Ունենք հարևաններ, որոնց հետ հարաբերությունները նույնսիկ շատ լավ են․ վարչապետը՝ ԵԽԽՎ պատգամավորի հարցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթից հետո պատասխանում է պատգամավորների հարցերին։

Առաջին հարցը ուղղված Նիկոլ Փաշինյանին հետևյալն էր․ «Պարո՛ն վարչապետ, Դուք արդեն խոսեցիք Ադրբեջանի հետ ձեր հարաբերությունների մասին, բայց ձեր երկիրն այլ հարևաններ ևս ունի, որոնց հետ հավանաբար նույնպես խնդրահարույց հարցեր կան։ Արդյոք Դուք գո՞հ եք մյուս հարևանների հետ ձեր հարաբերություններից, և եթե ոչ, ի՞նչ բարելավումներ եք առաջարկում»։

Հարցին Փաշինյանը պատասխանեց, որ իհարկե, մենք ունենք ոչ միայն այնպիսի հարևաններ, որոնց հետ հարաբերություններն այնքան էլ լավ չեն, այլ նաև հարևաններ, որոնց հետ հարաբերությունները լավ են և նույնիսկ շատ լավ են։ «Ես նկատի ունեմ հատկապես Վրաստանը և Իրանը, որոնց հետ մեր հարաբերություններն իսկապես բարձր մակարդկաի վրա են գտնվում, նրանց հետ ունենք բարձր մակարդակի երկխոսություն, փորձում ենք ավելի զարգացնել դրանք։ Իհարկե, դուք գիտեք, որ ցավոք, մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և սրանով ամեն ինչ ասված է։ Ադրբեջանի պարագան բոլորիս համար պարզ է, Թուրքիայինը մի քիչ այլ է, քանի որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կառուցման հարցը կապում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով։ Հայաստանն իր հերթին չի փոխել դիրքորոշումը. մենք ասել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Ուզում եմ ընդգծել, որ մենք մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ, ինճպես նաև մյուս հարևանների պատկերացնում ենք խաղաղության օրակարգների շրջանակներում, և ուրախ եմ, որ մեր կառավարությունը կարողացել է հարաբերությունների սեղանին դնել հենց այս օրակարգը»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

x