«Մուլտի գրուպ» կազմակերպությունն ապօրինի, ինքնակամ շինարարություն իրականացնելու համար տուգանվել է երկու անգամ․ Հակոբ Կարապետյան |lragir.am|

lragir.am: Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսօր հրավիրած ճեպազրույցում անդրադարձել է Երևանի Աբովյան 5 հասցեում  ընթացող շինարարությանը, որն իրականացնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնը:

Ծառուկյանը հերքել է մեղադրանքը, որ շինարարությունն ապօրինի է և փաստաթղթեր է ներկայացրել: Հակոբ Կարապետյանը նշել է, որ Պարոն Ծառուկյանը սրանով բացահայտում է, որ նախագծային առաջադրանքի ու շինթույլտվության միջև տարբերությունը չգիտի:

«Խոսում ենք երկու փաստաթղթի մասին՝ մեկը նախագծման թույլտվությունն է՝ ճարտարապետահատակագծային առադրանքը և շինարարական թույլտվությունը: Շինթույլտվությունն է, որ իրավունք է տալիս կառուցապատողին տեղում սկսել շինարարական աշխատանքներ», – ասել է Կարապետյանը:

Նրա խոսքով, Աբովյան 5 հասցեում շինարարության թույլտվությունը տվել է դեռ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ 2018 թվականի փետրվարի 16-ին, իսկ դրանից հետո որևէ թույլտվություն չի տրվել: 3 օր անց՝ փետրվարի 19-ին, վարչական դատարանը վարույթ է ընդունել հարևան շինության քաղաքացու հայցն ընդդեմ «Մուլտի գրուպ» ընկերության և այդ վարույթի ընդունելու պահից օրենքի ուժով շինթույլտվությունը կասեցվել է: «Մեր կառուցապատողը, սակայն, փորձել է շրջանցել կարգը և օրենքը ու իրականացրել է կառուցապատում և, մասնավորապես, 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին, երբ կար ընկալում, որ մի քիչ խառն է իրավիճակը, այդ շինարարությունն ինտենսիվորեն ընթանում էր», – նշել է խոսնակը:

Հակոբ Կարապետյանի խոսքով, «Մուլտի գրուպ» կազմակերպությունն ապօրինի, ինքնակամ շինարարություն իրականացնելու համար տուգանվել է երկու անգամ 200 հազար դրամով և 2 միլիոն դրամով, իսկ երկորդ տուգանքից հետո գործերն ուղարկվել են իրավապահ մարմիններին, որ քննվի և հիմքերի առկայության դեպքում քրեական գործ հարուցվի:

 

x