Նոր օրենքի նախագծով երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել 0 տարեկանից սկսած |armtimes.com|

armtimes.com:  Այսօր ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստի ժամանակ քննարկել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նախագիծը, որով  նախատեսվում է նախադպրոցական կրթական հաստատություններում ներդնել այլընտրանքային եւ ծախսարդյունավետ մոդելներ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման համար ստեղծել համապատասխան պայմաններ: Նախատեսվում են նաեւ կադրերի շարունակական վերապատրաստման մեխանիզմների, նախադպրոցական կրթություն իրականացնող հաստատություններում կրթության չափորոշիչների ներդրում եւ որակի բարելավում:

Օրինագծով առաջարկվում է փոխել նաեւ մանկապարտեզ հաճախող երեխաների տարիքային շեմը: Եթե այսօր մանկապարտեզները նախատեսված են 3-6 տարեկան, որոշ դեպքերում՝ 2 տարին լրացած երեխաների համար, ապա օրենքում փոփոխությունների ընդունման դեպքում՝ կարող են նախակրթարան հաճախել 0-6 տարեկան փոքրիկները: Նախարարի խոսքով՝ տեսականորեն նախադպրոցական եւ նման ծառայություններ կարելի է մատուցել 0 տարեկանից. «Սա թույլ կտա, որ աշխատող ծնողները շատ հնարավորություն ունենան ավելի վաղ վերադառնալու իրենց աշխատանքին»:

 

x