Եվրոպական տարբեր քաղաքական խմբերի, այդ թվում՝ ԵԺԿ-ի հետ նախնական ճանաչողական քննարկումներ կան․ Վահան Կոստանյան

«Եվրոպական տարբեր քաղաքական խմբերի, այդ թվում՝ ԵԺԿ-ի հետ նախնական ճանաչողական քննարկումներ կան։ Դրանք կարևոր են միջազգային հարթակներում, օրինակ՝ ԵԽԽՎ-ում մեր պատգամավորների նախաձեռնությունների համար: Սակայն, այս պահին անդամակցելու վերաբերյալ որևէ որոշում չկա»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է տեղեկատվությունը, որ ՔՊ-ն մտադիր է անդամակցել Եվրոպական ժողովրդական կուսակցությանը։

Նշենք, որ ԵԺԿ-ն 1999 թվականից ի վեր Եվրոպական խորհրդարանում ամենամեծ կուսակցությունն է։ Այն հիմանակում ներառում է աջ-կենտրոնամետ հայացքներով կուսակցություններին։ 2012 թվականին ԵԺԿ անդամ են դարձել «Հայաստանի Հանրապետական», «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները, նրանք ստացել էին դիտորդ անդամի կարգավիճակ, ինչը Եվրամիության ոչ անդամ երկրների համար միակ կարգավիճակն է:

Վահան Կոստանյանից փորձեցինք ճշտել նաև, թե արդյոք օրեր առաջ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամների հետ «Իմ քայլի պատգամավորների հանդիպման ժամանակ այս թեմայով քննարկում եղել է, և առհասարակ Եվրոպական որ քաղաքական խմբերի հետ են տարվում այդ քննարկումները։ ՔՊ մամուլի խոսնակը պատասխանեց․ 

«Հստակություն երբ լինի, այն ժամանակ կհայտարարենք: Մեր պատգամավորները ՍԴԿ-ի հրավերով Բեռլինում էին՝ ծանոթանալու իրենց քաղաքական խմբի ու Բունդեսթագի աշխատանքներին»։

Նշենք, որ Գերմանիայի ՍԴԿ-ն անդամ է «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք»-ի, որն էլ Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ-ից հետո երկրորդ ամենամեծ խմբակցությունն է։ Խմբակցությունը հիմնականում ներառում է ձախ-կենտրոնամետ կուսակցությունները։

Աստղիկ Քեշիշյան

x