Աղբահանության 2-րդ օպերատորի հարցը կլուծվի․գործադիրը հաստատեց քաղաքապետարանի առաջարկը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով ժամանեց կառավարություն՝ պարզաբանելու աղբահանության երկրորդ օպերատորի վերաբերյալ հարցը:

Քաղաքապետն ասաց, որ աղբահանության հարցով սկզբնական շրջանում «Սանիթեք»-ի աշխատանքը նորմալ էր, սակայն սխալ աշխատանքը բերեց այն վիճակին, որն այսօր առկա է, իսկ սկզբնական շրջանում աշխատանքները նորմալ էին, քանի որ տեխնիկական խնդիրներ էլ չկային, մեքենաները լավ էին աշխատում, նոր էին․

 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը հնարավոր ամեն ձեւով պետք է աջակցի քաղաքապետարանին, որ «Սանիթեքը» պատշաճ կատարի իր աշխատանքները:
Փաշինյանն ասաց, որ 13 միլիոն դրամով տուգանելը ոչ թե լավացնելու է իրավիճակը, այլ ավելի է վատացնելու, որովհետեւ նրանք հաջորդ փուլում ասելու են` դե 13 միլիոն տուգանեցիք, մենք էլ փող չունենք, որ մեքենաները նորոգենք․

«Կասեն՝ էն ժամանակ երեքն էր փչանում, հիմա յոթն է փչանում, դե գնացեք, ինչ ուզում եք արեք», - ասաց վարչապետը՝ նշելով, որ խնդիրն առաջացել է այն ժամանկ, երբ փաստացի եղել է մեկ օպերատոր, որովհետեւ, եթե ունենայինք երկրորդ օպերատոր, մրցակցային վիճակն ուրիշ կլիներ:

Ի վերջո  կառավարությունը ընդունեց որոշումը`աղբահանության հարցով բերել երկրորդ օպերատոր։

Որոշումը միաձայն ընդունվեց․ կառավարությունը հաստատեց Երևանի քաղաքապետարանի առաջարկությունը, ըստ որի՝ աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կկազմակերպվի մեկ անձից գնման ձևով․ կգնվի 15 աղբատար մեքենա:

x