Արմեն Սարգսյանը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամին առաջարկել է ընդլայնել ծրագրերը Հայաստանում

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ։
Հիմնադրամի նախագահ Իզաբել Մոտան ներկայացրել է հաստատության մարդասիրական և բարեգործական լայնածավալ գործունեությունը, մասնավորապես անդրադարձել Հայաստանում և Սփյուռքում իրականացվող ծրագրերին:

ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը կարևորել է հիմնադրամի հայանպաստ աշխատանքն ու մեծ ներդրումը հայապահպանության ու հայագիտության զարգացման գործում։
Նախագահ Սարգսյանը խոսել է հիմնադրամի կողմից իրականացվող գիտահետազոտական ծրագրերի մասին՝ մասնավորապես հիշատակելով, որ կառույցը դեռևս խորհրդային տարիներից աջակցում է Մատենադարանին:

«Կարծում եմ՝ լավ գաղափար կլինի, եթե հիմնադրամը դիտարկի Մատենադարանը որպես միջազգային նախագիծ: Մատենադարանն իր հարուստ ֆոնդերով ու գիտական-մասնագիտական հարուստ փորձով կարող է դառնալ հին ձեռագրերի պահպանման, վերականգնման, գնահատման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման տարածաշրջանային ու միջազգային կենտրոն», - ասել է Արմեն Սարգսյանը՝ առաջարկելով դիտարկել այս ծրագիրն ու համատեղ քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու նպատակով: Նախագահը տեղեկացրել է, որ այս ծրագրի շուրջ քննարկումներ է ունեցել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։

Սարգսյանը հիմնադրամի ղեկավարությանն առաջարկել է ընդլայնել Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ մեծացնելով նաև հիմնադրամի շարունակական աջակցությունից օգտվող ուսանողների, գիտնականների ու հետազոտողների թիվը։
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել համատեղ գիտահետազոտական նախաձեռնությամբ «Հորիզոն 2020» ծրագրին դիմելու հնարավորության մասին։ Նկատի առնելով, որ տարին հոբելյանական է՝ նշվում է Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը, նախագահ Արմեն Սարգսյանը հիմնադրամի տնօրենին է նվիրել այդ առիթով թողարկված նամականիշների հավաքածուն:

Հայաստանի նախագահը դիտել է Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամում բացված` մեծ հային, գործարարին ու բարերարին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը։
Արմեն Սարգսյանն այցելել է նաև Գալուստ Գյուլբենկյանի թանգարան, շրջել ցուցասրահներով։ Գալուստ Գյուլբենկյանը արվեստի մեծ երկրպագու էր, և այս թանգարանում ներկայացված է արվեստի գործերի նրա հարուստ հավաքածուն՝ նկարներ, քանդակներ, մետաղադրամներ, գրքեր, կիրառական արվեստի նմուշներ։

x