Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին խոսելով Հայաստանում տեղի ունեցող զարգացումներից, նշեց․  

«Այսօր իսկապես Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություն­ներ են տեղի ունենում: Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել:

Մենք ամենօրյա ռեժիմով կրճատում ենք ստվերային տնտեսությունը. վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել և ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ: Մեր բյուջեի եկամտային մասի լրջագույն գերակա­տարում­ներ են արձանագրվել և մենք մտադիր ենք 2019 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարել շուրջ 80 միլիոն դոլարով:

Այս հավելյալ գումարները կծառայեն ճանապարհների կառուցմանը, կրթական և առողջապահական ներդրումներին, տարածքա­յին համաչափ զարգացմանը և աշխատա­վարձեր կբարձրացվեն: Մեր կառա­­վարության գործունեությունը թափան­ցիկ է և հաշվետվողական և մեր իշխանությունը բխում է մեր ժողովրդի ազատ կամարտահայտությունից:

Հայաստանն այսօր միարժեքորեն ժողովրդավարական երկիր է, խոսքի և հավաքների կատարյալ ազատությամբ: Ընտրությունների կեղծման, համա­կարգային կոռուպցիայի էջը մեր երկրում փակված է անշրջելիորեն, մեր կառավարու­թյունը միջոցներ է ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանության մակար­դակը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ:

Բայց մեր ժողովրդավարությունը ուժեղանալու, տնտեսապես և ինստիտուցիոնալ երաշխիքների անհրա­ժեշտու­թյուն ունի: Ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, անկախ դատական համակարգի կայացումը, հակակոռուպցիոն ինստիտուտների հիմնադրումն ու ուժեղացումը այն առանցքային ոլորտներն են, որտեղ մենք ԵԽ-ի աջակցության կարիքն ունենք:

Այս ամենը կարևոր է ոչ միայն քաղաքական հեղափոխության արդյունք­ներն ամրագրելու այլև մեր սկսած նոր՝ տնտեսական հեղափոխությունը բարեհա­ջող ավարտին հասցնելու համար:

Մեր ձեռնարկած տնտեսական հեղափոխության առանցքային նպատակն ու իմաստը մեր քաղաքացիներին տնտեսական գործունեու­թյան քաջալերելն է, նրանց համար իրական հնարավորու­թյուններ ստեղծելը, Հայաստանը ներդրում­ների և զբոսաշրջության համար առավել գրավիչ դարձնելը և մեր երկիրը տեխնո­լո­գիական առաջամարտիկի վերածելը:
Եվ մենք համոզված ենք, որ հաջողելու ենք այս դժվարին առաքելության մեջ, որովհետև մեր ժողովուրդը վերագտել է վստահությունը սեփական ուժերի և սեփական ապագայի նկատմամբ»:

 

x