Երբեք որևէ քաղաքական ուժի ծառայություն չեմ մատուցել կամ ստացել, որևէ մեկից որևէ բան չեմ ակնկալում ու պարտք չեմ․ ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյան

Այսօր ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը ներկայացրեց ՍԴ դատավորի անձի վերաբերյալ իր պատկերացումները։

«ՍԴ դատավորը իմ պատկերացմամբ մի մարդ է, որն ունի հրաշալի իրավաբանական գիտելիքներ և որի արժեհամակարգում արդարությունը գտնվում է ամենաբարձր աստիճանի վրա։ Առաջին պահանջը նշանակում է, որ դատավորը պետք է ունենա հրաշալի իրավաբանական կրթություն և կարողանա ճիշտ մեկնաբանել ու կիրառել գործող Սահմանադրությունն ու օրենքները։ Երկրորդ պահանջը ենթադրում է, որ դատավորն իր էությամբ պետք է լինի անկախ ու համարձակ մարդ, որը կարող է արհամարհել ցանկացած ճնշում իր նկատմամբ և կայացնել օբյեկտիվ ու արդար վճիռ ցանկացած պարագայում։

Դատավորի անձին ներկայացվող կարևորագույն պահանջներից մեկն էլ նրա քաղաքական չեզոքությունն է։ Դրա պահանջն ամրագրված է թե՛ ՀՀ Սահմանադրությունում, թե՛ Սահմանադրական դատարանի մասին օրենքում։ Անդրադառնալով իմ անձին՝ ասեմ, որ ես երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, չեմ հարել որևէ կուսակցության, երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ զբաղվում ու մտադիր էլ չեմ զբաղվել։ Երբեք որևէ քաղաքական ուժի կամ կուսակցության հետ կապ չեմ ունեցել ու հիմա էլ չունեմ։ Երբեք որևէ քաղաքական ուժի կամ դրա ներկայացուցչի ծառայություն չեմ մատուցել կամ ստացել ու այդ պատճառով որևէ մեկից որևէ բան չեմ ակնկալում ու որևէ մեկին որևէ բան պարտք չեմ։

Ես գիտեմ, որ ՀՀ-ում մեծ չէ բնակչության վստահությունը դատարանների հանդեպ, և հենց այդ պատճառով իմ օրինակով ուզում եմ ցույց տալ ու ապացուցել մեր հասարակության հիասթափված ու արդարադատության հանդեպ թերահավատ անդամներին, որ ՀՀ-ում իրականում դժվար չէ լինել անկախ ու օբյեկտիվ դատավոր, որ հնարավոր է լուծել ու քննել վեճեր՝ առանց հաշվի առնելու, թե ովքեր են վեճի կողմերը և ով է շահագրգռված կոնկրետ վեճի ելքով։ Դրա համար պետք է ընդամենը ցանկություն ու համարձակություն։ Հուսով եմ, որ դուք ինձ այդ հնարավորությունը կտաք։ Ես միաժամանակ նաև գիտակցում եմ, որ ինքս որոշակի զոհողության եմ գնում այս քայլով։ Ես պատրաստ եմ հրաժարվել իրավունքի ոլորտում առաջատար երկրում՝ Գերմանայում իմ գիտական կարիերայից, իմ ընկերներից և շատ այլ բաներից, և դա միայն մեկ նպատակի համար է՝ ես ուզում եմ իմ ներդրումն ունենալ ՀՀ-ում սահմանադրական իրավունքի զարգացման մեջ։ Ուզում եմ ձեզ հետ միասին ցույց տալ, որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ում հնարավոր է դառնալ ՍԴ դատավոր՝ ընդամենը Բեռլինից ՀՀ նախագահին մի էլեկտրոնային նամակ ուղարկելով։ Ես պատրաստ եմ ու կարող եմ օգնել մեր երկրին հայկական իրավունքի զարգացման և արդարադատության հանդեպ մեր բնակչության խաթարված վստահությունը վերականգնելու հարցում և հույս ունեմ, որ խորհրդարանը չի մերժի իմ օգնության այս առաջարկը»։

x