Եթե իրենք մտածում են, որ մենք պիտի դուրս գանք կառավարության դեմ՝ չարաչար սխալվում են. «Արարատցեմենտ»-ի աշխատակից |armtimes.com|

armtimes.com: «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ մի քանի հարյուր աշխատակիցներ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել, այդ իսկ պատճառով փակել են գործարան տանող ճանապարհը: Նշենք, որ «ԱրարատՑեմենտ»-ը ներառված է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մեջ:

Աշխատակիցները ցանկանում են հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ եւ նրանից տեղեկանալ գործարանի խնդիրների մասին:

Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, իսկ ինքնարժեքը բարձր է: Աշխատակիցները նշում են, որ 1200 աշխատակիցների ծանուցում է ուղարկվել եւ նրանք պետք է ազատման դիմում գրեն: Նշենք նաեւ, որ աշխատակիցները հրաժարվում են ծանուցումները ստորագրել:

Բողոքի ակցիայի մասնակիցների մոտ էր եկել նաեւ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, ով նշեց, որ եթե գործարանի տնօրինությունն այս հարցին լուծում չտա, ապա կխնդրեն կառավարության աջակցությունը:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Հիմա իրենք ուզում են մի ամբողջ ցեմենտի գործարան՝ 1200 բանվոր հանեն դուրս: Եթե իրենք մտածում են, որ կարող են մի ամբողջ Արարատ քաղաք կատվածահար անել, այս ժողովրդին թողնեն անգործ, իրենք չարաչար սխալվում են: Չունեն լուծումներ, չեն կարողանում, իրենց բարի ճանապարհ, թող դուրս գան: Թող կառավարությունը մարդիկ բերի, մտածի:

Եթե իրենք մտածում են, որ մենք պիտի դուրս գանք կառավարության, մեր վարչապետի, մեր Փաշինյանի դեմ, իրենք չարաչար սխալվում են: Այսօր, որ մենք կարողանում ենք այսպես խոսել, դա մեր վարչապետի շնորհքն է: Թող իրենք չմտածեն, որ կարող են մեր տներից, մեր գործարաններից դուրս հանել: Մենք հլը ուրիշ բաներ չենք խոսում: Մենք այստեղ աշխատել ենք ստրուկի կարգավիճակով ահ ու վախով: Թող գան այդ հարցին որոշում տան, դեռ այնքան բաներ կան...: Չեն կարողանում, ասում եմ՝ բարի ճանապարհ իրենց: Մենք չունենք կենտրոնական ճանապարհ փակելու, մենք չունենք մեր վարչապետի դեմ դուրս գալու»:

x