Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-իսնստիտուտի լրատվական ծառայությունից։

Հյուրերին ուղեկցել և հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրել է ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը: Դեսպան Կոպիրկինը դեսպանատան իր գործընկերների հետ ծաղիկներ է դրել Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ավագ էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանը ներկաներին ծանոթացրել է թանգարանային ցուցադրության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին հավաստող վավերագրերի, ցուցանմուշների հետ: Այցի ավարտին դեսպան Կոպիրկինը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենը ՌԴ դեսպանին նվիրել է ՀՑԹԻ կողմից հրատարակված Հայոց ցեղասպանության պատմությանն առնչվող ռուսերեն լեզվով գրականություն:

x