Մոսկվայում այսօր կկայանա Մնացականյան-Մամեդյարով-Լավրով եռակողմ հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի եռակողմ հանդիպումը։

Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին հայտնի էր դարձել դեռևս մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո, իսկ ապրիլի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ հանդիպումն անցնելու է եռակողմ ձևաչափով և ներկա է լինելու նաև Սերգեյ Լավրովը։

Լավրովը հանդիպմանը մասնակցելու է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի արտգործնախարար, հանդիպման նախօրեին հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

x