ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 10] Սերժը դարձավ գործազուրկ

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 9] Լյովն ավտոերթ է կազմակերպել

< ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ

 

[Արմեն Գալջյան] Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Սերժը, մոտ երկու տասնամյակից ավել լինելով պետական բարձրաստիճան պաշտոնյա, դարձավ գործազուրկ, և այդ կապակցությամբ մենք Սևանի թերակղզու մերձակայքում տնկեցինք «Հրաժեշտի» ծառը, և, ի հիշատակ այդ ամենի, հերթական անգամ Նիկոլի շուրթերից հնչեցին Սերժի ճակատագրական ելույթի խոսքերը:

[Թագուհի Ղազարյան] Վերջին տասը տարվա մեջ առաջին օրն է, որ Սերժ Սարգսյանը ՀՀ-ի ղեկավարը չի: Ութ օր ինքը որևէ պաշտոն չի զբաղեցնելու: Էրեխեքով հումոր ունենք, որ էդ 8-ը շրջվելու ա, դառնա անվերջության նշան` ∞: Կամաց-կամաց ինքներս մեր ասածներին սկսում ենք հավատալ: Որոշել ենք Սերժի հեռանալը պարզապես տոնել, ու ԹիԱյում իսկական տոնական աժիոտաժ է: Սերժի դեմքով կարմիր փուչիկներ ենք պատվիրել ու որոշել լցնել «գաղջ օդով», որոնք հետո հանրահավաքին բաց ենք թողնելու օդ: «Գաղջ օդի» բալոնը մեզ տված անձնավորությունը չի իմացել, թե ինչ նպատակով է տալիս: Չի իմացել նաև, թե ինչ նպատակով է տալիս մեզ Չեբուրաշկայի հագուստը՝ տարածաշրջանում միակ Չեբուրաշկայի հագուստ ունեցող մարդը, իսկ մենք դրանով հանրապետության հրապարակում ելույթ ենք պատրաստել:

[Անի Վարդանյան] Սովորական գերզբաղված երկուշաբթի էր։ «Ռեստարտի» գործունեությունը դադարեցված էր։ Միայն ես էի աշխատում։ Տարբեր համալսարարանի ուսանողներին գրքեր էի բաժանում։ Հետո էլ՝ գրքերը վերցնում ու հետս տանում տուն։ Նույն ժամանակաշրջանում չէր եղել մի օր, որ առանց գրքի տանից դուրս գամ կամ առանց գրքի տուն հետ գնամ։

[Սոնա Մնացականյան] Երեկվա զրույցը ահագին բան ա փոխել. ինձնից թաքուն, իբր ձեռի հետ լայվերն եմ միացնում, լսում: Գրուփ-չաթում հարցնում եմ, թե Սաքոյից բացի՝ էլ ով ա հետևում իրադարձություններին: Աննան ասում ա՝ մեկումեջ Թումոյում հետևում եմ լայվերին, բայց Վիոլետը հա ասում ա՝ իմաստ չունի, մեկ ա, արդեն սաղ որոշված ա:

[Արմեն Գալջյան] Այսօր նաև արդեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունն էր, ինչը մի փոքր փոխում էր քաղաքական դաշտի դասավորվածությունը: Քայլեցինք դեպի Սևան քաղաք, սկսեցինք բաժանել մերժիրսերժին թռուցիկները։ Քաղաքացիները, տեսնելով ՍՍ-ի դեմքը, կարծում էին, որ մենք իր քարոզիչներն ենք և հաճախ պատռում էին այն:

Ես տեսնում էի մարդկանց դեմքերին, որ նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում, ինչու հենց հիմա պետք է մերժել, շատերը չգիտեին նրա վարչապետ դառնալու մտադրության և դրա տակ թաքնված քաղաքական հետևանքների մասին:

[Սոնա Մնացականյան] Գեմոն «Հոդված 3» ակումբի հանդիպումից ա պատմում, ասում ա՝ առանձնապես հույս չունեմ, բայց կարողացածիս չափ պիտի օգնեմ: Սաքոն արձագանքում ա, թե՝ պիտի գոնե ցույց տանք մեր անհամաձայնությունը, քանի որ օղակը գնալով սեղմվում ա:

[Անի Վարդանյան] Համալսարանում կյանքը նույն էր։ Ոչ մեկի մոտ արտառոց ոչինչ չկար։ Մարդիկ հարմարվել էին արդեն, որ Սերժ Սարգսյանը պետք է իշխանության գլուխ գա։ Ոչ մեկ պայքարելու ու փոփոխություններ անելու ցանկություն ու մտադրություն չուներ։ Հուսալքություն ու հուսահատություն չէր դա, ավելի շատ անտարբերություն էր։

Ես այդ անտարբերությանն ամեն օր հանդիպել եմ դեռևս «Տարկետում լինելու ա» շարժումից։ Մարդկանց համար մեկ էր, թե դու ինչի համար ես պայքարում, արդյունքի կհասնե՞ս, թե՞ չէ։ Նույնը «Ռեստարտի» բոլոր ակցիաների ժամանակ։ Ու ինձ համար այդքան էլ զարմանալի չէր, որ կուրսընկերներս հերթական անտարբերությունն էին դրսևորում Հայաստանի քաղաքական կյանքի նկատմամբ։

Ես էլի լայվերին էի հետևում։ Մտադրությունս փոխված չէր։ Դեռևս միանալու ցանկություն չունեի։ Հիշում եմ՝ երեկոյան տեսա, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը ծաղրական ակցիա է կազմակերպել, որտեղ Սերժ Սարգսյանի համար գումար էին հավաքում։ Ճիշտն ասած, եթե ավելի շուտ տեղյակ լինեի, հնարավոր է, որ գնայի։ Բայց արդեն ուշ էր՝ ակցիան ավարտվել էր։

[Թագուհի Ղազարյան] ԹիԱյում բուկլետ, փուչիկ, գրատախտակ, էս կողմ-էն կողմ վազվզել. իսկական նախատոնական աժիոտաժ է: Արենը բերել է իր դարակազմիկ ելույթը, որը պետք է Չեբուրաշկան արտասանի: Ոչ մեկը չի համաձայնում լինել Չեբուրաշկան: Արենին ենք համոզում, չի համաձայնում, էլի ենք համոզում, էլի չի համաձայնում: Ելույթն ենք կարդում, խմբագրում, նորից համոզում: Վերջը փորձում է Չեբուրաշկայի գլուխը: Ակնոցին խանգարում է: Առանց ակնոց չի կարող տեքստը կարդալ: Ակնոցով է փորձում, անհարմար է, տեղը չի ընկնում: Ոտքի տակ չի կարողանում նայել: Մի խոսքով: Ազատության հրապարակում փուչիկները բաժանում ենք մարդկանց ու խնդրում միայն էն ժամանակ բաց թողնել, երբ հարթակից կհայտարարվի: Մինչև հայտարարվելը փուչիկների մեծ մասն արդեն օդում է:

[Սոնա Մնացականյան] Կարենն ա գրում, թե՝ ժող, երեկ հայ-հայ ա ես էլ էի դառնում քայլող: Հը՞, Կարեն ջան, պատմի իմանանք՝ ոնց: Ասում ա՝ գնացել էի Վրաստան տուրիստականի գործերով, հետ էի գալիս, Սևանում կանգնեցինք գազ լցնելու, մտա սիգ առա ու ավտոյին չեմ հասել, մեկ էլ տեսնեմ Նիկոլի արշավախումբը թունելից ելավ: Ամոթից ձեռքիս ձուկը գցեցի թփերի մեջ, մոտեցա ծանոթներիս հետ ողջագուրվեցի, մտածեցի հետները քայլեմ, բայց տեսա, որ հեռախոսս նստած ա թարսի պես ու տնեցիքին չեմ կարա խաբար անեմ, ավտոն էլ լիքը ծառ ու թուփ էի տանում, որ պետք ա շուտ տնկվեր: Էդպես հետ դառա, չքայլեցի ))

Քրիստն ասում ա՝ ոչինչ, Կարեն ջան, մի քանի օրից միասին կքայլենք ))

[Արմեն Գալջյան] Անտիսաշիկ առաջին գործողությունից հետո ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ զգուշացնելով, թե մեր գործողությունները անօրինական են և նման այլ բաներ․ տեքստը հիմա չեմ հիշի։ Դրան ի պատասխան մենք իրականացրեցինք «անտիսաշիկ» երկրորդ օպերացիան:

Մեր Դավոյան Արփիի տան առջև սատկած ծիտ էին դրել՝ փորձելով վախի մթնոլորտ տարածել մեր թիմի ներսում, բայց դե էլի իրականության զգացումը կորցրել էին, չէին հասկանում, որ հեղափոխական տեսակի հետ գործ ունեն։ Որոշեցինք դրան ի պատասխան Շարմազանովի տան առջև սնիկերս դնել։ Ես էլ առաջարկեցի, որ սնիկերսը կծած դնենք։ Երևանում գտնվող մեր ընկերները շատ արագ ճշտեցին Շարմազանովի տան տեղը, և ժամեր անց կծած սնիկերսը հայտվեց վերջինիս դռան առաջ։

Ճանապարհի անցնող մեքենաների 90 տոկոսը ազդանշանով ողջունում էր մեզ։ Դա իսկապես շատ լավ ազդակ էր մեզ համար, մենք մոտենում էինք Երևանին և արդեն երևում էր, որ ավելի ակտիվ շրջաններում տեղյակ են, թե մենք ովքեր ենք, ուր ենք գնում և ինչի համար:

[Թագուհի Ղազարյան] Արենը Հյուսիսայինին կից անցումում հագնված, պատրաստ սպասում է, բայց ոտքի տակ լավ չի տեսնում: Գնում եմ՝ ուղեկցելու դեպի հարթակ: Բեմ է բարձրանում Չեբուրաշկան: Չեբուրաշկայի դարակազմիկ ելույթը ուղիղ եթեր տալուց հետո, ի դեպ, արգելափակվեց factor tv-ն: Այսօր մեր չափանիշներով շատ-շատ ենք: «Իրազեկ քաղաքացիները» կարծեմ 900 մարդ է հաշվել Ազատության հրապարակում: Բնականաբար, ոստիկանների բացարձակ անտարբերության ներքո երթ ենք անում Երևանի կենտրոնական փողոցներով, իրազեկում քաղաքացիներին ամսի 13-ի հանրահավաքի մասին: 

Հորդորում եմ Շահենին հաճախ կրկնել «Քա՛յլ արա, Մերժի՛ր Սերժին» կարգախոսը՝ ի սոլիդարություն քայլող մեր ընկերների և ի նշան համախմբվածության: Անցնում ենք Երևանի կենտրոնական փողոցներով: Նստում՝ որտեղ կամենանք, փակում փողոցը, փակած պահում՝ որքան կամենանք, շարժվում մյուս կետին: Վերադառնում ենք Ազատության հրապարակ: Մենք մեզնից գոհ ենք: Շատ մարդ կար: Լավ է անցել:

[Միքայել Նահապետյան] Գագարինում ենք։ Երևի մեր առաքելությունն էլ հեղափոխության քիփլիկ կոսմոսը գրավելն է, ու էդ առումով էս կանգառը հատկանշական է։ Կատակը` կատակ, բայց օրը հրաշալի էր։ Վերջին շտրիխներն ենք քննարկում։ Կարելի է ասել՝ մնում է Երևանի կարմիր լենտը կտրելը։ Աննան պլեճ է հյուրասիրում, Նիկոլը պատմում է իր ընդհատակում եղած ժամանակվա մի պատմություն, որ հիմա չեմ մեջբերի` իր ու գլխավոր հերոսների թույլտվությունը չունենալու պատճառով։ Բայց էդ պատմությունն էլ է հույս տալիս, որ, եթե նույնիսկ ամեն ինչ էնքան էլ լավ չգնա, նրանք, ում մենք ինչ-որ պահի օգնել ենք, չեն մոռանա։

ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>
[օր 11] Ուսանողն իրավունք չունի լինել հարմարվող

x