Մարուքյանը՝ Գևորգյանին. «Ես պնդում եմ՝չեք կարող ընտվել ՏՄՊՊՀ նախագահ, չեք համապատասխանում» |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում քննարկվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Այս պաշտոնում Նիկոլ Փաշինյանն առաջադրել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ դիմել է վարչապետին Գեղամ Գևորգյանի թեկնածությունը հետ կանչելու համար, քանի որ վերջինիս ստաժը չի բավարարում։

«Խոսքը գնում է ղեկավարման ստաժի մասին, որն անհրաժեշտ է նշված հանձնաժողովի նախագահ ընտրվելու համար։ Ես հույս ունեի, որ կբավարարվի մեր պահանջը, պարզվում է՝ դրանից հետո դուք արագ դիմում եք վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին և պարզաբանում խնդրում, Գարուշ Դավթյանը պարզաբանում է տալիս՝ չունենալով պարզաբանելու իրավունք, այն չի համապատասխանում «Նորմատիվ ակտերի մասին» օրենքին, և չի ապացուցվում այն հանգամանքը, որ դուք կարող եք կարող կանգնել այդտեղ որպես թեկնածու»,- ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, որ հետագայում ցանկացած որոշում կարող է դատարանում վիճարկվել, քանի որ հանձնաժողովը չի կազմավորվել օրենքի հիման վրա։
Գեղամ Գևորգյանն արձագանքեց, որ դիմել է պարզաբանման համար։

«Քանի որ մամուլում դուք հրապարակել էիք, ավելի թափանցիկ լինելու համար ես խնդրեցի հենց այն մարմնին, որը իրավասու է հասկանալ արդյոք դա ստորաբաժանում է թե չէ, որովհետև չեմ կարծում որևէ մեկը իրավասու է մեկնաբանել արդյոք ծրագրի կառավարման գրասենյակի ղեկավարը համարվում է ղեկավար ստաժ թե ոչ, ես կարող էի կցել միայն ծրագրի կառավարման ղեկավարի իմ պայմանագիրը և ապացուցել, որ դրանով բավարարում է իմ աշխատանքային ստաժը»,- ասաց Գևորգյանը։

Մարուքյանը հակադարձեց՝ Գևորգյանը ստորաբաժին ղեկավարելու 3 տարվա ստաժ չունի։

«Ես պնդում եմ՝ չեք կարող ընտվել ՏՄՊՊՀ նախագահ, չեք համապատասխանում, ցանկացած պատգամավորի կարող եմ դա հիմնավորել»,- ասաց Մարուքյանը։

x