Դիզելի մենաշնորհը կայունանում է: Կեղծիք կառավարության զեկույցում. |fip.am|

fip.am: Կառավարության նշած կազմակերպությունը, որը զբաղեցնում է դիզվառելիքի շուկայի 29 տոկոսը, իրականում ունի կրկնակի՝ 58,7 տոկոս մասնաբաժին։ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունավետության մասին զեկույցում, ինչպես նաև կառավարության տարածած տեսանյութում, անդրադարձ է կատարվել տնտեսական մենաշնորհների բացառմանն ու տնտեսական մրցակցության պաշտպանությանը, որտեղ մի քանի օրինակներով ցուցադրված է, թե ինչպես են անցյալ տարվա ընթացքում նվազել գերիշխող տնտեսավարողների շուկայի մասնաբաժինները՝ 2017 թվականի համեմատությամբ։

Մասնավորապես, որպես օրինակ ներկայացվել էին շաքարավազի, բանանի, բենզինի և դիզվառելիքի շուկաներն ու դրանք ներմուծող ընկերությունների տեսակարար կշիռները։

Եվ այսպես, ըստ կառավարության ամփոփիչ զեկույցի, 2018 թ. վերջին դիզվառելիք ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 29 տոկոս՝ նախկին 51 տոկոսի փոխարեն։

2017 թվականին Հայաստան է ներմուծվել մոտ 139 հազար տոննա դիզվառելիք՝ 5 կազմակերպության կողմից։ Այս 5 կազմակերպությունից միայն երկուսը զբաղեցրել են շուկայի մոտ 92 տոկոսը՝ ավելի քան 66900 և 60600 տոննա ներմուծմամբ։ Այլ կերպ ասած՝ այս ընկերությունների մասնաբաժինը շուկայում կազմել է, համապատասխանաբար, 48,2 տոկոս և 43,6 տոկոս։

Տեսնենք, սակայն, 2018 թվականի պատկերը։ 2018 թվականին Հայաստան է ներմուծվել մոտ 120 հազար տոննա դիզելային վառելիք՝ կրկին 5 կազմակերպությունների կողմից։

Ինչպես և նախորդ տարում, 2018 թվականին ևս հիմնական ներմուծողներ են 2 կազմակերպություն՝ մոտ 70 հազար և 42,7 հազար տոննա կամ 58,7 և 35,8 տոկոս մասնաբաժիններով։

Ինչպես տեսնում ենք, դիզվառելիք ներմուծող ընկերությունների թիվը նախորդ երկու տարիներին չի փոխվել, իսկ հաշվի առնելով 2017 թվականի համեմատ դիզելային վառելիքի ներմուծման ծավալների նվազման ֆոնին ընկերություններից մեկի ներմուծման ծավալների աճն ու (դրանով պայմանավորված) մասնաբաժնի ավելացումը՝ առնվազն տարօրինակ է դառնում կառավարության զեկույցում մի ցուցանիշի մասին խոսելը, որն իրականությանը չի համապատասխանում։

Ըստ այդմ, կառավարության նշած կազմակերպությունը, որը զբաղեցնում է դիզվառելիքի շուկայի 29 տոկոսը, իրականում ունի կրկնակի՝ 58,7 տոկոս մասնաբաժին։

x