ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուն տնտեսության զարգացման համար կարևոր երաշխիք է համարում տնտեսվարողների հանդեպ տարբերակված վերաբերմունքի բացառումը |armenpress.am|

Արմենպրես։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանն Ազգային ժողովին ներկայացրեց տնտեսական մրցակցության ոլորտում առկա կարևոր խնդիրներն ու դրանց լուծումների իր տեսլականները:

Այսօր Ազգային ժողովում ՏՄՊՊՀ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ Գևորգյանը նշեց, որ երկրի համար կարևոր է անկախ ու արդյունավետ տնտեսական մրցակցությունն ապահովող մարմին ունենալը:

«Երկրում մրցակցության զարգացումն աշխատանքի ամենաառանցքային ուղղություններից մեկն է, հենց մրցակցությունն է շուկայի այն անտեսանելի ձեռքը, որը համակարգում է իր մասնակիցների գործունեությունը: Այսօր ազնիվ ու արդար մրցակցությունը կարող է լինել հիմնական նախապայման տնտեսական և տեխնոլոգիական զարգացման համար, միաժամանակ հաջողության երաշխիք երկրի տնտեսական հեղափոխության գործում: Առանց երկրի ներսում մրցակցության զարգացման, առանց բարձր մրցունակության ապրանքների արտադրության ու ծառայությունների, անհնար է իրականացնել երկրի արտահանմանն ուղղված տնտեսական քաղաքականությունը: Չկա այնպիսի երկիր, որտեղ չկա անհրաժեշտություն տնտեսական մրցակցությունն ապահովող արդյունավետ ու անկախ մարմնի: Տնտեսական մրցակցության մարմինները և դատարաններն անհրաժեշտ են բաց և մրցակցային շուկաների պահպանման համար»,- ասաց Գևորգյանը:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ն պետք է ձգտի, որ իր վարած քաղաքականությունը և իրավակիրար գործունեությունը լինեն պարզ և կանխատեսելի, իսկ տնտեսության զարգացման կարևոր երաշխիքներից մեկը համարեց տնտեսավարող սուբյեկտների հանդեպ տարբերակված վերաբերմունքի բացառումը:

ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

x