Հումանիտարն ու պատժիչը իրար հետ չեն բռնում. Ցոլակյանը՝ ԱԻՆ-ը Ոստիկանությանը միացնելու ԼՀԿ-ի առաջարկի մասին |armtimes.com|

armtimes.com: Ոստիկանությունը պատժիչ ֆունկցիաներ ունի, ԱԻՆ-ը՝ ավելի հումանիտար, ավելի մարդասիրական: ԱԻՆ-ը 600-ից ավելի տեխնիկա ունի, որը ձեռք է բերվել հումանիտար օգնությամբ, միանալու դեպքում այդ աջակցությունը բացառվում է: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլայանը՝ անդրադառնալով Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը միացնելու «Լուսավոր Հայաստանի» առաջարկին:

«Իմ պատասխանը կարող եք գնահատել սուբյեկտիվ: Բայց հումանիտարն ու պատժիչը իրար հետ չեն «բռնում»: Ժամանակին ոստիկանությունն է՛լ ավելի հզոր կառույց է եղել, այսօր սուպերնախարարություն ստեղծելուն ես դեմ եմ»,-ասաց Ցոլակյանը:

ԱԻ նախարարը միաժամանակ հայտնեց, որ առաջիկայում կառավարությանն առաջարկ են ներկայացնելու՝ բարձրացնել ԱԻՆ ոչ սպայական կազմի աշխատավարձերը: Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ շարքային անձնակազմի միջին աշխատավարձը ներկայում 112 հազար դրամ է, սպայական կազմինը` 230 հազար դրամ:

«Այստեղ աշխատավարձերն իսկապես շատ ցածր են եւ 112 հազար դրամ ստացողինը պատճառաբանում են, թե շաբաթական 3 օր են աշխատում, բայց աշխատանքային օրերին էլ 24 ժամ են աշխատում, եթե ժամերի բաժանենք, նույն բանն է ստացվում: Երկրներ կան, որտեղ հրշեջի մասնագիտութունը դասվում է ամենաբարձր մասնագիտությունների շարքում, սա շատ կարեւոր է, ինչը մեզ մոտ դեռեւս այդ մակարդակի վրա չէ»,-նկատեց Ցոլակյանը:

x