ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 11] Ուսանողն իրավունք չունի լինել հարմարվող

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

[օր 10] Սերժը դարձավ գործազուրկ

< ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ

 

[Արմեն Գալջյան] Այսօր տնկեցինք «Ուսանողի» ծառը, որով ցանկանում էինք կարևորել նրանց մասնակցությունն այս շարժմանը: Շարունակեցինք քայլել արդեն դեպի Հրազդան քաղաք: Շարունակվում էին անտիսաշիկ օպերացիանները: Ճանապարհի գրեթե բոլոր արագաչափերը փակելով գնում էինք՝ վրան սկոճելով Սերժի պատկերով թռուցիկները:

[Վահան Կոստանյան] Ապրիլի 10-ը ուսանողական պայքարի համար կարևոր օր էր։ Մոնիտորինգ, լրատվամիջոցներ, ամեն ինչ մի կողմ, ես սպասում էի քննարկմանը։ Ֆեյսբուքում իվենթ էի բացել՝ հրավիրելով ուսանողներին Չարենցի արձանի մոտ՝ քննարկելու, թե արդյոք ուսանողներն ինչ-որ բան ունեն ասելու ՍՍ-ի վարչապետացման դեմ ու եթե այո, ապա ինչ ենք անելու։

Առօրյա պարտականությունների պատճառով մի քանի րոպե ուշացած գնացի ու, ի զարմանս ինձ, էնտեղ կային մարդիկ, ում չէի ճանաչում։ Դա կարծում եմ լավ նշան էր։ Այդ օրը առավոտյան ճամբարում հատուկ էս միջոցառման համար տնկվել էր ուսանողների ծառը, ու Արայիկն էլ եկել էր Երևան՝ մասնակցելու քննարկմանը։

[Թագուհի Ղազարյան] Մարիային եմ գրում: Ասում եմ՝ գործնական առաջարկ ունեմ: Ի՞նչ առաջարկ, հարցնում է: Ասում եմ՝ Մերժիր-ի էջը մեռած է, ինձ ադմին դրեք, զբաղվեմ: Թե չէ ինձ ահավոր անօգուտ եմ զգում: Շուտով դառնում եմ ֆեյսբուքում Մերժիր-ի գլխավոր պատասխանատուն: Էջը 600 հետևորդ ունի:

[Սոնա Մնացականյան] Համալսարանում դաս ունեմ։ Դասից հետո օֆիսում եմ, չեմ հիշում, թե ով էր, երևի պատմաբաններից էին՝ Սմբատը կամ Հովոն, խոսում ենք տարբեր բաներից՝ դասեր, ուսանողներ, օրվա քաղաքական անցուդարձ։

Կարեն Կարապետյանը նախորդ օրը պաշտոնապես ա տվել Սերժի անունը՝ որպես վարչապետի թեկնածու՝ վերջնականապես ընդունելով իր խամաճիկային դերը։ Մեր զրույցի ընթացքում Կարենը (Կարապետյանը չէ ։)) ծառ ու ծաղկունքի նկարներ ա գցում մեր չաթ, ու ես գրում եմ՝ «Յասամանը ծաղկել ա՝ չնայած նրան, որ Սերժը շարունակելու ա մնալ էկրաններին»։

[Վահան Կոստանյան] Ես, Արմենը, Արայիկը պատմեցինք նախորդ օրերի մասին, այն փիլիսոփայության մասին, որ դրված էր պայքարի հիմքում։ Ահագին հարցեր եղան՝ սկսած Սահմանադրական փոփոխությունների ժամանակ ՔՊ-ի դիրքորոշումից մինչև ոչ բռնի պայքարի մեթոդաբանություն։ Ու կարևոր էլ չէր, թե արդյոք պատասխանները գոհացնում էին մարդկանց կամ ոչ։ Զգում էի՝ ուսանողներն ուզում են իրենց բաժին Հայաստանն ազատագրել, ու դրա համար առաջնորդներ իրենց պետք չէին։

[Անի Վարդանյան] Առավոտյան երկար ուղիղ եթերն էի նայում։ Մարդկանց կարծիքներն էի կարդում։ Փորձում էի տրամադրվածությունը հասկանալ։ Համալսարանում տիրող կարծիքը ահավոր անտանելի էր։ Մի քիչ հուսադրող էր համացանցում մարդկանց արձագանք։ Շատերը մեծ ակնկալիքներ ունեին շարժումից, շատերը երևի իմ նման կարծում էին, որ շուտ վերջանալու է։ Օրը սովորական անցավ։ Արտառոց ոչինչ չկար։ Համալսարանի, գրքերի գործը ու տուն։

[Վահան Կոստանյան] Երբ արդեն բանախոսները գնացին, մնացել էինք մենք՝ դեմ դիմաց մեր ռեպրեսիվ բուհական համակարգի հետ, ու պիտի որոշեինք՝ ինչ անել։ Շահենի ու մյուսների հետ եկանք հայտարարի, որ հաջորդ առավոտյան սկսում ենք իրազեկման միջոցառումներ անցկացնել ԵՊՀ-ում ու հետո արդեն մյուս բուհերում։

Պիտի ապրիլի 13-ի ցույցի վերաբերյալ տեղեկացնեինք երիտասարդներին։ Իսկ սա իմ համար ամենաբարդ գործն էր։ Ամիսներ առաջ՝ տարկետման ցույցերի ընթացքում Բաղրամյան փողոցում տեսել էի ուսանողների հուսահատ խոնավ աչքերը, որի համար ինձ չէի ներում (ու մինչև հիմա անգամ) ու անձնապես պատասխանատու էի զգում ինձ, որ ընկերներս ու ավելի ցածր կուրսերի ուսանողները նորից չկոտրվեն։ Նախորդ շարժման ընկերներիցս մի մասը այդ օրը չկային․ չէին հավատում կամ չէին ուզում քաղաքականացվել, բայց արդեն ուշ էր, պետք էր գնալ մինչև վերջ ու փախչելու տեղ չկար։ Փախուստը կնշանակեր թողնել բուհական համակարգին մնալ նույն հորձանուտում՝ առանց հեռահար որևէ լույսի շողի, կնշանակեր, որ շատերին կճնշեին համալսարանում, շատերին կհեռացնեին, շատերը կկորցնեին հավատը իրենք իրենց նկատմամբ։

Այդ օրը բարձրաձայնեցի ավագ ընկերներցս Տաթևի հինգ տարի առաջ՝ Րաֆֆու ցույցերի ժամանակ ինձ տված խորհուրդը՝ ուսանողն իրավունք չունի լինել հարմարվող։

[Արմեն Գալջյան] Հրազդան քաղաք մտնելիս մեզ միացավ Սասուն Միքայելյանը՝ իր կազմակերպած ավտոերթով: Այսօր ավանդական դարձած ճամբարը չխփեցինք, քանի որ Հրազդանում ունեինք կուսակցության մեծ գրասենյակ և այնտեղ գիշերեցինք, չնայած՝ ես վերադարձա Երևան, քանի որ հաջորդ օրը ԵՊՀ-ում պետք է իրազեկման ակցիա իրականացնեինք ապրիլի 13-ի հանրահավաքի համար:

Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիս էր տալիս Ազատություն ռադիոկայանին, մենք էլ իր հետևում խոտերին նստած հանգստանում էինք: Քայլոն իրեն շատ վատ էր զգում, ոչինչ չէր ուտում, ես էլ անհանգիստ էի, քանի որ պետք է գնայի Երևան․ և շատ տխուր կստացվեր, եթե նա մեզ հետ չհասներ Երևան: Բարեբախտաբար հաջորդ օրն իմացա, որ ամեն ինչ կարգին է:

[Թագուհի Ղազարյան] Գարուշը ստվարաթղթե մեծ արկղերից 《Գազ տուր Սերժին》 գրությամբ կաղապարներ է պատրաստել՝ արագաչափերի վրա կախելու համար։

Մերժիր Սերժինը էսօր գնում է Հրազդան՝ կրկին հանդիպելու Իմ քայլին։

[Միքայել Նահապետյան] Սուրճի հինգերորդ բաժակից ու ծխախոտի երկրորդ տուփից հետո տեքստը կա, մենք` չէ։ Երկար-բարակ գրեցինք էն, ինչն ըստ էության վերջում մի հատ նկար պիտի դառնար։ Խոսքը քաղաքական մեր օրակարգի մասին է։

Մտածում եմ, որ դա ուղղակի թղթի վրա պիտի մնա: Խոշոր հաշվով, Ամերիկան էլ թուղթ գրելով Ամերիկա դարձավ, բայց ինձ մի տեսակ Թոմաս Ջեֆերսոն չեմ զգում, որովհետև մի բան է, երբ քաոսը չոքել է դուռդ, ու բոլորը գիտակցում են էդ տեքստի շուրջ համաձայնության գալով ապրելու անայլընտրանքայնությունը, մի ուրիշ բան է, որ փորձում ես բացատրել, թե դա ինչքան կարևոր է։ Հատկապես, եթե Համաշխարհային բանկի կամ ՎԶԵԲ-ի կոնսուլտանտ չես, Հայաստանում դժվար թե քո ասածի մեջ լրջություն տեսնեն։

ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>

[օր 12] Շոուն ստացվեց, հեղափոխությունը պիտի՛ ստացվեր

x