«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը կկայանա նոր ու ավելի հետաքրքիր ձևաչափով

Դրական է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում սկսված փոփոխությունները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Այդ փոփոխությունների շնորհիվ ամենամյա հեռուստամարաթոնն անցկացվելու է նոր ու ավելի հետաքրքիր ձևաչափով, որպեսզի համասփյուռ հայությունն առավել մեծ ակտիվությամբ ներգրավվի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զարգացմանն ուղղված ծրագրերում:

Հետևաբար, հայտարարում ենք, որ «Ժամանակ» օրաթերթի 12.04.2019թ. համարում տպագրված հոդվածը, ըստ որի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կարող է ընդհանրապես չանցկացվել, չի համապատասխանում իրականությանը: Հիմնադրամի թիմն այժմ աշխատում է հեռուստամարաթոնի ստեղծագործական լուծումների վրա:

Հիմնադրամի Լոս Անջելեսի գործադիր գրասենյակում ս.թ. փետրվարի սկզբին տեղի ունեցած կադրային փոփոխությունները պայմանավորված են եղել գրասենյակային ծախսերը կրճատելու և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու հանգամանքով։ Այդ փոփոխությունները միայն ուժեղացելու են գրասենյակի ներուժը և բարձրացնելու են վստահությունը Հիմնադրամի նոր գործելաոճի նկատմամբ:

Հիմնադրամը մշակել է նոր ռազմավարություն, որի արդյունքում էլ ավելի են ընդլայնվելու Հիմնադրամ-ՀՀ կառավարություն-տեղական ինքնակառավարման մարմիններ հարաբերությունները: Հայաստանի նոր իշխանության հետ համագործակցությունը էլ ավելի է զարգացել ու խորացել: ՀՀ Նախագահը, ՀՀ Վարչապետը և մի շարք նախարարներ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում են, ընդ որում Նախագահ Ա. Սարգսյանը և Վարչապետ Ն. Փաշինյանն անձամբ են սատարում Հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը: Հետևաբար, նոր իշխանությունների հետ «վատ հարաբերություններ» ունենալու բոլոր լուրերը կեղծ են:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հասարակության լայն զանգվածներին շուտով համապարփակ տեղեկություն կտրամադրի տեղի ունեցած փոփոխություների և առաջիկա ծրագրերի մասին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

x