Ամենամեծ բանը, որ պետք է անեմ կոռուպցիայի դեմ պայքարելու համար այն է, որ ինքս անձամբ չպետք է ներքաշվեմ կոռուպցիայի մեջ․ Նիկոլ Փաշինյան

ԵԽԽՎ նիստում իր ելույթից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորի՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է․

«Գիտեք, երբ ես մտածում եմ, թե ամենամեծ բանը, որ պետք է անեմ կոռուպցիայի դեմ պայքարելու համար որն է, իմ միակ և ամենավստահելի պատասխանը հետևյալն է՝ ինքս անձամբ չպետք է ներքաշվեմ կոռուպցիայի մեջ։ Շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն դա, հավատան դրան, որովհետև չեմ կարծում, թե աշխարհում կա որևէ վարչապետ կամ կառավարություն, որ ասում է՝ ես մտադիր եմ կամաց-կամաց ներգրավվել կոռուպցիայի մեջ, բոլորն էլ հակառակն են ասում։ Այստեղ շատ կարևոր է դառնում իշխանության խոսքի հանդեպ վստահությունը։ Սա է պատճառը, որ բազմիցս նշել եմ՝ երկրի ղեկավարի կարգավիճակում իմ գտնվելն իմաստավորված եմ համարում այնքան ժամանակ, քանի դեռ ունեմ մեր ժողովրդի վստահությունը։ Իհարկե, առաջինը ես, իմ ընտանիքի անդամները, հարազատները պետք է առանձնահատուկ ուշադրության ներքո լինենք այս առումով, և թափանցիկությունը Հայաստանում կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որ թեև դեռ հարյուր տոկոսով կայացած չէ, բայց ահագին քայլերով գնում է առաջ։ Ուզում եմ ասել, որ ընդամենը տասը օր առաջ քրեական գործ է հարուցվել իմ մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, և փաստը, որ այս գործը կքննվի օբյեկտիվ, ևս մեկ ապացույց է, որ մենք գնում ենք այդ ճանապարհով»։

x