Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ստեղծված իրավիճակում դատավորը, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնի, պետք է հերոս լինի. պաշտպան |armtiems.com|

armtimes.com: Դատարանում երեկ տեղի ունեցածը իրավաբանական տեսանկյունից ծայրահեղ մեծ խախտում է իրենից ներկայացնում:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, որոշել էր կալանքի տակ թողնել Քոչարյանին:

Ալումյանի գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանը շատ կոպիտ ձեւով խախտել է Քրեական օրենսգրքի բազմաթիվ նորմեր, որոնց վրա պաշտպանական կողմը հիմնվում էր: Ըստ նրա՝ յուրաքանչյուր փաստարկը առանձին վերցրած բավարար էր, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հենց երեկ ազատ արձակվեր:

«Ինչպես ասաց պարոն Քոչարյանը դեռ դատավարության ժամանակ, մենք, իհարկե, չենք կարող ակնկալել, որ դատավորը պետք է հերոս լինի, այս գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորն այս փուլում կարող է կայացնել օբյեկտիվ որոշում: Այսինքն՝ բավարար չէ, որ դատավորը ուղղակի լավ իրավաբան լինի, լավ դատավոր լինի, լավ մարդ լինի այս գործով, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնի, ինքը նաեւ պետք է լինի հերոս»,- ասաց Ալումյանը: Հարցին՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանը հերո՞ս է (Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատ արձակած դատավորը,-հեղ.), Ալումյանը արձագանքեց. «Իմ ասածի տողատակերը երեւի ճիշտ հասկացաք՝ հաշվի առնելով այն ճնշումները, որոնք եղել են ու կան»:

Պաշտպանի խոսքով՝ տարբեր աղբյուրներից ստույգ տեղեկություններ են սկսել ստանալ, թե ում միջոցով և ինչ եղանակներով են պատվերները հասնում դատավորին։
«Կգա դրա ժամանակը եւ կներկայացվեն անուններ՝ անուն առ անուն։ Այնպես չէ, որ այս ամեն ինչը միշտ լինելու է քողարկված, եւ զսպանակն ինչքան սեղմվի, այնքան ավելի ուժեղ է հետ բացվելու», - ասաց նա:

Ալումյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող թաքնվել քննությունից. «Այդ մարդուն չի կարելի ասել, որ ինքը կարող է թաքնվել քննությունից: Ռոբերտ Քոչարյանն իր կյանքով ապացուցել է, որ ինքը թաքնվողը չէ: Ինքը շատ ավելի ծանր կյանքի մեջ շատ ավելի ծանր իրավիճակներում է եղել ու հենց այն բանի շնորհիվ, որ ինքը թաքնվողը չէ, մենք շատ ավելի հաղթանակներ ենք արձանագրել»,- ասաց Ալումյանը:

Վերջինս չցանկացավ խոսել հետագա քայլերի մասին՝ նշելով, որ իրենք շատ անսպասելի քայլերի են պատրաստ ու շատ ազդեցիկ, պարզապես չենք ցանկանում, որպեսզի խնդիրը հասնի դրան:
Ալումյանը նաեւ խոսեց հիմիկվա գործից ՀՀ ՔՕ 300. 1 հոդվածի եւ 2008 թվականին գործող 300 հոդվածի հարաբերակցության մասին: 

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի եւ նրա 2.5 տարեկան թոռնիկի տեսակցության մասին, Ալումյանն ասաց, որ ապրիլի 3-ին Ռոբերտ Քոչարյանի թոռնիկի մայրիկի հետ միասին գնացել են քրեակատարողական հիմնարկ՝ նպատակ ունենալով տեսակցել Քոչարյանին, ինչը չի թույլատրվել: Հետագայում՝ ապրիլի 4-ին, քննիչը ասել է, որ ինքը պատրաստ է թույլատրել թոռնիկի տեսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ Քոչարյանը մինչ այսօր չի տեսակցել թոռնիկի հետ:

x