Volterman «խելացի» դրամապանակի տեխնիկական գործառույթները լավ չեն աշխատում. ընկերությունն արձագանքում է |tert.am|

tert.am: Հայկական խելացի դրամապանակի՝ Volterman-ի հետ կապված բացի աղմուկ բարձրացրած ուշացումներից, նաև դժգոհություններ կան դրամապանակի տեխնիկական, ծրագրային և հարմարության մասով։

Արթուր Սարգսյանը նախորդ տարվա սեպտեմբերին է ձեռք բերել դրամապանակը և արդեն հասցրել է 3 անգամ փոխել այն։

«Ձեռքբերելուց որոշ ժամանակ անց GPS-ը, մնացած ֆունկցիաներն սկսեցին չաշխատել, տեղը ցույց չէր տալիս։ Փոխեցին, տվեցին նույն դրամապանակից, որը նույնպես չէր աշխատում, ասեցին՝ 15-20 օր սպասեք։ Ծրագրային խնդիր կար, որ չէին կարողանում ուղղել: Օրինակ, եթե հեռախոսը դրամապանակից հեռու էր լինում, դրամապանակն սկսում էր ազդանշան տալ և չէր անջատվում, մինչև հեռախոսը նորից չանջատվեր և չմիացվեր դրամապանակին: 3-րդը, որ տվեցին, մեկ ամիս աշխատեց, բայց հիմա լրիվ անջատված է, ընդհանրապես չի միանում։ Խոսք տվեցին, որ նորից կփոխեն, շատ լավ խմբաքանակ է գալու դրամապանակների, բայց դեռ չեն արձագանք չկա»,- նշեց Արթուր Սարգսյանը։

Նախագծի հեղինակ Ազատ Թովմասյան խոստովանում է, որ դրամապանակների առաջին խմբաքանակն այդքան էլ հաջող չէին ստացվել, բայց արտադրության երկրորդ փուլում խնդիրներն 90 տոկոսով վերացվել են։

«Մենք մի քանի անգամ փոփոխության ենք ենթարկել, համենայնդեպս, այնպես ենք արել, որ ինքը գոհ մնա: Նոր դրամապանակներն արդեն պատրաստ են, որոնք տեխնիկական խնդիրներ են ունեցել, մենք հերթականությամբ փոփոխելով գնում ենք: Արթուրի դրամապանակը 3 անգամ փոփոխել ենք, բայց նույն վերսիայի դրամապանակ ենք տվել իրեն։ Առաջին խմբաքանակը մեզ մոտ այդքան էլ լավ չէր ստացվել, հետևաբար դրանք մենք փոփոխել ենք նորերով: Հիմա իրեն նոր վերսիայի դրամապանակը դեռ չենք տվել, բայց մոտ օրերս արդեն նորացված, մոդիֆիկացված դրամապանակ իրեն կհասնի»,- հայտնեց Ազատ Թովմասյանը։

Նախագծի հեղինակի խոսքով՝ նոր խմբաքանակի դրամապանակներից դեռևս բողոքներ չկան, քանի որ այն հիմնական խնդիրը, որը կապված էր լիցքավորման հետ, վերացվել է։

Կարդալ ավելին

x