Վրեժխնդրությունից չեմ արել. Մատենադարանի տնօրենը՝ գիտական խմբի տարրալուծման մասին |tert.am|

tert.am: «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն այսօր հրավիրված ասուլիսին լրագրողների խնդրանքով անդրադարձավ Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի գիտական ղեկավար, պրոֆեսոր, բանասիրական և պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանի՝ իր հասցեին ուղղված մեղադրանքներին,  թե Տեր-Ղևոնդյանը փակել է իր ղեկավարած գիտահետազոտական խումբը, ինչ համարում է անձնական հաշվեհարդար:

Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ ցանկացած կառույցում, գիտական կենտրոնում ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում կառուցվածքային փոփոխությունների,  ներքին վերադասավորումների, հատկապես երբ ինքը` որպես տնօրենի թեկնածու, մեկուկես տարի առաջ իր հնգամյա ծրագրում նշել էր կառուցվածքային փոփոխությունների մասին: 

Մատենադարանի տնօրենը նշեց, որ 2 հետազոտական խմբեր կային, որոնք տարրալուծվել են: «Այսինքն՝ այդ մարդիկ ոչ աշխատանք են կորցրել, ոչ հիմնարկից դուրս են մնացել, ոչ էլ գիտական թեման կամ ընդունված ծրագիրն է ընդհատվել, նույնիսկ ֆինանսապես չեն տուժել: Այս մարդկանց, որոնք 4-ը  մեկ, 5-ը՝ մյուս խմբում են, ներկայացրեցի գիտխորհրդին, հետո հոգաբարձուների խորհրդին՝ խումբը տարրալուծելու»,-ասաց նա:

Վահան Տեր-Ղևոնդյանը բացատրեց, որ օրինակ կա մի գիտաշխատող, որը զբաղվում է միջնադարում լատիներենից հայերեն կատարած թարգմանությունների ուսումնասիրությամբ և աշխատում մի խմբի մեջ, որտեղ չկա ոչ մի մարդ, որ լատիներեն գիտի և այդ դարաշրջանի մասնագետ է: «Ցանկացած հոդված գրելուց պետք է բաժնում քննարկվի, մարդիկ առաջարկություններ անեն,  երաշխավորեն կամ չէ, և հիմա այդ խմբում չկա ոչ մի լատինագետ, ի՞նչ իմաստ ունի այդ տղային այդ խմբում պահել, եթե կողքին կա խումբ, որն ունի լատիներենի, հունարենի երեք փայլուն մասնագետներ»,-ասաց Տեր-Ղևոնդյանը:

Արծրունի Սահակյանի խմբին անդրադառնալով՝  նա նշեց, որ այստեղ կա մասնագետ, ով զբաղվում է ժողովրդական բժշկությամբ, բայց որևէ այլ մեկն այդ ոլորտով չի զբաղվում: Դրա փոխարեն՝ կողքին տասնամյակներով կան միջնադարյան բժշկագիտության և պատմագիտության բաժիններ, որտեղ լավագույն մասնագետներ են:
«Հիմա այդ մարդն իր գործը պետք է քննարկի, ո՞ւմ հետ քննարկի՝ մարդ չկա, որ հասկանում է: Այս խմբերի տարրալուծումը, գնալն այլ բաժիններ պայմանավորված է միայն ու միայն գիտական նպատակահարմարությամբ»,-ասաց Մատենադարանի տնօրենը և հավելեց, որ երկու պաշտոն է վերացրել միայն, բայց մարդիկ չեն կրճատվել: 

x