Շրջիկ առևտրի կետերի համար նախատեսվում է սահմանել 50.000 դրամ տուրք. Սիսակ Գաբրիելյան |armtimes.com|

armtimes.com։ Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացրեց օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի հիմնական նպատակը, ինչպես նշեց Գաբրիելյանը, Երևանում շրջիկ առևտրի կետերի հետ կապված հարաբերությունների կարգավորումն է: «Այս պահի դրությամբ առևտրի և ծառայությունների մասին օրենքում կա ձևակերպում, թե ինչ է շրջիկ առևտրի կետը, բայց չկա, թե հատկապես ով է կարգավորելու դրանց հետ կապված մի շարք իրավահարաբերություններ, մասնավորապես՝ ինչ ապրանքներ նրանք կարող են վաճառել, որ վայրերում, ինչպիսի ծառայություններ կարող են մատուցել և որ ժամերին»,- ասաց պատգամավորը:

Նախագծով առաջարկվում է այդ լիազորությունը տալ Երևանի ավագանուն, և փոփոխության դեպքում ավագանին կարողանալու է հաստատել այն հիմնական վայրերը, որտեղ կարելի է իրականացնել շրջիկ առևտուր, և դրա համար պետք է տեղական տուրք սահմանվի՝ 50.000 դրամ:

Ինչպես նշեց Գաբրիելյանը, այս նախագծի նպատակն արգելելը չէ, բայց շրջիկ առևտրի կետերի միջոցով առևտրի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնելու են միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռներեցները:

«Շրջիկ առևտրի կետերով զբաղվող մի քանի տասնյակ կազմակերպություններ միավորվել են և ստեղծել շարժական սրճարանների միություն, նրանց հետ երկու անգամ հանդիպել եմ»,- ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, որ ներկայացվել են մի քանի պահանջներ: Գաբրիելյանի խոսքով՝ մեկի մասով սկզբունքային չեն եկել համաձայնության, քանի որ տնտեսվարողները պահանջում են, որ թույլտվությունը լինի 3 կամ 6 ամսով, այսինքն՝ մեկ տնտեսվարողին տրվի 6 ամիս թույլտվություն՝ մեկ կետում կանգնելու համար, ինչի դեպքում խախտվում է շրջիկ առևտրի կետի գաղափարը:

Ավելին՝ armtimes.com-ում

x