ՊԵԿ տեսուչները, համոզելով տնտեսվարողներին, տուգանք են արձանագրում |lragir.am|

lragir.am։ Վարջին շրջանում գործարարներից ահազանգեր են հնչում այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի տեսուչները, համոզելով տնտեսվարողներին, տուգանք են արձանագրում այն դեպքում, երբ նույնիսկ խախտում չեն հայտնաբերել: Այս մասին  ասաց «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը, հավելելով, որ ինքը ստացել է բողոքներ:

Նրա խոսքով՝ ՊԵԿ տեսուչները գործարարներին ասում են, թե այդ ստուգումից հետո դարձյալ նրանց ստուգելու են, հանգիստ չեն թողնելու, և հնարավոր է ավելի լուրջ խախտումներ արձանագրվեն:

«Ասում են՝ ավելի լավ է հիմա 150 հազար դրամ տուգանվեք, և վերջ, իսկ մենք երաշխավորում ենք, որ երկրորդ և երրորդ տուգանք չի լինի: Այնպես է ստացվում, որ եթե իրենք հիմա ակտ չգրեն, միևնույն է, գործարարին հանգիստ չեն թողնի, ստուգումները կշարունակվեն, ավելի վատ կլինի: Այս մեթոդով մարդկանց ահաբեկում են»,- ասաց Գրիգորյանը:

Գործարարներն էլ, նրանք, ովքեր ամեն դեպքում հնարավոր է խախտումներ են թույլ տալիս ՀԴՄ կտրոն տրամադրելու գործընթացում և լավ տեղեկացված չեն իրենց իրավունքների մասին, համաձայնվում և իրենց կամքով տուգանվում են:

“Ովքեր համաձայնվում են այդ գործարքին, նրանք վախ ունեն, համոզվող մարդիկ են, իրենց իրավունքների համար կռվող չեն: Մարդիկ այսպես են հասկանում՝ հնարավոր է, որ իրենք մի օր սխալվեն, ՀԴՄ կտրոն չտպեն, և տուգանվեն: Տեսուչներն ասում են՝ այնքան կգնանք-կգանք, այնպիսի իրավիճակ կստեղծենք, որ ոնց էլ լինի մի օր կսխալվեք, և ավելի վատ կլինի ձեզ համար”,- ասաց նա:

 

 

x