Հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ումից է ստանում իր համար կարեւոր տեղեկությունները. Բորիս Նավասարդյան |news.am|

news.am: Հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ումից է ստանում իր համար կարեւոր տեղեկությունները, որպեսզի դրանք կարողանա իր համար սրբագրել կամ համեմատել այլ աղբյուրներից ստացած տեղեկությունների հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ խոսելով լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտության մասին։

«Շատ լավ հիշում ենք, որ երբ Հայաստանում նոր իշխանություններ էին գալիս, անմիջապես վերաբաշխում էր տեղի ունենում լրատվական դաշտում, եւ այն լրատվամիջոցները, որոնք մի քաղաքական ուժի ձեռքում էին, անցնում էին մյուսի հսկողության տակ: Այդ նույն գործընթացը մենք այսօր չենք տեսնելու, եթե անգամ վերցնենք Հանրային հեռուստաընկերությունը, որը կարող էր դառնալ իշխանական, բայց այդպես չեղավ, ու մենք հանգիստ կարող ենք տեսնել ընդդիմության լայն ներկայացվածություն Հանրային հեռուստաընկերությունում եւ Հանրային ռադիոյում: Հուսով եմ, որ առաջիկայում նոր երեւույթը կամրապնդվի»,–նշեց նա։

Բորիս Նավասարդյանը շեշտեց. «Մենք չենք կողմնորոշվելու տարբեր բամբասանքներով, թե սա նրանն է, ուրեմն այսպես է, եւ այլն: Ամեն ինչ թափանցիկ ու հստակ պետք է լինի, եւ այնտեղ, որտեղ կարող ենք տեսնել ճնշումներ, կստանան համապատասխան հակահարված քաղաքացիական հասարակության ու լրագրողների կողմից»։

 

x