաբերվում է գործարանի կառուցմանը։

Բնակիչների բողոքից հետո՝ երբ տեսչությունը սկսեց իր ստուգումը, պարզ դարձավ, որ արդեն իսկ ընկերությունը նախաձեռնել է հանրային քննարկումներ։ Եթե նա իրականացնում է հանրային քննարկում, նշանակում է, որ իրականացնելու է ՇՄԱԳ, որովհետև ՇՄԱԳ-ից զատ որևէ այլ գործողություն իրականացնելու համար հանրային քննարկում չի պահանջվում։

Բայց հետո իրենք գուցե հասկացան, որ ՇՄԱԳ պրոցեսով ինչ-որ խնդիրներ կարող է ունենան  ու որոշեցին, որ այդ գործունեությունը ՇՄԱԳ-ի ենթակա չէ։ Արդյունքը մի բառախաղ էր՝ «Գիտեք, մենք նավթավերամշակում չենք իրականացնելու, այլ նավթամթերքի վերամշակում», ու փորձում էին համոզել, որ իրենց գործունեությունը ուղղված չէ շրջակա միջավայրին լուրջ վնասներ հասցնելուն։

Նյութը ուղարկեցի նախկինում Բնապահպանության նախարարությանը, որպեսզի որոշեն՝ սա ի վերջո ՇՄԱԳ ի ենթակա է, թե ոչ։ Նախարարությունից եկավ շատ տարօրինակ պատասխան, որ ընկերությունը ներկայացրել է նախնական գնահատման հայտը, բայց քանի որ հայտը լրակազմ չէր, Բնապահպանության նախարարությունը այն հետ է վերադարձրել ընկերությանը՝ լրակազմման, որից հետո կկարողանան պարզել՝ ՇՄԱԳ փորձաքննության ենթակա է, թե ոչ։

Հետո նույն նյութերը ուղարկեցի նախկինում Տնտեսական զարգացման նախարարությանը, որի նախարարը Արծվիկ Մինասյանն էր այդ ժամանակ։ Նույն հարցումն ուղարկեցի, որ ըստ ՏԳՏԴ-ի այն արդյո՞ք հանդիսանում է նավթավերամշակում, թե՞ ոչ։ Երկու ամիս Արծվիկ Մինասյանից ոչ մի պատասխան չստացա։  Իրեն աշխատանքից հանեցին, և օրեր անց ժամանակավոր պաշտոնակատարը ուղարկեց մի տեղեկատվություն, որում ասվում էր՝  «Դուք ինքներդ որոշեք, մենք չենք կարող գնահատել»։ 

-Վերջերս լրատվականներից մեկին տրված հարցազրույցի ժամանակ ՀՅԴ կուսակցության անդամ Արծվիկ Միանսյանն ասաց, որ «ԱրմՕյլ» նավթամթերքի վերամշակման գործարանը ՇՄԱԳ փորձաքննության ենթակա չէր։ Այս մասով կմեկնաբանե՞ք։

-Արծվիկ Մինասյանը, եթե որևէ բան ուներ ասելու, թող  ասեր այն ժամանակ, երբ  տեսչությունը իրեն հարցում էր ուղարկել, երբ նա երկու ամիս ոչինչ չասաց, և միայն իր հեռանալուց հետո  ժամանակավոր պաշտոնակատարը ուղարկեց։ Հիմա Արծվիկ Մինասյանը թող ընդհանրապես լռի այդ հարցի վերաբերյալ։

Այդ գործունեությունը ենթակա էր ու ենթակա է ՇՄԱԳ-ի։

-Երբ պետք է ստուգում իրականացնեիք Արմօյլում , գործարանատերը որոշեց, որ չարաշահում եք Ձեր լիազորությունները և որոշակի գործընթաց ծավալվեց։ Կմանրամասնե՞ք։

- «ԱրմՕյլ» ընկերությունը թույլ չէր տալիս մտնել և ստուգում իրականացնել։ Ընկերությունը, չգիտես ինչու, որոշեց, որ տեսչական մարմի ղեկավարը՝ ես, իմ լիազորություններն անցնում եմ, երբ տեսչական խումբ եմ ուղարկում իր մոտ ստուգելու, և անգամ նյութերն ուղարկել էր իրավապահ մարմիններին, որպեսզի իմ նկատմամբ իրականացվի հետապնդում։ Մի քանի օղակ են փորձում գործարկել․ և՛ ճնշում գործադրել, և՛ փորձել վախեցնել, որ իրենց մոտ ստուգում չիրականացվի։

Շարունակությունը՝ տեսանյությում։

Ռոզա Կաճեթցի

x