ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 16] Վիճակը նետված է

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

[օր 15] «Էլեկտրիկ Երևանի» ուրվականը

< ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ

 

[Թագուհի Ղազարյան] Շարժումն ի սկզբանե էր ապակենտրոն: Դա որևէ մեկի գաղափարը չէր իրականում, դա պայքարի տրամաբանությունն էր: Միանգամից՝ իրարից անկախ ձևավորվել էին մի քանի նախաձեռնություններ՝ նույն խնդրի շուրջ, նման բան նախկինում չէր եղել, օրինակ, հարյուրհիսունի կամ էլեկտրիկի ժամանակ հրավիրում էին հանրային քննարկում, հանրային քննարկման արդյունքում ձևավորվում էր կոորդինացնող խումբ, խումբը սկսում էր մոբիլիզացնել պայքարողներին ու կոորդինացնել ակցիաները: Նույնը ՈՉ-ի ժամանակ, տարբեր, տարբեր խմբեր կային, բայց ոչ թե էդ խմբերը միանում էին նույն կետին փողոցային պայքարի ժամանակ, այլ հակառակը՝ միանում էին, նոր սկսում փողոցային պայքարը:

[Սոնա Մնացականյան] Երեկ շատ երկար մնացինք Ֆրանսիայի հրապարակում․ խոսեցինք ու վիճեցինք, ծիծաղեցինք ու տխրեցինք, հավատացինք ու հեգնեցինք, վերջում էլի բաժանվեցինք անորոշության զգացողությամբ՝ ավելի շատ վախենալով, որ էս ամեն ինչը դեժավյու ա, որ էլի ա եղել, ու որ միակ բանը, որ մնալու ա, պարտվողներիս խորացող կառչածությունն ա միմյանցից՝ համատարած դեպրեսիայի ծովում փրկվողների պատրանքով ապրելու համար։

[Արմեն Գալջյան] Արթնացա հարբեցողների վեճի ձայներից։ Առավոտյան յոթն էր, այսօր ոչ մի գործողություն պլանավորված չէր, պետք էր հանգստանալ, քանի որ վաղը բեկումնային օր պետք է դարձնեինք։

[Թագուհի Ղազարյան] Էս անգամ ամեն ինչ այլ էր: «Հանուն Հայաստան պետության ճակատը» նստացույց էր սկսել Ազատության հրապարակում, մարտի 1-ին ձևավորված «Մերժիր Սերժին»-ը մարտի քսանչորսին իր առաջին երթն արեց դեպի ՀՀԿ գրասենյակ, Մարտի երեսունմեկին «Իմ քայլը» քայլարշավ սկսեց Գյումրիից: Մերժիր-ը ապրիլ ամսվա ընթացքում ամեն օր ինչ-որ բան էր մտմտում ու մինչև «Իմ քայլ»-ի ժամանելը ամեն օր քաղաքում ինչ-որ ակցիա լինում էր, ուսանողներն էլ հետ չէին մնում, ճիշտ է, որ փոքրաքանակ էին ու չէին կոորդինացվում մի միասնական ուսանողական մարմնից, մի քանի անհատի նախաձեռնություններ էին, բայց հետ չէին մնում: Հեչ որ չէ, լսարանի սեղաններին բուկլետներ էին դնում, իրազեկումներ գրեթե ամեն օր լինում էին քաղաքում:

[Միքայել Նահապետյան] Հայրս մեքենայով հասցնում է Օպերա։ Մխիթարին եմ տեսնում, գրկախառնվում ենք, հարցնում եմ՝ Սիփանին տեսել ես, ասում է, որ Սիփանի կոնկրետ տեղը չգիտի, բայց Նիկոլը մեզ Կետիկնոցում է սպասում։

[Սոնա Մնացականյան] Էսօր արդեն պիտի գնամ գյուղ․ ապերի ծնունդը նշելը հետաձգել ենք կիրակի, որ ինձ ու Լիդին հարմար լինի, չգնալ չի լինի։ Խմբում գրում եմ՝ ինձ կներեք, ես մի օրով լքում եմ շարքերը։ Գեմոն ա բորբոքված պատասխանում՝ Սոն ջան, դաժե կազմակերպիչներից են արդեն լքում, դու մի նեղվի, էն ա Նարեկին տեսա, ասում ա՝ Ճապոնիա գործուղման պիտի գնամ։ Սաքոն ասում ա՝ սրանք լրիվ տուրի՞ստ են։

[Աշոտ Խաչատրյան] Ֆրանսիայի հրապարակի նստացույցը հույս չէր ներշնչում, անկազմակերպ էր, ոգևորվածություն չէի տեսնում։ Հնարավոր է՝ դա միայն իմ սուբյեկտիվ տրամադրվածությունն էր։

Առհասարակ, յուրաքանչյուր պրոցեսի մոտենում էի որպես զվարճանալու հնարավորություն։ Էսքան տարիների ընթացքում փորձս ինձ հուշում էր, որ հետագա հիասթափությունից խուսափելու համար մեծ հույսեր պետք չի կապել, այլ պարզապես պետք ա վայելել փողոցային գործողությունների ամբողջ բերկրանքն ու հույս ունենալ, որ պրոցեսը նոր ակտիվ քաղաքացիների ավելի մեծ, ավելի գիտակից խումբ կտա։

[Թագուհի Ղազարյան] Ճակատը մի քանի օր քայլերթեր արեց քաղաքի տարբեր կետերից, օրինակ, ամսի տասնմեկին իրենք երթով եկան մեզ միացան ՀՀԿ գրասենյակի մոտ՝ Էրեբունուց, ամսի տասներեքին էլ Կոմիտասից էին քայլերթ սկսել՝ էն ժամանակ, երբ մենք Հյուսիսային ավտոկայանից էինք գալիս դեպի Ազատության հրապարակ, բայց մենք չգիտեինք, որ իրենք էլ են գալիս:

[Գոհարիկ Տիգրանյան] Դե ինչ սիրելի ընթերցող, օրերը նմանվում էին իրար, իսկ Աժ-ում ընտրությանը օրը մոտենում էր։ Հրապարակում սկսում էինք հաշվել ամեն մեկին, յուրաքանչյուր ավելացող մարդուց հասկանում էինք, որ ևս մեկն էլ հաղթահարեց իր անտարբերությունը։ Սրան զուգահեռ քաղաքացիական հագուստով ոստիկանները շատանում էին, նրանք խմբերով ու առանձին-առանձին բոլորիս մեջքերի հետևում, մեր դիմաց ու կողքերում էին։

[Անի Վարդանյան] Ապարանում էի։ Հետևում էի քաղաքի իրադարձություններին։ Հեռուստացույցով մի փոքր հատված ցույց տվեցին Ռադիոի գրավումից։ Ահավոր նյարդայնացնող ու սխալ տեղեկատվություն էր։ Ֆեյսբուքում ակտիվ քննարկում էր Ռադիոյի շենքի գրավման վերաբերյալ։ Լավ ու վատ կարծիքերի մի ամբողջ տեղատարափ էր։

[Գոհարիկ Տիգրանյան] Սովորությանս համաձայն նստած էի մայթեզրին, երբ ծանոթներիցս մեկը եկավ, ու սկսեցինք զրուցել։ Զրույցը Կիևից էր, ուսման որակից, իմ՝ ՀՀ-ում լինելուց։ Հետևումս մի տղամարդ նկատեցի, դեմքը բավականին ծանոթ էր, հետո պետք է հասկանայի, որ բազում անգամներ տեսել եմ նրան Ազատության հրապարակում, Բաղրամյանում, Երևանի տարբեր փողոցներում։ Նստածս տեղից կանգնեցի ու սկսեցինք քայլել, հստակ մի բան էր պարզ՝ պարոնը մեր զրույցի երրորդ՝ շողքային մասնակիցն էր։

Հանկարծ Արփիին տեսա, գոռացի, մոտեցավ ինձ, պատմեցի, ու սկսվեց մեր գաղտնի օպերացիան։ Արփին վերցրեց հեռախոսս, որոշեցինք, որ ինձ համար կասկածելի մարդկանց կմոտենա որպես լրագրող ու կհարցնի, թե ինչ ակնկալիքով են եկել հրապարակ։ Դե ինչ, խինդն ապահովված էր, կասկածվողների մոտ 70%-ը քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին, որոնցից մեկը անգամ սպառնացել էր Արփիին՝ ասելով, որ այդ ամենը նրա համար թանկ կարժենա։ Իսկ այ խենթուկը՝ Արփին, ով բնավ վախեցողներից չէ, իմ ընկերակցությամբ բարձր ու լիաթոք հռհռում էր այդ ամենի վրա։

[Թագուհի Ղազարյան] Ֆրանսիայի հրապարակում ամսի տասներկուսին վրան դնելը ինքնաբուխագույն ակցիա էր, մենք էդ օրը միայն ավտոերթ էինք նախատեսել: Մենք դեռ ապրիլի երկուսին էինք որոշել արագաչափեր փակելը, բայց առաջամարտիկը եղավ Լալայանը, որ իրա ներքնազգեստով փակեց արագաչափը ու դրանից հետո սկսվեեեեեց: Բոլոր քաղաքագետները կանխատեսում էին բացարձակ պարտություն, ոչ մեկը չէր պատկերացնում էն սցենարը, մտքների ծայրով էլ չէր անցնում, որ կարող էր նման բան լինել, ինչ որ եղավ:

Բայց ապակենտրոնության միտքը, կարելի է ասել, վերջնականապես բյուրեղացավ ամսի 15-ի առավոտյան՝ Կետիկնոցի քննարկման ժամանակ:

[Միքայել Նահապետյան] Նստած են ՔՊ-ի վարչության մի կեսը, Վահանը, Ռեստարտը, Մերժիրը։ Սուրոն, Վահագը, Գարեգինը ու ես հասնում ենք միաժամանակ։ Առանց երկար նախաբանի Նիկոլը ասում է. «Կարճ կասեմ. տոտալ պադձերժկա եմ զգում` ֆեյսբուքում, հաշվեհամարի վրա, զանգերով... բայց մարդիկ փողոց դուրս չեն գալիս։ Ու ինձ թվում ա, որ մի հատ կնոպկա կա` հենց սղմեմ բոլորը դուրս են գալու փողոցներ։ Հիմա պետք ա հասկանանք ո՞րն ա էդ կնոպկեն»։

Տարբեր մտքեր են հնչում, որոնցից նշանակություն ունեցավ Սուրենի խոսքը։ Ասեց. «Էս շարժման պրոբլեմը էն ա, որ ամեն ինչ մի կենտրոնից ա համակարգվում ու մի կենտրոնում ա կատարվում։ Մարդկանց ստեղծագործաբար մոտենալու հնարավորություն չի տրվում` վառ օրինակը, որ սկի մի հատ պլակատ չկա։ Պետք ա հայտարարել գործիքակազմ ու մարդկանց ազատ թողել` որտեղ ուզում են թող գործեն։ Ապակենտրոն անհնազանդություն ա պետք»։

Ես եմ շարունակում, ասում եմ. «Թանկացումների ժամանակ մենք քարտեզագրել էինք, որ եթե Հրազդան գետի վրայի 4 մեծ ու երկու փոքր կամուրջները փակենք` գետի ձախ ափը աջ ափից կտրվում ա։ Բացի դրանից եթե փակենք Կոմիտասը, Ծիծեռնակաբերդի խճուղին, Մյասնիկյանը ու Արշակունյացը` հյուսիսն էլ հարավից ա կտրվում ու դա տոտալ կոլապս ա»։

[Թագուհի Ղազարյան] Էստեղ առաջին անգամ հնչեց նաև մետրոն պարալիզացնելու միտքը և դրա տեխնիկան: Միտք հղացողը (չեմ հիշում, թե ով) ասում է՝ շատ պարզ է ամեն ինչ, մետրոյի բաց դռների արանքում պառկում ես, ու քանի դեռ դռները չեն փակվում, մետրոն չի շարժվում:

[Միքայել Նահապետյան] Վահագն էլ առաջարկում է Մետրոն փակել ու ասում «Ես դրա պատասխանատվությունը ստանձնում եմ անձամբ»։

[Թագուհի Ղազարյան] Մեկը թե՝ բա որ վարորդը քշի՞: Վահեն՝ ո՞նց կարող է նման բան լինել, վարորդը հո Լյովա Երանոսյանը չի՞:

[Միքայել Նահապետյան] Հետո Նիկոլը փորձում է եղած ուժերի միջև բաշխել էդ գործը, հասկանում է, որ քիչ ենք, գլուխ չի գա ու հնչում է երկրորդ վճռորոշ հարցը. «Չգժվե՞մ հարթակից հայտարարեմ էս մասին»։ Նայում ենք իրար, ժպտում ու արձագանքում, որ դա գժվելիք չի, դա է ճիշտը։

[Թագուհի Ղազարյան] Հետո մտածում ենք էն պակասող գլխավոր ատրիբուտների մասին: Պաստառներ չունենք: Պետք է պաստառներ պատրաստենք: Մեկը՝ ես ներկերը կբերեմ, մյուսը՝ ես թղթերը: Բա ո՞վ պաստառներին կգրի: Բոլորը հույժ կարևոր գործեր ունեն, կարծես թե, ոչ մեկը չի ստանձնում: Ես կգրեմ, ասում եմ, դուք տեխնիկական մասն ապահովեք:

Որոշում ենք նաև, որ Ֆրանսիայի հրապարակում խմբերի գրանցենք՝ տարբեր գործողություններ իրականացնելու համար՝ մեքենայով, հետիոտն ու հեծանիվներով քաղաքացիների, որոնք պատրաստ կլինեն գործողությունների: Երկու սեղան ենք դնում հրապարակում ու հայտարարում, որ մոտենան, գրանցվեն: Մի քանի թեմաներով հանրային քննարկումներ ենք հրավիրում հրապարակի տարբեր հատվածներում: Մի խոսքով, ամեն մեկիս համար մի գործ մտածում ենք:

[Սոնա Մնացականյան] Գյուղի ավտոբուսի մեջ փորձում եմ որսալ մարդկանց զրույցները․ ցույցերի մասին ոչ մի խոսք չկա։ Տանը մերոնք հետաքրքրվում են, ու զգում եմ, որ ուզում են հուսալի բաներ լսել։ Ես չեմ մատնում իմ կասկածները․ զարմանալի ա, որ ընկերական շրջապատում կասկածների նախարար եմ (Վահրամի բնորոշումն ա), բայց հենց ընկնում եմ ընտանեբարեկամական շրջապատ, դառնում եմ հեղափոխության հավատավոր ջատագով։

[Գոհարիկ Տիգրանյան] Օրը դանդաղ էր ընթանում, բայց մի պահ պտտվեցի հետ ու տեսա, որ Ռուբինյանը ժամանել է, գրկեցի նրան, ողջունեցի, դա այդ օրերի միակ ողջույնն էր։ Օպերացիան վերջացավ, սկսեցինք պտտվել ուղղակի, դրանից էլ հոգնեցինք ու նստեցինք մեզ համար ամենափափուկ ասֆալտին։ Հանկարծ հեռախոսս զանգեց, Անուշիկն էր՝ քույրս, զանգեց ու ասաց, որ գալիս է ինձ տեսնելու և ուտելիք է բերում։

Նստած ամբողջ ուժով ստամոքսներս էինք լցնում, երբ Սարյանի այգում ուսանողական հավաք գումարելու կոչ եղավ, պետք է անկեղծ լինեմ՝ խոսքը աղջիկներին էլ չհասավ ու էական բան էլ չորոշվեց, քանի որ ուսանողները շատացան, իսկ իմ ալերգիան տեղի տվեց։ Վազում էի դեղատուն, որ հաբեր գնամ ու հանկարծ հիշեցի, որ դրանց մեջ հանգստացնող նյութեր կան, անճարությունից պտտվեցի ու քիթս ֆըսֆըսացնելով հասա Ֆրանսիայի հրապարակ։

[Արմեն Գալջյան] Ցերեկը Սարյանի արձանի մոտ ուսանողների հավաք էր տեղի ունենում, քննարկում էին իրենց անելիքները, մի 10 րոպե լսեցի ինչ են խոսում և անկեղծ ասած չդիմացա, գնացի, որովհետև դեռ շարժումից առանձին էին գործում և խոսում էին առանձին օրակարգի շուրջ, ինչն ինձ դուր չէր գալիս։

[Գոհարիկ Տիգրանյան] Արևը սովորականից շատ էր վառում, հոգնած էի, իհարկե, իմ հոգնությունը համեմատելի չէ մնացածի հետ, բայց կներեք ընկերներ, ես էլ էի հոգնել։ Հենվեցի ընկերներիցս մեկին ու ննջում էի, երբ մի կին անձայն մոտեցավ ինձ ու ձեռքի թերթով փակեց գլխավերիս արևը, որ դեմքս չայտուցվի։ Հրապարակների փոփոխությունից մարդկանց հոգատարությունն ու ապրումակցումը չի պակասում, մեզ համախմբել էր մի գաղափար՝ անտարբերության դեմ պայքարը։

[Թագուհի Ղազարյան] Գնում եմ ԹիԱյ ու վերցնում մերժիրի բոլոր պաստառները, մեդիալաբի ծաղրանկարները, իջնում հրապարակ ու սկսում դասավորել, հետո անցնում նկարչության:

Ֆրանսիայի հրապարակը գնալով ավելի ու ավելի դատարկ է դառնում, բայց տպավորություն է, որ եթե նույնիսկ լրիվ դատարկվի, չեն գալու, ու չեն հավաքելու մեր արգելապատնեշները: Իրենք կարծում են, թե 17-ի ընտրություններից հետո ամեն բան կվերջանա:

[Սոնա Մնացականյան] Հյուրերը հավաքվում են, խոսում են դեսից-դենից, նաև՝ ցույցերից։ Էլի հայտնվում եմ քաղաքից գյուղ եկած «գազեթից-բանից» պատմողի դերում։ Ես համոզում եմ, որ իրենց մասնակցությունն էլ ա կարևոր, թե չէ նստել երազելով բան չի փոխվի։ Իրենք ոչ մի կերպ չեն պատկերացնում իրենց մասնակցությունը որևէ ցույցի, բա գործերն ո՞ւմ թողնեն, բա որ հետո ոչինչ չստացվի, ո՞վ կբերի հաց կտա, Նիկո՞լը․․․․

Ընթացքում անընդհատ հետևում եմ իրադարձություններին ու չաթի քննարկմանը։ Քրիստը ասում ա՝ էս ի՞նչ վիճակ ա, էս ազգային վոլեյբոլը խի՞ են խաղում, մարդ չգիտի՝ ինչ անի, թողնում գնում ես, չես կարողանում ուրիշ բան անես, գալիս էլ ես, խեղճությունը վրադ ա թափվում։ Գեմոն ասում ա՝ քիչ առաջ Թարվերդյան Արամին ասեցի, որ եթե էս երգուպար, վոլեյբոլը շարունակվի, վաղը մարդ չի մնա, թարգը տվեք։ Ընկերներիս անհանգստությունը ինձ փոխանցվում, բայց բարեկամներից ու ընտանիքից խնամքով թաքցվում ա։ 

[Արմեն Գալջյան] Վաղվա անելիքները հստակեցնելու համար ՔՊ վարչության անդամները մտան վրաններից մեկի մեջ և մի շարք որոշումներ կայացրեցին։ Երեկոյան հանրահավաքին նորից քիչ էինք՝ մոտ 2500 մարդ։

[Թագուհի Ղազարյան] Վրանում ենք։ Երկուշաբթի օրով առավոտ շուտ՝ 8։15 ճանապարհները փակելու գործողություններն իրականացնելը այլևս անտարակուսելի քայլ է։ Պիտի՛ անենք։ Գլխավոր դիլեման հարցն է, թե ո՞նց իրազեկենք էդ մասին քաղաքացիներին։

Վրանում տարբեր մտավախություններ են հնչում։ Բա որ հիմա ասենք՝ իրենք էլ կիմանան, կխանգարեն, չեն թողնի, կբռնեն, կպատրաստվեն։ Նիկոլը՝ է բայց ձեզ խի՞ ա թվում, որ իրանք արդեն չգիտեն։ Ես՝ բա ումի՞ց ենք թաքցնում։ Արարատը կոնֆետ է տալիս ինձ։ Զգում եմ, թե որքան սոված եմ եղել ողջ օրը։ Բոլորս ժպտում ենք։ Այլևս որոշված է՝ կոորդինացիոն ֆունկցիան իր վրա է վերցնելու հարթակը, այլևս մեզ հետևելու, գաղտնալսելու, ինֆորմացիա ստանալու կարիք չէր լինելու։ Ամենամեծ ինֆորմացիայի աղբյուրը այդ օրերին, երբեմն նաև մեզ համար, դարձավ հարթակը ու Նիկոլի լայվերը։

[Գոհարիկ Տիգրանյան] Այսօրը ես գնացի «Կավիճի» համերգին, 20.30 լքեցի հրապարակը ու միայն առավոտյան վերադարձա, որովհետև անգամ փոքր գինովցածությունն ինձ թույլ չէր տա մտնել հրապարակ, քանի որ հրահրողները ու ոստիկանները շատ էին։
Իմ հանգիստն այս երեկոյով ավարտվեց։

[Միքայել Նահապետյան] Երեկոյան հնչում է դարակազմիկ տեքստը։ Վիճակը նետված էր։

[Արմեն Գալջյան] Նիկոլը հայտարարեց կամուրջների, մետրոյի, փողոցների արգելափակման ծրագրի մասին, դա իսկապես օրիգինալ էր հնչում, մարդկանց դուր եկավ հստակ գործողությունների ծրագիրը։

[Սոնա Մնացականյան] Երեկոյան Աննան ա զանգում ոգևորված ձայնով՝ Սոնիգ, հե՛տ արի, վաղվանից սկսում ա․․․

[Գարեգին Միսկարյան] Գիշերը 15-20 հոգով վազելով Նիկոլի հետևից իջանք Օպերայի ավտոկայանատեղիի ամենաներքևի հարկը, որտեղ մեզ չէին կարող լսել։ Դռան մոտ տղաներից երկու հոգի մնացին, մյուսներս շրջան կազմեցինք։ Նիկոլը թե.
-Տղերք ձեզանից ո՞վ ավտո ունի
Ասի.
-Ես ունեմ, բայց Օպել ա։

Կատակը ստացվեց, բոլորս խնդացինք, բոլորի լարվածությունն անցավ, բացի ինձանից։

[Արմեն Գալջյան] Ավելի ուշ ժամի մոտ 30 հոգով ՔՊ անդամներ, մերժիրսերժինի անդամներ և էլի ակտիվիստներ, որոնց կարելի էր վստահել, իջանք Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղի, որտեղ մեզ չէին կարող գաղտնալսել և հստակ ծրագիր մշակեցինք, հավաքագրեցինք ավտոմեքենաները, նշանակեցինք տարածքների պատասխանատուներ։

[Գարեգին Միսկարյան] Ես ահավոր լարված էի և վատ կանխազգացում ունեի, քանզի ստամոքսս ահավոր ցավում էր, և կարելի էր ասել զոռով էի ինձ զսպում։ Երկար մաքառումներից հետո, հասկանալով, որ իմ էդտեղ մնալը կարա վատ հետևանքներ ունենա թե՛ իմ, թե՛ հեղափոխության պատվի համար, Նիկոլին ասի.

-Հազար ներողություն, բայց ստամոքսս լավ չի։ Քանի որ խմբերով ենք փակելու, ես կլինեմ, ասենք, Գևորգ Աճեմյանի հետ մի թիմում։ Իրեն որ տարածքը որոշեք, թող ինքը ինձ զանգի, ես առավոտ կլինեմ իր ասած տեղը։
Բոլորին բարի գիշեր մաղթեցի, դուրս եկա ավտոկայանատեղիից ու շտապեցի տուն։

[Թագուհի Ղազարյան] Ուշ երեկոյան Հյուսիսային պողոտայի ավտոկայանատեղի-գետնանցման ամենաներքևի հարկում որոշում ենք, թե ում մեքենան որտեղ է փչանալու, կարևորը՝ առաջին մի քանի տասնյակի իմպուլսն է, հետո , հուսով ենք, շղթայական շարունակություն կունենա: Վերջին հույսի կամ վերջին հուսահատության գործողությունն է: Կհանդիպենք առավոտյան 8:00-ին:

[Արմեն Գալջյան] Չունեինք-չունեինք, բայց տեղում մոտ 50 մեքենա պատրաստ էր առավոտյան օպերացիային, որն իրենից ենթադրում էր մեքենան կանգնեցնել փողոցում, դռները փակել և ոտքով իջնել Ազգային ժողովի մոտ։

[Անի Վարդանյան] Երեկոյան վերադարձա Երևան։ Երևի 10-11-ն էր, Նահապետյան Միքոն գրեց։ Ասեց, որ ուսանողները առավոտվանից Երիտասարդականում հավաքվելու են ու փողոցներ փակելու, ինքը Հաղթանակի կամուրջի մոտ էր ինչ-որ գործողություններ անելու։ Իր նամակին հաջորդեց առանձին իվենթի բացումը, ընկերներիցս շատերը սկսեցին տարածել իրենց էջում։ Ֆեյսբուքը հուշում է, որ ես էլ եմ տարածել՝ «Միգուցե մեր ժամանակն է» մեկնաբանությամբ։ Արդեն որոշված էր՝ առավոտյան Երիտասարդականում էի լինելու։ Որտեղ ուսանողները, այնտեղ նաև ես։ Կարպիսը ֆեյսբուքից հեռացել էր։ Իրեն մեյլով նամակ գրեցի։ Ասեց, որ ինքն էլ կգա։ Ես էլ նախապատրաստվեցի ու քնեցի, որ առավոտյան չուշանամ։

[Գարեգին Միսկարյան] Գևորը գիշերը զանգեց․
-Միսկարյան, հո քնած չէիր։
-Չէ, Գևոր ջան, ասա։
-Որոշեցինք... առավոտ ժամը 7:30-ին Ավտոկայանի դիմացի մայթին կարա՞ս լինես։
-Հա, իհարկե։
-Դե, պայմանավորվեցինք։

[Արմեն Գալջյան] Գիշերը նորից ուղարկված մարդիկ կային, մեկը նույնիսկ ամբողջ ընթացքում հետևում էր Նիկոլի տեղաշարժին, բայց անիմաստ գործով էր զբաղված։ Այս գիշեր ավելի հանգիստ անցավ, հարբեցողների մի մասը երևի հասկացել էր, որ այստեղ իր պահանջները բավարարող ոչ մի բան չկա և չէր եկել։

[Աշոտ Խաչատրյան] Փողոցային անհնազանդության կոչը տրամադրությունս փոխել էր, չէի համբերում, թե երբ ա հաջորդ օրը գալու։ Առավել ևս, որ ապրիլի 15-ը սաստիկ ցուրտ օր էր։ Ձմեռը սարերում քնել էի բազմիցս, բայց էս մի գիշերը առանձնահատուկ ցուրտ թվաց։ Թեթև էի հագնվել, քունս էլ չէր տանում, ստիպված տենց մնացի Ֆրանսիական հրապարակում՝ շվարած ու սառած։

[Գարեգին Միսկարյան] Ամբողջ գիշեր մտածում էի, թե ինչ պիտի անեմ, որ տեսուչներն արագ չտանեն մեքենան, որովհետև վստահ էի, որ մեզ լսում են, ու հնարավոր չի, որ չիմանային պլանի մասին։ Վերջ, որոշեցի, որ անկախ ամեն ինչից, մեքենան կկանգնեցնեմ, կիջնեմ երկու անիվներից օդը կթողնեմ դուրս, դռներ կփակեմ ու կգնամ մի տեղ փողոց փակելու։ Մեքենան էլ ինչ լինում է՝ լինի։ Ժամը երեքի կողմերն էր, զարթուցիչը միացրեցի 7-ի համար ու քնեցի։

[Աշոտ Խաչատրյան] Գիշերը 4-ի կողմերը էլ չդիմացա ու գնացի գոնե մի 3 ժամ քնելու։ Գրեթե չկարողացա քնել, որովհետև խիղճս տանջում էր, մեծ թվով մարդիկ դիմացել մնացել էին։ Առավոտյան 6-7-ին դեռ լավ ցուրտ էր, երբ մտա հրապարակ։ Մի անմոռանալի տեսարան էր՝ 2 օպերատոր, որ լայվն էին նկարում, իրենց շտատիվներով տեսախցիկներին սերտաճած, կուչ եկած ու սառած կանգնած էին։ Լրագրող-օպերատորների՝ առանց չափազանցության հերոսական օրերը սկսում էին, ծանրագույն ու կարևորագույն աշխատանք իրականացրեցին։

Ֆրանսիական հրապարակի վրա վառ արև էր շողում, տրամադրությունն էլ բարձր էր արդեն, մի քանի ժամից մեր լեգիտիմ խուլիգանություններն էինք անելու, մեզ կարևոր էինք զգալու ու անպայման հայտնվելու էինք ոստիկանության բաժանմունքներում։ Հին ու բարի օրերի պես։

x