Առաջնագծում պետք է ծառայեն բացառապես պայմանագրային զինվորները․ ԲՀԿ-ն օրենքի փոփոխության նախագիծ ներկայացրեց

Այսօր Աժ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Մենք պնդում ենք, որ առաջնագծում չպետք է ծառայեն 18 տարեկան զինվորներ, առաջնագծում պետք է ծառայեն բացառապես և միայն պայմանագրային զինվորները։ Հարցը հանգամանալից քննարկել ենք պայմանագրային զինվորների հետ, նաև ռազմական ոլորտի մասնագետների հետ։ Հիմա կասեք՝ պայմանագրային զինվորների աշխատավարձ։ Այո՛, կա աշխատավարձի խնդիր։ Ի դեպ, վարչապետը մի տարբերակ հուշեց՝ 10% զինվորների աշխատավարձը բարձրացնելու, որպեսզի պայմանագրային զինվորների թիվը լինի այնքան, որ մենք կարողանանք առաջնագիծը ծածկել։ Ես այստեղ, իհարկե, պետական գազտնիքներ չեմ հրապարակի։

Եվ ընդհանրապես, բարեկամաբար խորհուրդ եմ տալիս՝ էդ հին մեթոդները, երբ ինչ-որ առարկություն են բերում, էսպես ճտոցով հրահանգ եք տալիս սոցիալական ցանցերին՝ «Վա՛յ, հեղափոխության դեմ պայքար է սկսվել»։ Հարգելինե՛րս, մենք չենք պայքարում հեղափոխության դեմ, հեղափոխությունը միայն ձերը չէ, և մի՛ սեփականաշնորհեք հեղափոխությունը, և մի՛ փորձեք մեր հանրությանը դարձնել ամբոխ, սոցիալական ցանցերում զոմբիական հրահանգներ տալ, թե զոմբիի նման հարձակվեք, հարձակվել են հեղափոխության դեմ։ Ի՞նչ ենք ասում։ Ադեկվատ, նորմալ նախագիծ է, ասում ենք՝ եկեք քննարկենք, բանավիճենք։ Միգուցե դուք մեզ համոզեք, որ սխալ ենք, միգուցե մենք ձեզ համոզենք, բայց էսպես իմպերատիվ կերպով ասել ոչ, դակել և գնալ առաջ, սա ինձ մոտ արթնացնում է դեժավյուիի շատ վատ հիշողություններ՝ ձեր կողմից և մեր կողմից այդքան դատապարպված անցյալից»։

x