ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 22] Բանակցությունների պայմանավորվածություն

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

[օր 21] Մտնում ենք ֆինալ

< ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ

 

[Աստղիկ Մելքոնյան] Առավոտյան 7-ին արթնանում եմ ու նայում պատուհանին․ էլի անձրևում է: Որոշում եմ մի 2 ժամ տրամադրել աշխատանքիս. մի ամբողջ շաբաթ գործի չեմ գնացել, աշխատանքային մեյլս ուղղակի պայթում է: Եղբայրս է արթնանում, միասին սրճում ենք: Նախորդ օրը չենք տեսնվել, հետևաբար ավանդաբար գիշերը ժամը 2-ի օրվա քննարկումն առավոտյան ենք անում: Քննարկումն, ինչպես միշտ, ավարտվում է նրա՝ «չէ է, չեք ձգի Աստղ, քիչ եք» արտահայտությամբ ու իմ՝ «դե տեսնենք էլի» պատասխանով, որից հետո գնում է աշխատանքի. ոստիկան է:

[Թագուհի Ղազարյան] Ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել։ Առավոտը լույսի առաջին նշանների հետ տնից դուրս եմ գալիս ու, քանի որ Բաղրամյան պողոտան զարմանալիորեն և տարակուսելիորեն բաց է, մարդավարի հասնում եմ ԹիԱյ։ Երևի կես ժամ հազիվ լինի, ինչ սկսել եմ աշխատանքս և հանկարծ մեսենջերս՝ ծը՜նգ. «Թագ լավ չեմ», ծը՜նգ. «շատ վատ եմ շատ», ծը՜նգ. «կը խնդրեմ ետ եկուր»։

Երևի մի վայրկյանից էլ քիչ է տևում մտածելս, որ հեղափոխության այս թեժ պահին հեռանալը գուցե դավաճանություն է, մտածելս, որ հեղափոխությանը կողքին այս պահին հարյուր հազարավոր մարդիկ կան, իսկ ընկերոջս կողքին միայն ես կարող եմ լինել։ «Նալլե՜թ», ասում եմ և հեղափոխությանս ու ընկերոջս միջև ընտրում եմ ընկերոջս։

«Գալիս եմ», գրում եմ ու առանց քիչ առաջ բարևածս մարդկանց հրաժեշտ տալու սուրում դեպի տուն։ Բաղրամյան պողոտայով անցնելիս մի վերջին՝ հուսահատ հայացք եմ նետում հետևիցս փշալարերով ծածկվող փողոցին ու հասկանում, որ այլևս պաշարման մեջ եմ։

[Գարեգին Միսկարյան] Գիշերը ֆեյսբուքում հայտարարություն գրեցի, որ վաղը փողոց եմ փակելու ու նշեցի ոստիկանությանը։ Առավոտյան Սուրենի հետ գնացինք Կենտրոնի ոստիկանություն։ Ազատության լրագրողներից մեկը ցանկություն էր հայտնել նկարել իմ ու Սուրենի «հանձնվելը»։

[Գոհարիկ Տիգրանյան] Սա օր էր, երբ ոստիկանական բաժնում հանդիպած լկտի պահվածքին տեսնելու էի դրսում՝ քայլերթի կարգապահությունը հսկելիս ու ժպիտով աչքերիս մեջ նայելիս, երիտասարդների մի մեծ բանակ՝ ոստիկանների միջով խաղաղ անցնելիս։

Երեկոյան կարդացել էի, որ մասիվում ապրող ակտիվ երիտասարդները՝ նաև Ռեստարտի երեխեքը, Գայի արձանից սկսելու էին փողոց փակել։ Նիկոլն էլ հայտարարել էր, որ քայլերթը սկսելու էին 6-րդ մասիվից։ Սկզբում ուզում էի միանգամից գնալ 6-րդ մասիվ, հետո որոշեցի անձրևանոց հագնել ու գնալ փողոց փակելու։

[Աշոտ Խաչատրյան] Շաբաթ օրը որոշում եմ Աջափնյակից սկսել: Փոքր փողոցները շատ հեշտ են ստացվում, միանգամից լիքը ջահելներ են միանում ու անցնում եմ մյուսներին:

[Վահան Կոստանյան] Ոստիկանության հայտարարությունը պտտվում ու պտտվում էր հեռուստացույցով, իսկ փողոցները շարունակում էին լցվել ու լցվել։ Մյուս կողմից մեդիադաշտում համատարած փոթորիկը պետք էր վերլուծել, ճիշտ ինֆորմացիան էս պահին կարևոր դեր էր շատ խաղալու մեր հետագա գործողություններում։ Արդեն իսկ պարզ էր, որ որսը սկսած ա։ Արմենին տարան Սեգաֆրեդոյից։ Հերթի մեջ էինք հայտարարության տեքստի մեջ ընդգրկվծներով, բայց տանը նստել չէր ստացվում։

[Գոհարիկ Տիգրանյան] Հասա արձանի մոտ, քիչ էին, ակցիան վարորդներին հորդորելն էր, որ ձայնային ազդանշանով մերժեին Սերժին, բայց ճանապարհ փակել չէր լինում։ Փոխարենը, հետիոտնի համար նախատեսված կանաչ լույսի ընթացքում, փողոցի մի ծայրից մյուսն էինք վազվզում։ Ոստիկանները (նրանց հրեշտակներ են կոչում, և ըստ մեր հյուսած լեգենդների՝ նրանք ամենաբարին էին) լուռ, ժպիտով ու հարգալից կանգնած էին, մեր արածն օրինականի սահմանում էր։

[Թագուհի Ղազարյան] «Քրի՜ս,-֊բացականչում եմ տուն մտնելով ու ու ուրվականի պես գունատ ընկերոջս տեսնելով,-շտապօգնություն կանչե՞մ», «Ջանըմ, օթօն ի՞նչպես պիտի հոս հասնէ»։ Իրավացի է։ Պաշարման մեջ լինելը մտքիցս թռել էր։

«Սուրճ եփէ»։ Սուրճի գավաթը բերում եմ սենյակ ու հետևում անկողնում պառկած ընկերոջս կանոնավոր շնչառությանը, հիմա դարձյալ ես էստեղ եմ՝ իր կողքին, ճիշտ մեկուկես տարի առաջվա պես, երբ վիրահատությունից հետո աչքերը բացել էր, զանգել ինձ ու ջուր էր ուզում։ Ու մինչդեռ ես, ջուրը գնած, կսուրայի հիվանդանոց, պարզվեց՝ ոչ զանգելն է հիշում, ոչ հետս խոսելը, ոչ էլ ջուր ուզելը։Ճիշտ էն ժամանակվա պես, երբ տատիկիս հոգեհանգստի ու ընկերոջս խնամելու միջև ընտրեցի ընկերոջս խնամելը։ Չգիտեմ, թե հիմա փողոցում աղմկող մարդկանցից քանիսն են իրենց ընկերներից ու էլի շատ այլ կարևոր բաներից հրաժարվել էնտեղ լինելու համար։ Գիտեմ պարզապես, որ իրենք շատ են։ Ու սենյակի, տան խոնավ լռությունը դառնում է ճնշող։

[Գարեգին Միսկարյան] Ոստիկանությունում հրաժարվեցին մեզ բերման ենթարկել։ Գնացինք Գնունու փողոցը փակեցինք։ Անընդհատ անձրևում էր։ Սկզբից երկուսով էինք, հետո շուկայի ժողովուրդը միացան։ Կես ժամ-մի ժամից շուկայի մոտի խաչմերուկը փակ էր` աթոռներով, աղբամաններով ու մարդկանցով։

[Աշոտ Խաչատրյան] Էստոնական-Շինարարներ խաչմերուկի մի սև Լադա է արգելակում մեր սարքած բարիկադի առաջ: Միջից 4 հատ սևազգեստ տղա են դուրս գալիս: Ես նստարանի վրայից բարձրանում եմ՝ այդքան սպասված ձեռնամարտի բռնվելու համար, մեկ էլ վարորդը հարցնում ա, թե մեքենան ինչպես կանգնացնի, որ համ ճանապարհը փակվի, համ,եթե պետք լինի, հեշտ կարողանա էվակուատորից փախչել:

Բայց ես ավելի շատ էի զարմանալու, երբ տեսնեի, որ իրենցից մեկը էդ թաղերի հայտնի հանրապետական «տասովշիկներից» էր, ում հետ լուրջ վեճ էի ունեցել ընտրություններից մեկի ժամանակ, երբ Աջափնյակում շրջիկ դիտորդ էի: Ինքն էլ ինձ հիշեց ու ծիծաղելով ասաց, որ մտածում էին, թե որտեղ են ինձ դարանակալելու ու ծեծելու: Կյանքում չէի մտածի, որ էս մարդկանց հետ ուս-ուսի ինչ-որ բանի համար կպայքարեմ:

[Թագուհի Ղազարյան] Բաղրամյանը, Այգեձորը, Սարյանը, Դեմիրճյանը, բոլոր փողոցները փակ են: Վերևից փակ է Կիևյանը, Կոմիտասը: Բլոկադայի մեջ ենք: Ուտելիք ու ծխախոտ չունենք, սուրճ՝ քիչ: Քրիստիանը չի կարողանում գնալ Կայարան՝ գումար վերցնելու:

Հիշում եմ, որ քարտիս վրա գումար կա: Գնում եմ տան կողքի խանութ, խնդրում եմ քարտովս փորձել ստանալ, կոդը մի քանի անգամ հավաքում եմ: Սխալ է: Մտքիցս անդառնալիորեն թռել է: Տան բոլոր անկյուններից տաս ու քսան դրամանոցները հավաքում ենք ուղիղ 380 դրամ: Գնում եմ խանութ. -380 դրամանոց ձեր ամենաթունդ սիգարետտը կտա՞ք:

[Գարեգին Միսկարյան] ՊՊԾ մեքենաները եկան, առանց տարբերանշանի համազգեստով, առանց պահանջ ներկայացնելու, առանց ներկայանալու բերման ենթարկեցին, տարան Էրեբունի քաղմաս։

[Աստղիկ Մելքոնյան] Մինչև 11-ը աշխատում եմ ու միացնում եմ Ազատության ուղիղ եթերը. Նիկոլը Նորքում է, Օսիպյանի հետ է վիճում չարտոնված երթերի պատճառով:

Որոշում եմ մի չարտոնված երթ էլ ես անեմ հարազատ Աջափնյակում: Զանգում եմ մոտակայքում ապրող ընկերներիս. մեկը քնած է, մեկը Կենտրոնում է, մեկը՝ Նորքում… Էլի նախորդ օրվա ընկերս է գալիս, քայլում ենք դեպի Կայզեր, մի 2 ցուցարար հազիվ ենք գտնում, բայց դե նրանք էլ Կենտրոն են գնում: Մնում ենք էլի 2-ով: Ընկերս էլ լիքը գործ ունի, պիտի անի, քանի արտասահմանցի հաճախորդները չեն բարկացել, ինքն էլ է գնում, մնում եմ մենակ ու շիվար: Հենց էդ պահին ծանոթներիցս մեկն է գրում՝ կարող ա՞ Կվարտալում ես, մեկը կա ձեր կողմերում, որ մարդ ա ման գալիս: Մե ուրախություն ու հրճվանք, որ պատմելու չի:

[Թագուհի Ղազարյան] Բաբկենին խնդրում եմ ուտելու բան ու սիգարետ բերել, ամբողջ օրը մեքենայով փորձում է շրջանցել որևէ փողոց ու հասնել մեզ: Անհույս է: Իմանում եմ, որ Արմենին են ձերբակալել: Շանթահար եմ լինում այն հավանական հեռանկարից, որ անցնում է մտքովս: Սցենարը կարող է այնպես զարգանալ, որ Արմենը 10-15 տարի անցկացնի բանտում: Մի կերպ եմ զսպում արցունքներս:
-Ես գնամ սուրճ դնեմ,-ասում եմ Քրիստիանին:

Սրճեփը գազօջախին դնելուց հետո կծկվում եմ խոհանոցի անկյունում ու սնքրթալով լալիս: Ես, մենք բոլորս Արմենին կյանք ենք պարտք: Արմենին իր կյանքի լավագույն տարիներն ենք պարտք մնալու: Ինձ անսահման անշնորհակալ ու երախտամոռ եմ զգում:

Արմենը, ստեղծելով #ՄերժիրՍերժին-ը ու թույլ տալով, որ ես լինեմ նախաձեռնության մի մասը, ինձ կյանքիս ամենապատմական օրերն ապրելու հնարավորությունն է տվել, ինչին ի պատասխան հիմա նա անազատության մեջ է, ես՝ ազատության: Բայց մյուս կողմից էլ հասկանում եմ, որ ռեժիմի վերջին զոհը չի: Նախորդ օրվա հայտարարության մեջ ավելի շատ անուններ կային՝ ընկերներս: Նրանք հերթով ձերբակալելու են բոլոր այն ընկերներիս, որ երազեցին այս հեղափոխությունը:

[Դանիել Իոաննիսյան] Ամսի 21-ը սկսվեց շարժման ոչ-պատգամավոր առաջնորդների ձերբակալությամբ: ՁՊՎ տեղափոխվեցին Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը և Լևոն Բարսեղյանը:

[Աստղիկ Մելքոնյան] Գալիս են 2 աղջիկ ու որոշում ենք «անվերջ ցիկլով» փողոցն անցնել: Սկզբում դժվար է. մարդիկ հավաքվում են թամաշայի, բայց չեն միանում։ Անընդհատ ետ ու առաջ քայլելով ինձ մի տեսակ պոդիումի վրա եմ զգում, չնայած այդ վիճակին արդեն սովոր եմ: Մեկ էլ մի կին մեքենան թեքում ու կանգնում է ուղիղ ճանապարհի մեջտեղում, իսկ մի քանի րոպեից էլ՝ մեկ այլ կին՝ մյուս կողմից: Մի դպրոցական աղջիկ է մեզ միանում, աջուձախ կոչեր է անում, որ միանան, Սերժից չվախենան և այլն, և այլն:

[Գոհարիկ Տիգրանյան] Մինչև 12-ը փողոցների վրա էինք, հետո սկսեցինք քայլել դեպի 6-րդ մասիվ։ Ահագին ծանոթ մարդ կար, փողոցը փակված էր, մարդիկ գալիս էին իրենց մեքենաները կանգնեցնում փողոցում ու միանում մեզ, անձրևը որևէ մեկին չէր խանգարում։

Մասիվի բաժնի պետը, որ մեզ սպառնացել էր կանգառից դուրս տեսնելու դեպքում ավելի խիստ պատժել, եկել էր իր ուղղիչ աշխատանքներն անելու։ Մի քանի տասնյակ երիտասարդ հավաքելուց հետո, երբ բաժնի էլ ոչ մի տեղում նստել չէր լինելու, գնացին։
Մենք սկսեցինք քայլել, ես տեսնում էի մարդիկ՝ ովքեր անցյալում երբեք չէին միացել որևէ բանի, ես նրանցից շատերին ճանաչում էի։ Շատանում էինք, երեխաներ կային մեր շարքերում, տարբեր տարիքի մարդիկ։

Հայկի արձանի մոտ տեսա ինձ, մեզ վատ վերաբերմունք ցույց տված ոստիկաններից մեկին, նայեցի վրան, դեմքը թեքեց, գնացի հետևից, անկեղծ ասած դեռ բարկացած էի, ունքս վերև հանելով ասացի.
- Եկել եք էլի մեզ բռնե՞ք։

Պատասխանեց.
- Մենք ձեզ միշտ սատարել ենք։
- Հիշու՞մ եք չէ ինձ։
- Այո։

Քմծիծաղ տվեցի ու շարունակեցի քայլերթս։ Մենակ էի, ընկերներս չկային, Մանոն միացավ միայն ՊՆ-ի մոտից։ Եվս մի խոստովանության պահ․ այդ օրերին ընկերներիս հետ լինելն ամենամեծ ուժն էր, առանց նրանց կիսատ էի ու անապահով, իրար մեջք էինք ծածկում, լուռ չէինք, ամեն մեկիս ասածի՝ անգամ հիմարության մեջ, ուժ կար (վստահ եմ, որ շատերն են հենց էսպես մտածում, ու էս օրերը ավելի հիշարժան են դարձել հենց մեր ընկերների հետ ու ընկերական կապն էլ ավելի ուժեղ է դարձել)։

[Գարեգին Միսկարյան] Սենյակում նստած էի քաղաքացիական հագուստով մեկը մտավ։
-Բարև Ձեզ։
-Բարև Ձեզ։
-Ես Էրեբունու դատախազն եմ(անունը ասեց` չեմ հիշում)։
-Ուրախ եմ, իմ անունը Գարեգին է։
-Ամեն ինչ կարգի՞ն է, հարգելի Գարեգին, բողոքներ հո չունեք։
-Այո, ունեմ, ինչպես չէ։
-Լսում եմ Ձեզ։
-Ինձ առևանգել են, պարոն դատախազ։
-Երբ, ով։
-Այսօր, ոստիկանական համազգեստով, առանց տարբերանշանի մի խումբ մարդիկ։

Դատախազը հասկացավ, որ խաղում եմ, քթի տակ ժպտաց, ու մտավ խաղի մեջ...
-Ավելի մանրամասն կպատմե՞ք առևանգման հանգամանքների մասին, հարգելի Գարեգին։
-Իհարկե։ Առավոտյան արթնացա՝ զգացի, որ մի բան էն չի։ Ոնց որ սիրտս գուշակեր։ Զգացի, որ կարող ա զանցանք գործեմ։ Որոշեցի՝ շառից հեռու, գնամ հանձնվեմ քաղմաս։ Իջա կենտրոնի քաղմաս, դիմեցի ոստիկաններին, ասում եմ` պարոն ոստիկան, խնդրում եմ, ինձ ձերբակալեք, թե չէ զգում եմ՝ կարող է զանցանք կատարեմ։ Էս ոստիկանը, թե` դուռը փակեք, գնացեք այստեղից։ Ես էլի եմ խնդրում, էս ոստիկանը էլի մերժում է։ Ի դեպ, էդ ամեն ինչը փաստերով տեսագրված է, կարող եք Ազատության կայքում նայել։ Դատախազը ժպիտը չէր կարողանում թաքցնել։ Իսկ ես չէի փոխում դեմքիս մտահոգ արտահայտությունը։
-Հետո՞, հարգելի Գարեգին։
-Հետո՞, ինչ հետո, պարոն դատախազ, չձերբակալեցին, ես էլ վեր կացա գնացի որպես բողոքի ակցիա Գնունու խաչմերուկում պիկետ արեցի, որ հանրության ուշադրությունը գրավեմ տիրող անարդարության վրա, մարդու իրավունքների ոտնահարման վրա։ Հասկանու՞մ եք, մարդը իրավունք չունի ընտրի, թե որ քաղմասում է ցանկանում բերման ենթարկվել։ Սա ո՞ր թիվն է։
-Իսկ առևանգման հետ կապված ինչ կասեք։
-Ինչ պիտի ասեմ, իմ համար խելոք քայլում էի հետիոտնային անցումով հետ-առաջ, մտածում էի աշխարհի, չարի ու բարու մասին, մեկ էլ ասես երկնքից հայտնվեց մի ՈւԱԶ, ոստիկանական համազգեստով, առանց տարբերանշանի կազմակերպված հանցագործների մի խումբ եկավ, առանձ ներկայանալու թևերս ոլորեցին, իմ կամքին հակառակ նստեցրեցին մեքենան և տարան անհայտ ուղղությամբ։
-Իսկ ինչպես հայտնվեցիք այստեղ, ոստիկանական բաժանմունքում։
-Դե դա ուշ պարզեցի, որ ոստիական բաժանմունք են բերել։ Որովհետև այդ ժամանակ վախից աչքերիս դեմը սևացել էր։
-Հասկանալի է, հարգելի Գարեգին, Դուք կարող եք բաժնից դուրս գալուց առաջ հերթապահ ոստիկանի մոտ գրել ձեր բողոքը։ Այն անպայման կքննվի։ Բայց ես իմ պարտքն եմ համարում զգուշացնել Ձեզ, որ եթե քննության ընթացքում պարզվի, որ դուք արտաքուստ կարող էիք կռահել, որ ձեզ «առևանգողները» ոստիկաններ էին, որոնք ի դեպ կարող է ներկայացել են, բայց դուք չեք լսել, այդպես էլ է լինում, ապա հնարավոր է կեղծ ցուցմունք տալու հատկանիշներով գործ հարուցվի, որտեղ դուք նախ կներգրավվեք որպես կասկածյալ, ապա որպես մեղադրյալ։ Բայց, իհարկե, իրավունքը ձերն է, Դուք եք որոշում,թե ինչպես վարվեք։ 

Էլի ժպտաց: Ես էլ ժպտացի։
-Շատ շնորհակալ եմ, պարոն դատախազ, ես դեռ կմտածեմ։ Շնորհակալություն,որ այցելեցիք, հուսանք, որ աշխատանքային պարտականությունների կատարման շրջանակներում մեր ամենավատ հանդիպումը սա կլինի։
-Ես միայն ուրախ կլինեմ դրա համար, Գարեգին ջան։ Միմյանց ձեռք սեղմեցինք, քայլեց դեպքի դուռը։ Դռան մոտ մի անգամ էլ շրջվեց դեմքով դեպի ինձ...
-Ցտեսություն, լավ եղեք...
-Հետադարձի կետն անցել ենք, էլ վատ լինելու տարբերակ չկա։ Ցտեսություն...

Էլի ժպտացինք իրար։ Հաղթանակը մոտ էր..․

[Սոնա Մնացականյան] Առավոտյան զարթնում եմ ու առաջին գործողությունս ֆեյսբուք մտնելն ա։ Երևանում վուվուզելահունչ կեսօր ա։ Վուվուզելների ձայնն ու գույները զավթել են քաղաքը։ Մտածում եմ ճարպկության ու արագության մասին, որ մանրավաճառների տեսքով ա նաև հեղափոխությունը մտցրել քաղաք։ Ստամբուլում զարմանում էի, որ հանկարծահաս անձրևի ժամանակ նույնքան հանկարծահաս, չգիտես որտեղից բուսնում էին անձրևանոց վաճառողները։ Հիմա Երևանը դուրս ա եկել իր ափերից, մեծացել, բազմամարդացել ա, մեգապոլիս ա դարձել, ու մանրավաճառներն իրենց բաժին տոնն են ստանում ու բաշխում։

Մեր չաթը Կարենի ձեռամբ ու մյուսների հավանությամբ կնքվել ա «Հեղկոմ», արձանագրել ա Քրիստի խորացող հարազատության խոստովանությունը առ ընկերներ, որ հետևանքն ա հեղափոխության, և ուրեմն՝ հեղափոխությունը սեր ա, լուր ա ստացել Աննայից, որ էսօր Արամն ու Քրիստիանն էլ են միանում մեր խմբին։ Ես ինձ մի կերպ կտրում եմ ֆեյսբուքից, լուրերից, չաթից, պետք ա էսօրվա ելույթին պատրաստվեմ։

[Թագուհի Ղազարյան] Այլընտրանք չկա: Պետք է հաղթել: Թեթևանալու համար գրառում եմ անում էջումս: Սոնան զանգում, խնդրում է, որ ստատուսս ջնջեմ կամ խմբագրեմ, որովհետև քրեական գործում դա կարող է օգտագործվել Արմենի դեմ (նշել էի, որ արմենը հիմնել է #ՄերժիրՍերժին նախաձեռնությունը): Ինձ վիրավորված եմ զգում, որ էմոցիաներս այնչափ չեն գնահատվում, որ էդ ամենը հավասարվում է ինչ-որ քրեական գործի հետ: Ինձ մեղավոր եմ զգում, որ էմոցիոնալության պատճառով չեմ կարողացել էնպես հաշվարկել, որ չվնասեմ: Գրառումս փակում եմ ու ասում, որ ջնջեցի: Սոնան խմբագրված տեքստն է ուղարկում ու ասում, որ կարող եմ սա դնել: Չեմ ուզում՝ ասում եմ:

[Աստղիկ Մելքոնյան] Հավաքվում են քիչ-քիչ թաղի «տերերը», սկսում են սպառնալ, մեզ հեռացնել, մեկն էլ թե՝ 3 անգամ կին ծեծելու համար դատվել եմ, քուրիկ ջան: Բայց դե դրանց զինաթափելու ձևերն էլ արդեն գիտեմ՝ կամերան: Մեկ էլ նկատում եմ, որ դպրոցական աղջկան ինչ-որ կին տարավ Կայզերի մեջ, հետևից գնում եմ ու լսում, որ հորդորում է հեռանալ, ասում է՝ ստեղ շատ վտանգավոր ա, Արման Սահակյանի մարդիկ են աջուձախ, իսկ դե սուպերմարկետը, գիտենք, թե ումն է: Ավելի լավ է գնալ այլ, ավելի անվտանգ տեղ: Աղջիկը լալիս է ու դուրս գալիս: Քիչ հետո նկատում եմ, որ գնացել է:
Ոստիկաններ են հավաքվում, թաղի լավ տղերքը ետ են քաշվում: Ոստիկանները փորձում են խոչընդոտել, բայց մարդիկ արդեն միանում են ու պարբերական հաջողություններով ճանապարհը հիմնականում փակ է մնում:

[Գոհարիկ Տիգրանյան] Գնում էինք Ավան, նախորդ օրերին այստեղի ակտիվի հետ միջադեպ էր եղել, գնում էինք ասեինք, որ մեր ուժը խաղաղությունն է ու ձեր լկտիությունը մեր ծովերը չի ալեկոծի։ Հենց էդպես էլ եղավ, անցնում էինք Ավանի համար հայտնի դեմքերի տների մոտով ու նրանց այսպես կոչված «համակիրները» ոչինչ չէին կարողանում անել, մենք շատ էինք, ամուր կանգնած մեր ոտքերի վրա, ու խաղաղ։

Ավանից դուրս գալիս՝ բուսաբանականի մոտ ոստիկանների ու մեքենաների մի մեծ շարասյուն էր, սիրտս սկսեց արագ աշխատել, վախեցա, որ մարդիկ կբարկանան, նրանց հենց դա էր պետք, բայց փոխարենը մարդկանց ձեռքերը վեր ոստիկանների կողքով անցնելու պահին խաղաղության ձեռքից սթափեցնող ու դաստիարակչական ապտակ ես ստացա։ Հաճելի բռնություն էր, հպարտություն՝ կողքիս գտնվող յուրաքանչյուր մարդու համար։

[Աշոտ Խաչատրյան] Հետո հեռախոսազրույց ունեցա ապաքաղաքական ու քյարթու ընկերներիս հետ, որոնք, պարզվում է, իրենց մեքենաներով տեղից տեղ են շարժվում և փողոց են փակում: Խոսակցություններից մեկում ընկերս ասեց՝ «Արա, Աշ, էսքան տարի ասում էիր, չէինք հավատում, էսի ի՜նչ կայֆ ա»: Այո, էս շարժման հաջողության գրավականներից մեկը հենց նա էր, որ քյարթու ջահելները կարող էին իրենց մգեցված ապակիներով մեքենաներից դուրս չգալով, ամբողջ օրը սիգնալ տալով ու համարանիշները փակելով երթևեկել քաղաքով, դրանով հանրօգուտ գործ անել ու շնորհակալական խոսքեր ստանալ:

[Գոհարիկ Տիգրանյան] Վահանի անունը ամեն օր ու պահի մնացածների հետ հնչում էր հեռուստացույցով, իսկ Արմենին բռնել էին արդեն։ Անկարգության մեջ մեղադրվողները քիչ էին երևում հասարակության մեջ։

[Վահան Կոստանյան] Իջա կենտրոն միանալու երթերին, փորձում էի քայլել մարդաշատ հատվածներով, որ ինձ հետևողները չկարողանային պահը բռնել։ Էսօր ու ընդհանրապես բոլոր օրերի ընթացքում ես զգացել եմ բազմաթիվ ընկերներիս աջակցությունն ու հոգածությունը, ինչը էլ ավելի մեծ ուժ էր տալիս գլուխը չկախելու, չտատանվելու, վախենալու, բայց չնահանջելու։ Մոնթեն, Գեղամը, Հայարփին, Նատալին, տարկետման մյուս տղերքը, Լիլին, Սուրոն(ով դեռ դպրոցից կողքս ա միշտ) ու էլի շատ շատերն ինձ համար չափազանց կարևոր էպիզոդներում եղան կողքս։

2004-ի ՀԳԶ-ի տղերքը առանձին հոգածությամբ էին վերաբերվում ինձ ու Դավոյին էս օրերի ընթացքում, Խառատն արդեն միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ահազանգել էր մեր երկուսի հնարավոր կալանավորման վերաբերյալ։

[Գոհարիկ Տիգրանյան] Սովածությունը սկսեց խեղդել, արդեն հայտնի դարձած «մարսերիս» պաշարը վերջացել էր, Մանոյի կոնֆետները ևս։ Քայլերթը գնում էր Զեյթուն, մենք որոշեցինք իջնել քաղաք ու սնվել։ Ճանապարհին մի մեքենա կանգնեց, վարորդը Արցախից էր գալիս, առաջարկեց իջեցնել, համաձայնվեցինք։ Սկսեց կարծիք հայտնել, թե ոչ մի բան էլ չի ստացվելու, կնոջ տեղն էլ խոհանոցն է, Մանոն համարյա գոռում էր, երբ հասանք Օպերա ու խնդրեցի կանգնել (Այդ օրերին ինֆորմացիայի բլոկադա կար, ու իմ Արցախցի ընկերներից շատերի հետ կռվել եմ, քանի որ մեղադրական գրառումներ էին անում, հետո, իհարկե, գրառումները ջնջվեցին, իսկ մարդկային շփումը վերականգնվեց)։

Այս օրերին ես անընդհատ կապի մեջ էի Մարիի ու Լուսինեի հետ, նրանք սկզբում իմ թիկունքն էին Կիևում, իսկ հետո հոգեբանական աջակցության կենտրոն ու ձայնային հաղորդագրությունների տարափով ինձ աջակցող մարդիկ։ Կուրսեցիներս հեղափոխության ընթացքում Կիևում գտնվող Հայաստանի դեսպանատան մոտ ակցիա էին արել, ու արժանացել հայ համայնքի կողմից ամոթանքի, ու մեղադրանքների թիրախ դարձել (խանգարել էին նրանց հանգիստ ու միալար կյանքը)։

Հասանք Օպերա, պատահաբար տեսանք Սոսին, գնում էինք Մեղեդի սուրճ խմելու (այո, այո, հենց Մեղեդի)։ Խոսեցինք ընդհանուր վիճակից, հանգստացանք ու նորից փողոց։

[Սոնա Մնացականյան] Համալսարանում՝ գիտաժողովի սենյակում, ես ու Ծովինարն էլի իրար կողք ենք նստում, երևի ոչ միայն էն պատճառով, որ վաղուց ենք իրար ճանաչում, այլ նաև որ ամենաբացական ենք Էնն-Արբորից։ Ամեն երրորդ զեկույցից ու քննարկումից հետո ընդմիջում կա։ Լուրերն ենք ստուգում։ Ժամը 4-ի կողմերն ա, լարվածություն կա Երևանում․ Գեմոն ինչ-որ հոգեբանական գրոհից ա խոսում, որ փորձարկում են մարդկանց վրա, Սաքոն գնացել ա թռուցիկներ բազմացնելու ու հորդորում ա, որ մյուսներն էլ իր էս տեքստը տարածեն․

«Ժող, բոլոր-բոլորին կոչ արեք, խնդրեք, համոզեք, պատիվ տվեք, տրանսպորտի փողը տվեք, տաքսով տարեք-տուն բերեք, որ էսօր ժամը 7-ի Հանրապետության Հրապարակի հանրահավաքին ավելի շատ մարդ դուրս գա, ձեր բարեկամ-հարազատ-ծանոթ-ընկերներին, իրանք էսօր հատուկ ավելի դաժանություն արին, մտածելով, որ կվախեցնեն ու կկոտրեն, չպիտի թույլ տալ, որ դա անցնի, չպիտի թույլ տալ, որ իրանք մտածեն, թե դաժանությունը արդյունք ա տալու, չպիտի թույլ տալ, որ մեր հարազատները-ընկերները, քաղաքացիները անպաշտպան մնան, մենակ մնան, իրանք մենակ չպիտի մնան դաժանության հանդեպ: Բոլորը և հատկապես սերժիկը պիտի համոզվեն, որ բռնությունը հակառակ էֆեկտն ա ունենում: Էսօր պիտի #քայլանենք ուղիղ #սերժիսրտին»։ (Էս թռուցիկից մի օրինակ ես էլ վերցրի ուշացումով ու տաք-տաք պահում եմ )) )

«Դաժանություն» բառը ինձ ահավոր վախեցնում ա, ինչ ասես, որ չի անցնում մտքովս, ի՞նչ են արել, կրակե՞լ են մարդկանց վրա, ասում են՝ չէ՛, ավտոներն են ջարդելով հանել փողոցներից ու ավելի կոպիտ են եղել։ Ասում եմ՝ դա վախեցրե՞լ ա։ Աննան պատասխանում ա՝ չէէէ, դուխով ենք։ Հուսադրող ա, բայց միևնույնն ա, փշերի վրա ա անցնում գիտաժողովի հաջորդ սեսիան։

[Աշոտ Խաչատրյան] Շաբաթ օրն առաջին անգամ հասկացա, որ Հայաստանում ոստիկանների թիվը կարող էր չբավականացնել։ Օրվա մեծ մասը գործեցի Մաշտոցի պողոտայում։ Մի քանի խումբ ամբողջ օրը Մաշտոցի ամբողջ երկայնքով ոստիկանների 3 ավտոբուս «վազացրեց» այս կողմ-այն կողմ։ Մենք փակում էին խաչմերուկները իրենց մեկ այլ փողոցից կանչում էին մեզ ցրելու, մենք փախնում էինք ու այլ խաչմերուկ փակում։ Տղերքն ուժասպառ էին: Ակնհայտ էր, որ վազացնեինք, ավելի ագրեսիվ են դառնալու, բայց շուտով հանձնվեն:

Ինձ ֆիթնես ինստրուկտոր էի զգում: Մաշտոցի վրա մի պահ միայնակ էի մնացել, սկսեցի աղբամանները բերել երթևեկելի հատված, մեկ էլ մի 10 մետր հեռվից քաղաքացիական շորերով 2 բարձրահասակ տղա վազեցին իմ կողմ, աղբամանը թողեցի, սկսեցի փախչել, մեկ էլ շրջվեմ, տեսնեմ, իրենք են վերցրել տեղափոխում: Շարժումը համազգային էր դարձել ու ժամանակն էր, որ «ակտիվիստի» արտաքինի ստերեոտիպային պատկերացումներս վերանայեի:

[Դանիել Իոաննիսյան] Լևոնին, երևի, քանի որ ՀԿ-ի ղեկավար էր, երեկոյան ազատ արձակեցին:

Ոստիկանությունն արդեն չէր կարողանում բացել փողոցները: Օրական 300-ից ավել մարդ էին տանում: Սկսեցին գալ բաժիններում ակտիվիստների խոշտանգման ահազանգեր: Իրավապաշտպան թեժ գծի ու փաստաբանների աշխատանքը գժանոց էր դառել: Երեկոյան 10-ի կողմերը ցուցարարները գնում էին տուն, իսկ փաստաբաններն ու մենք ազատվում էինք գիշերվա ժամը 1-ից ոչ շուտ:

[Սոնա Մնացականյան] Հետո Վահրամին Զվարթնոցից բերելն են կազմակերպում (Համոն ա գնալու հետևից ու էնքան արագ ա քշելու վերադառնալիս, որ մի կարգին նկարահանվելու ու տուգանվելու ա), տարբեր փողոցներից իրար լուրեր են հայտնում, հետո հրապարակում են հավաքվում, հետո տուն են գնում հետո Ալինան ասում ա՝ մի պահ Ազատության լայվը նայեք, իսկական տոն ա, Էլիզը շարունակում ա հակահեղափոխական սառնասրտություն բանեցնել՝ չդադարելով սակայն ամենաարագ ու ամենատես լրատվությունն ապահովել չաթում։

[Աստղիկ Մելքոնյան] Երեկոյան հանդիպում եմ ընկերների, միասին քայլում ենք դեպի հրապարակ ու իմանում, որ նախագահն է եկել ու Նիկոլի հետ են խոսում:

[Վահան Կոստանյան] Գետնին նստած էի, շրջապատված ընկերներով, երբ սկսվեց անհասկանալի աժեոտաժը, հյուրեր ունեինք։ Նախագահը բանակցություններ էր առաջարկում ՍՍ-ի հետ, Նիկոլի դիրքորոշումը հստակ էր հանդիպման օրակարգի մասին։

[Գոհարիկ Տիգրանյան] Հանրահավաքը սկսվեց Հանրապետության հրապարակում, մարդաշատ էր, բավականին մարդաշատ։ Վահանը չէր դիմացել ու եկել էր։ Ընկերներով շրջան էինք արել՝ Նարեկը, Անին, Էլենը ու մի քանիսը, նա մեջտեղում նստած էր։ Հանրահավաքի վերջն էր, հաջորդ օրվա պլանը լսելու փոխարեն, Վահանը զանգեց իր ընկերոջն ու եղբորը, ովքեր նրա ընդհատակ անցնելու պլանն էին գծել։

[Միքայել Նահապետյան] Նիկոլն ու Արարատը հարթակից հայտարարում են օրակարգը` բիզնեսի և քաղաքականության տարանջատում, նոր ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին օրենք ու արտահերթ ընտրություններ։

Հետո Նիկոլն ասում է, որ Սերժը առաջարկում է բանակցել։ Ժողովրդից մանդատ է խնդրում բանակցելու համար։ Մինչև բոլորը գոռում են, որ լիազորում են` ես գոռում եմ «ու՛ղի՛ղ ե՛թե՛ր, ու՛ղի՛ղ ե՛թե՛ր», ու ալիք է բարձրանում, որին Նիկոլը չի արձագանքում։ Լսում է ու չի արձագանքում։ Հանրահավաքը ցրվում է։

[Վահան Կոստանյան] Շուրջս օղակը քիչ-քիչ սեղմվում էր, քաղաքացիական ոստիկանների հայացքները ավելի ու ավելի էին կենտրոնանում ինձ վրա։ Եղբայրս՝ Գրիշը, ում ներկայությունը հրապարակում հաճելի անակնկալ էր ինձ համար, պիտի տաներ էդ երեկո իրենց տուն։ Մեր տանը մնալն այլևս ապահով չէր, ու չէի ուզում հնարավոր ոստիկանական գործողությունը մորս ներկայությամբ տեղի ունենար։

[Գոհարիկ Տիգրանյան] Պետք էր արագ լքեր հրապարակը, լարված էր ու չէր կարողանում կողմնորոշվել, լարված վիճակներում ինձ համար սովորական դարձած սառնասրտությամբ ասացի. «Ուսս բռնի, գնացինք, նայի հետև, որ պոչ չլինի»։
Արագ ու ճանապարհն անընդհատ փոփոխելով հասանք Ամիրյան, այնտեղ նրան սպասում էր ընկերը՝ ով ուղեկցեց մեքենայի մոտ, Վահանի ընդհատակ անցնելու գործողությունը հաջողությամբ կատարված էր։

[Վահան Կոստանյան] Կապիշոնը քաշեցի գլխիս ու Գոհարիկը՝ եղբորս հետ, վտանգավոր իրավիճակներում իրեն հատուկ սառնասրտությամբ ինձ հասցրեց Զաքյան-Խորենացի խաչմերուկ, որտեղից էլ մեքենան շարժվեց դեպի Ավան։

Ճակատագրի հեգնանքով 1 քմ-ում նախկին իշխանությունների երդվյալ մարտիկների թվով իրեն հավասարը չունեցող վայրում պիտի հանգրվանեի մոտակա օրը։ Ավանից հրաժեշտ տվեցի Գոհարիկին՝ խնդրելով տաքգլխություն չանել վաղը։
[Միքայել Նահապետյան] Լուր ենք ստանում, որ վեցերորդ վարչությունը Դավիթ Սանասարյանին է ձերբակալել։

[Գոհարիկ Տիգրանյան] Մեքենայի մեջ պարզ դարձավ, որ ՍՍ-ն ուզում է բանակցել, ապշած էինք, կարծես թե մեր կարմիր հորիզոնում արևամուտ էր լինելու, բայց ով կմտածեր, որ դա մի նոր շրջափուլի ու մարդկային խոհեմության սկիզբն էր...

[Վահան Կոստանյան] Նիկոլը լայվով հայատարարեց հանդիպման մասին, մոնիտորինգի չաթում ներկաներով մտքեր փոխանակեցինք էդ մասին, ինչով ավարտվեց օրը։

[Միքայել Նահապետյան] Նիկոլն ուղիղ եթեր է մտնում ու ասում, որ Սերժը առավոտյան 10:00-ին Մարիոթում գալիս է բանակցելու իշխանության անցնցում փոխանցման շուրջ։ Երջանկությունից լացս գալիս է։ Մի քանի հատ ծխում եմ, սատանան մտնում է մեջս ու Սուրոյի հետ սկսում ենք վերլուծել։ «Եթե Գրիգորյան Արմենին ու Դավոյին բաց չեն թողել` ուրեմն Սերժը հրաժարական տալու համար չի, որ գալիս ա, այլ գալիս ա մի առաջարկ անելու, որին ըստ իր հաշվարկի կուսակցականը կհամաձայնի, քաղաքացիական ակտիվը` ոչ»:

Փաստորեն վաղը նորից պիտի բռնվելու շորերս հագնեմ։ Իսկ տնեցիք խաշ են դրել ու պլանավորում են առավոտյան խաշկերույթ անել։

[Աստղիկ Մելքոնյան] Ավելի ուշ իմանում ենք, որ հաջորդ օրը հանդիպելու են Սերժի հետ. Սիրտս սպասումից թպրտում է: Պառկում եմ քնելու, բայց շուտով եղբայրս է արթնացնում օրվա դեպքերի քննարկման համար: Խնդրում է մեր կողմերում էլ չլինել, որովհետև բոլորը իրեն ճանաչում են, այդ ոստիկանների հետ ինքն աշխատել է ու եթե ինչ-որ մեկն ինձ ճանաչի, դա կարող է իրեն իր աշխատանքն արժենալ:

Վերջում, դուռը փակելուց առաջ, ավելի պակաս վստահությամբ, բայց էլի ասում է, որ չենք ձգի, իսկ ես, արդեն վստահությամբ պատասխանում ենք՝ կձգենք, լավ էլ կձգենք: Բարի գիշեր:

[Դանիել Իոաննիսյան] Կեսգիշերին մոտ Հերիքնազ Տիգրանյանի հետ գնացինք ՁՊՎ: Հերթապահ մասի ոստիկաններից մեկը կանչեց մի կողմ ու սկսեց պատմել, որ իրենք բոլորով մեր կողմից են: Հարցուփորձ էր անում ու ներողություն խնդրում, որ չի կարող մեզ միանալ:

Արդեն ակնհայտ էր, որ պատգամավորներին, Նիկոլի գլխավորությամբ, կձերբակալեն հաջորդ օրը Սերժի հետ բանակցություններից հետո:

Սերժն ուզում է արագի մեջ ցույց տա, որ սպառել է բոլոր մեթոդները, որ միջազգային հանրության աչքերում լեգիտիմացնի արտակարգ դրությունը: Ու մենք զգում էինք, որ հենց հիմա քաղաքացիական հասարակությունը պետք է ապացուցի հակառակը:

[Թագուհի Ղազարյան] Հետո իմանում եմ, որ Դավիթին էլ են բերման ենթարկել: Արդեն գիտեմ, որ Փաշինյան-Սերժ հանդիպումը վաղն առավոտյան է կայանալու: Համառում եմ, որ փոխանցեն Փաշինյանին նախապայման դնել՝ բերման ենթարկված անձանց ազատ արձակելու: Փորձում են բացատրել, որ իմ կամակորությունն այս պահին անիմաստ է: Իզուր:

Կապվում եմ Սոսի հետ ու ասում, որ պետք է իրեն տեսնեմ, պետք է իրենք մի բան անեն, որ Սերժի հետ հանդիպումից առաջ Արմենն ու Դավիթը ազատության մեջ լինեն: Սոսը խոստանում է գալ ու դառնում է անհասանելի: Խուճապի մեջ սկսում եմ գրել բոլոր ընկերներիս, որ գուցե Սոսին էլ ե՞ն բերման ենթարկել: Բաբկենը կարողանում է քաղաքաը Կիևյանի կողմից «ճեղքել» ու հասնել գիշերվա ժամը 3-ի կողմերը, բուտերբրոդ, սուրճ ու ծխախոտ է բերել:

[Սոնա Մնացականյան] Ու օրը չաթում, որ նույնն է թե Հայաստանում ավարտվում ա Էլիզի էն լուրով, որ վաղը Նիկոլը հանդիպելու ա Սերժի հետ։

Իսկ իմ օրը դեռ շարունակվում ա, գիտաժողովի ավարտից հետո հրավերք կա Քեթրին Բաբայանի տանը։ Ամեն ինչ շատ լավ ա անցնում՝ գինի, համեղ ուտելիքներ, հաճելի զրույցներ, բայց զգում եմ, որ անտանելի հոգնած եմ․ շատ դժվար ա ապրել երկու տարածության ու երկու ժամանակի մեջ։

x