Սուդանում չեղարկել են ԶԼՄ-ների գրաքննությունը եւ հիմնական ազատություններն արգելող օրենքը |news.am|

news.am։ Սուդանի Ռազմական խորհուրդը չեղարկել է հիմնական ազատությունները սահմանափակող օրենքները։ Այս մասին տեղեկացրել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում կատարելով երկրի տեղեկատվության նախարարությանը։

Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ այդ որոշումների թվում է գրաքննության չեղարկումը զանգվածային լրատվամիջոցների համար։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ շաբաթ օրը խորհրդի անդամները հանդիպել են Սուդանի ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են «փողոցի» հիմնական պահանջները «Ազատությունների եւ փոփոխությունների հռչակագրում»։

Պատվիրակության անդամներից մեկի՝ Օմար ադ Դաքիրի խոսքով՝ ընդդիմությունը հույս ունի, որ Ռազմական խորհուրդը կկատարի իր բոլոր խոստումները, ներառյալ քաղբանտարկյալների ազատումը, արդար դատավարությունը նրանց հանդեպ, ովքեր խառն են բողոքի ցույցերի ժամանակ հոսած արյան համար, եւ կդատապարի նրանց, ովքեր հանցակից են կոռուպցիային»։

Սուդանում զանգվածային հուզումների սկսվելուց հետո երկրի իշխանությունները լրջորեն խստացրել էին գրաքննությունը զանգվածային լրատվամիջոցների հանդեպ, որոնք առանց այդ էլ աչքի չէին ընկնում ազատախոսությամբ։

x