Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացումը որևէ առընչություն չունի հարկային բարեփոխումների հետ. Մանե Թանդիլյան

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացումը որևէ առընչություն չունի հարկային բարեփոխումների հետ:

Այդ ոլորտի պատասխանատուն հանդիսանում է կենտրոնական բանկը և անտրամաբանական է ֆինանասական վերահսկողության շրջանակներում ներկայացվող առաջարկը ներկայացնել կառավարության հարկային բարեփոխումների շրջանակներում:

Ոլորտի վերաբերյալ կենտրոնական բանկի մտահոգությունները, լուծման ուղիները միանշանակ անհրաժեշտ է քննարկել և իրականացնել բարեփոխումներ այդ ոլորտներում:

Հետևաբար, առաջարկում եմ կառավարությանը հարկային բարեփոխումների փաթեթից հանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ֆինանսական հաստատություններին վերաբերյալ փոփոխությունների մասը և այդ հարցը խորհրդարանում քննարկել որպես կենտրոնական բանկի կողմից առանձին ներկայացվող առաջարկ՝ ոլորտում առկա խնդիրների լուծման համատեքստում»:

 

x