RElection [#36] Հայաստանում անդամավճարներով հնարավոր չէ կուսակցություն պահել, ամենառացիոնալ ձևը պետական ֆինանսավորումն է. Լևոն Շիրինյան

RElection նախագծի շրջանակում ընտրական իրավունքի թեմայով զրուցել ենք քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանի հետ:

- Ձեզ համար կուսակցությունների ֆինանսավորման ո՞ր մոդելն է ավելի ընդունելի, և արդյո՞ք ընդունելի է, որ կուսակցությունները ֆինանսավորվում են նաև արտերկրից:

- Առաջին պայմանն այն է, որ այդ ֆինանսավորումը պետք է թափանցիկ լինի: Երկրորդը՝ այդ ֆինանսավորման մեջ չպետք է լինեն օլիգարխիկ գումարներ, այսինքն, որ հասարակության ոչ առողջ հատվածը չունենա ազդեցություն, ցանկալի կլինի, որ օլիգարխիայից ընդհանրապես ֆինանսավորում չլինի, որովհետև հետագայում դրանք ոչ թե լինում են կուսակցություններ, այլ շահերի խմբեր, որոնք սպասարկում են իրենց օլիգարխիայի շահերը, ինչը Հայաստանում բացարձակ ճշմարտություն է, մինչև վերջին ընտրությունները:

 Քանի որ երկիրը անցել է խորհրդարանական կառավարման, իսկ խորհրդարանական հանրապետությունները առանց կայացած կուսակցությունների չեն կարող լինել, իսկ այսօր կուսակցություններ չկան, նույնսիկ «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցություն չէ: Պետությունը պետք է ֆինանսավորման, տեղի և այլնի հարցերը ինքը լուծի, իհարկե որոշակի չափորոշիչներ սահմանելով, դրանով մեր երկիրը օտարերկրյա ազդեցություններից, օլիգարխիկ աղետալի խմբերի ազդեցությունից նաև հետախուզական գործակալական ցանցերից լեգիտիմաված ձևով զերծ կմնա:

Կարծում եմ, որ պետությունը այդ ծանրությունը վերցնի իր ուսերին: Գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը ֆինանսական մեծ դժվարություններ ունի, բայց ինքն առանց կուսակցությունների, քաղաքական համակարգի չի կարողանալու զարգանալ, դա բացառված է: Կուսակցությունները պետք է ֆինանսավորվեն՝ բաց, թափանցիկ և հրապարակային, եթե դա լինի նույնիսկ պետք է արգելեն այլ ճանապարհներով ֆինանսավորումը՝ անդամավճարները և նման ձևերը հասկանալի են: Չնայած մենք գիտենք, որ Հայաստանում անդամավճարներով հնարավոր չէ կուսակցություն պահել: Ամենառացիոնալ ձևը պետական ֆինանսավորումն է, եթե մենք ցանկանում ենք վերջապես պետություն դառնալ: Իսկ նվիրատվությունները ոչ մի ձևով ոչ ոք ոչ մեկի չի կարող արգելել, բայց դա պետք է բացառիկ ձևով բաց և հաշվետու լինի, և խնդիր չի լինի:

- Քննարկվում է նաև համամասնական և մեծամասնական ընտրակարգը: Ձեր կարծիքով Հայաստանի համար, ո՞ր մոդելն է ավելի ընդունելի:

- Առհասարակ պրոգրեսիվը համամասնականն է: Համամասնական է, բայց այստեղ մի բան կա, եթե կուսակցությունների ներսում ընթացակարգը ժողովրդական է: Օրինակ՝ Հանրապետականը և նրա կոալիցիոն սատելիտները, բոլորը կլաններ են: Այսինքն, եթե կոսակցությունների ներսում չի պահպանվում դեմոկրատիան, կուսակցության ներսում ընտրություն իրականացնելը, որ կարողնանա ձևավորել ղեկավար մարմիններ, այս պարագայում համամասնականը շատ ճիշտ է: Հարցը այն է, կուսակցական վերնախավը, որն իրականում վերնախավ չէ, առաջացել են այն ձևով, ինչ-որ ժամանակին առաջացել է Սերժ Սարգսյանի իշխանությունը: Այստեղից էլ այդ դժվարություն է առաջանում, ո՞րն է ավելի լավ՝ համամասնականը, թե մեծամասնականը: Ինքնին պարզ է, որ համամասնականը առաջադեմ է, դա բացառում է օլիգարխիայի ներթափանցումը, բայց այդ տոտալիտար կառույցով կուսակցությունները, որ Հայաստանին են բնորոշ, դրանք էլ համամասնականը վերածում են մեկ հոգու ձեռքի խախալիքի: Դժվար է հստակ ասել, բայց ինչ-որ պրոբորիա կարելի է պահել:

Հայաստանը տրայբալիստական հասարակություն ունի, այսինքն արյունակցական կապեր, տոհմացեղային կապեր, այստեղ մեծամասնականը բարեկամներին բախումների է բերում: Որպեսզի կայանա իրական քաղաքացիական հասարակություն, պետք է մեծամասնականը վերանա, որովհետև այն վտանգավոր է: Օրինակ՝ վերջին ընտրություններին, մենք ՝ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը, շատ մեծ, լայն ընդգրկում ունեինք, բայց պարզվեց, որ մենք չունինք ներկայանալի մարդիկ: Այդ ներկայանալին, հասկանալի է՝ գիտելիքովը, շնորհքովը, հայրենիքին նվիրյալը չէ, այլ ուղղակի, ինչ-որ ձևով հայտնի լինելն է, որը դեմոկրատական ընթացակարգին հակադիր է: Դրա համար՝ համամասնական: Կուսակցություններին պետք է պարտադրել՝ լինել դեմոկրատական, բաց, թափանցիկ՝ հանրության և պետության առաջ: Դա պետք է լինի պետական պարտադրանք:

- Իսկ ի՞նչ կարծիք ունենք կառավարման մեծամասնական գաղափարի վերաբերյալ, երբ համամասնական ընտրություններից հետո ութսուն տոկոսը տրվում է մեկ կուսակցությանը:

- Դա սխալ է, անցած տարի ընտրություններին, ընտրարշավի ընթացքում ես ամեն օր կրկնում էի, որ գոնե այդ թիվն իջեցվի վաթսունհինգ տոկոսի, դրանից ավել ոչ մի կուսակցություն չպետք է ստանա: Այդ բացարձակ մեծամասնությունը աղետալի արդյունքների կարող է բերել, իհարկե նա ունենում է լավ կազմակերպված, կրթված, քաղաքական ղեկավարություն, դա կարող է մոդերնիզացիայի մեջ արագություն մտցնել, բայց դա հազվադեպ է պատահում: Խորհրդարանական պետության համար չափազանց ճիշտը կուսակցությունների հարմոնյան է: Հետևապես վաթսուն տոկոսից ավել ոչ մի կուսակցության չպետք է տրվի, որ այն ավելի զսպված լինի:

Տեսնում եք, երկրի այսօրվա օբյեկտիվ դժվարությունները, դա նրա մեջ է, որ մեկ կուսակցություն ութսուն տոկոս ունի, և դա աղետ է, որովետև նույն աշխարհայացքի մարդիկ քաղաքականություն են պարտադրում, կտրվելով հասարակության պահանջներից: Ինձ համար ցավալի էր այն փաստը, որ երբ ընտրությունները վերջացան, երկու օր չանցած համասեռամոլների ցույցերը սկսվեցին: Ստացվում է, որ հասարակությունը պայքարում էր երկրի կոնսերվատիվ, պահպանողական վերածննդի համար, ստացավ ինչ-որ օտար արժեհամակարգով, մեզ համար արժեք չունեցող մի բան: Այսինքն սա բացարձակ մեծամասնության վտանգն է, որ կա և այդտեղ ոչինչ անել չեք կարող: Կարող են ասել ամեն ինչ, ներակայացնել հակառակը և քվեարկել, իրենք ոչնչով մեղավոր չեն, իրենք լեգիտիմ են: Եթե վաթսուն տոկոս է լինում, կուսակցությունը ձգտում կոալիցիաների, զիջումների, և առաջանում է հարմոնյա:

Այդ պարագայում կուսակցություններից կարող եք պլատֆորմա պահանջել, ծրագրեր պահանջել, այս պարագայում ոչինչ չեք պահանջի, կպահանջեք՝ չեք էլ պատասախնի: Բայց քաղաքական իրավական և այլ իմաստներով ոչ մի պարտավորություն չունեն՝ ընտրվել են, ունենն քվե, վերջացավ, գնաց: Մեզ սպառնալիք կա՝ դա բացարձակ լիբերալիզմն է, անվերահսկելի, անկառավարելի լիբերալիզմը, որը կոչվում է վայրի: Երկիրը իրավունք չունի թույլ տալու իրեն, որովհետև պատերազմ, օկուպացիա և այլն: Պետք է խորհրդարանում ձևավորվի աջի ու ձախի անպլիտուդան, եթե դա չի լինում, քաղաքացին տոտալ պայքարի ու պատերազմի մեջ է : Ես կարծում եմ, որ Հայաստանի համար հնարավոր չէ լիբերալը չունենալ, պետք է ունենալ: Եթե այդ աջն ու ձախը չի լինելու, ապա պետք է լինի քրիստոնյա-դեմոկրատիան, ազատականը և այստեղ մենք ինչպիսի հաջողակ տարբերակ կունենաք, եթե հավասարակշռության կենտրոնում էկոլոգները կանգեն:

Կուսակցությունները պետք է առաջանան երկրի պահանջները բավարարելու խնդրով, ես շատ էի ասում, որ Ազգային ժողովում պետք է էկոլոգների խումբ լինի: Եթե դա լիներ, որպես կազմակերպական կառույց, մենք այդ տառապանքը չէինք ունենա, որ մարդիկ տարիներով Ամուլսարի ճամփին քնեն, այսինքն մենք պետք է աշխատենք՝ խնդիրները խորհրդարան տեղափոխել, ոչ թե ժողովրդին փողոցներում պահենք: Աջերը կան՝ լիբերալները, էկոլոգները պետք է լինեն, հավասարակշռության համար պետք է լինեն Քրիստոնյա-դեմոկրատները, և լինի նաև սոցիալիստական կուսակցություն, բայց ոչ կոմունիստական շեղումենրով և ռուսաստանյան ուժերի ազդեցությամբ: Մենք պետք է բացառենք արտաքին ազդեցությունները:

- Ըստ RElection նախագծի ձևաչափի՝ յուրաքանչյուր զրուցակից հնարավորություն ունի հաջորդ բանախոսին ուղղելու իր հարցը: Մեր նախորդ զրուցակցի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հարցը հետևյալն է. 

«Կցանկանայի, որ հաջորդ զրուցակիցը օբյեկտիվ գնահատեր այն փոփոխությունները և ջանքերը, որ տեսնում է նոր Ազգային ժողովում՝ կապված ընտրական օրենսդրության փոփոխությունների հետ, և իր կողմից ներկայացներ երեք առանցքային առաջարկություններ, որոնք ինքը կաներ ավելի բարեփոխված ընտրական օրենսդրություն ունենալու համար»:

- Ես արժևորում եմ սերնդափոխությունը, որը տեղի ունեցավ, դա բացառիկ երևույթ է, էն բոլշևիկյան, խռռոցով, գողական, տհաճ վիճակը վերացել է, բայց սա բերեց մեկ այլ ծայրահեղության, որ փողկապով, ամեն ինչ տեղը տեղին է, ասում են՝ փորձի պակաս ունեն, բայց դա գիտելիքի պակաս է: Խիստ անհրաժեշտ է, որ խորհրդարանը ինտելեկտուալ լինի: Առավելություն է, որ սերնդափոխություն եղավ, թերություն է գիտելիքի և փորձի պակասը: Դա պետք է հավասարակշռվի, ոչ մեծամտությամբ, պետք համեստ լինեն և գիշեր ցերեկ աշխատեն:

Ես հիմա այդ հեղափոխականությունը չեմ նկատում, ոնց որ հոգնած երիտասարդների խումբ լինի, գուցե մեջները կան, որոնց ես չեմ ճանաչում: Իրենք պետք է գիտակցեն մի բան, որ երկիրը խորհրդարանական է, ապա խորհրդարանը իշխանությունը պետք է վերցնի իր ձեռքը, կառավարությանը հաշվետու է վարչապետը, ոչ թե պետք է այդ ամենի տերը լինի: Խորհրդարանը պետք է աշխատի առանց խանդի, ոչ թե երկիրը տանի կուսակցապետության, այլ պետության կայացմանը: Իսկ դրա համար պետք է տեղ տան նաև մյուսներին, ոչ թե՝ մեզ, մեզ: Պետք է դադարեցնել Հանրապետականի դեմ հակաքարոզը, գործել է պետք, էդ դատարկ հակաքարոզը մարդիկ չեն տեսնում: Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին՝ ուշացնում են: Երբ մենք այդ ընտրական օրենսգրքով գնացինք ընտրության, հեղափոխությունից հետո, ըստ էության օլիգարխիայի հետ մերձեցում եղավ:

 

x