Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարվել է, բայց ներսի կոնստրուկցիաները դեռ փլվում են ու ծխում |armtimes.com|

armtimes.com: Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված խոշոր հրդեհը մարվել է, սակայն դեռ շարունակվում են փլուզվել ու ծխալ ներսի կոնստրուկցիաները: Այս մասին հայտնել է Փարիզի հրշեջ-փրկարարական ծառայության ներկայացուցիչ Գաբրիել Պլյուսը, հաղորդում է РИА Новости-ն:

«Հրդեհը մարվել է, մենք շարունակում ենք վերահսկել կրակի մնացած օջախները, սառեցնում ենք կոնստրուկցիաները, այդ թվում` փլուզվողները: Այնպես որ կրակն այլևս չի տարածվի»,- նշել է նա:

Տաճարի հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տուժել է մեկ փրկարար: Այլ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: 

Փարիզի հրշեջ-փրկարարական ջոկատների պատասխանատուն պարզաբանել է նաեւ, թե ինչու չեն կիրառվում ջրցան թռչող մեքենաներ, որոնք կարող էին կրակը մարել վերեւից: Նա ասել է, որ այդ դեպքում կրակը կարող էր տարածվել հորիզոնական, բացի այդ, տաճարի ամբողջական փլուզումն անխուսափելի կլիներ: 

Աստվածամոր տաճարի մամուլի խոսնակը լրատվամիջոցներին հայտնել է, որ ներսում հրո ճարակ են դարձել գրեթե բոլոր փայտե կոնստուկցիաները, շուրջ 8-դարյա պատմություն ունեցող թանկարժեք նմուշներ, ամեն ինչ այրվել է, տաճարն ահռելի վնաս է կրել:

Փարիզի Աստվածամոր տաճարից շատ մասունքներ եւ անգին գանձեր է հաջողվել փրկել։ Դրանց թվում են Փշե թագը, որը, ինչպես համարվում է, կրել է Հիսուսը, ինչպես նաեւ Սեն Լուիի վուշե տունիկան։ Դրանք տեղափոխվել են անվտանգ վայր, հայտնում է France 24-ը։

Հրշեջներին հաջողվել է կրակից հեռու պահել տաճարի հետնամասը, որտեղ գտնվում են ամենաթանկ արժեքները: Բոլոր տարհանված իրերը տեղափոխվել են հատուկ թաքստոց:

Փարիզի արքեպիսկոպոս Միշել Ապետիտը հոգեւորականներին կոչ է արել հնչեցնել բոլոր զանգերը եւ աղոթել Աստվածամոր տաճարի համար: Աղոթում են նաեւ տաճարի մոտակայքում հավաքված հազարավոր ֆրանսիացիներն ու զբոսաշրջիկները:

 

x